Լրահոս
03.11.23, 16:05

Վերանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի արխիվի տեղակայման համար հատկացված նոր տարածքը (լուսանկարներ)

Վերանորոգվել և շահագործման է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեի արխիվի տեղակայման համար հատկացված  նոր տարածքը (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեում այսօր շահագործման է հանձնվել հիմնովին վերանորոգված՝ արխիվային պահոցի նոր տարածքը, որի բացումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։ Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։

Արխիվային պահոցի տարածքը տրամադրվել է  ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ և վերանորոգվել է ՀՀ պետական բյուջեից Կոմիտեին հատկացված ֆինանսական միջոցներով։

Արխիվի պահոցի նոր տարածքում,  շուրջ 7 մլն դրամի չափով ֆինանսավորման շրջանակներում, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, այն ապահովվել է արխիվային նյութերի, փաստաթղթերի, վարույթը կարճված՝ թղթային կրիչով քրեական վարույթների լիարժեք պահպանումն իրականացնելու համար անհրաժեշտ, սահմանված չափորոշիչներին համապատասխանող նյութական, տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ տեսահսկման, հակահրդեհային համակարգերով և այլն։ Ստեղծվել են նաև աշխատանքային պատշաճ պայմաններ, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեում ներդրված՝ արխիվավորված քրեական վարույթներով անհատական տվյալների տեղեկատվական բազայի վարման տեղեկատու-որոնողական էլեկտրոնային համակարգի կիրառման համար։

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը և ներկաները ծանոթացել են պահոցի վերանորոգված և կահավորված տարածքին, աշխատանքային պայմաններին։ Իր շնորհավորական խոսքում Կարեն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` Քննչական կոմիտեի համար նման հրատապ և կարևոր խնդրի լուծման հարցում համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ նոր պայմանների ստեղծումն էականորեն կխթանի արխիվային գործի կազմակերպման, մասնավորապես վարույթը կարճված քրեական գործերի հաշվառման, պահպանման և դրանց հետ կապված այլ գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։