Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձ վճարելու պատրաստակամության մասին, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի որդին, ում հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր։
Այնուհետև, համայնքի ղեկավարը, որդու հետ հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց, իր մտադրությունն իրագործելու նպատակով, նույն հողամասն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց 2018-2020թթ. ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ է հանձնել Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատորներից մեկին:
Արդյունքում՝ հիշյալ հողամասի օգտագործման դիմաց կազմակերպությունից ստացել է վարձավճարի տեսքով ընդհանուր 920.000 ՀՀ դրամ շահույթ՝ էական վնաս պատճառելով համայնքի իրավունքներին և օրինական շահերին, համայնքին զրկելով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Համայնքի ղեկավարը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Միաժամանակ, համայնքի ղեկավարի որդին հիշյալ հողամասը համայնքին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: