Լրահոս
10.06.22, 13:23

Վերապատրաստման դասընթաց-սեմինարներ քննիչների համար (լուսանկարներ)

Վերապատրաստման դասընթաց-սեմինարներ քննիչների համար (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականի շրջանակներում կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:

Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից կազմակերպված հիշյալ սեմինար-դասընթացներին մասնակցում են կառույցի տարբեր ստորաբաժանումների քննիչները:

2022թ. հունիսի 9-ին տեղի ունեցած թվով 7-րդ սեմինար-դասընթացը կազմակերպվել է «Ֆինանսական համակարգչային հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձնահատկությունները» թեմայի շրջանակներում:

Բացման խոսքով ներկաներին է դիմել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը և  նշել, որ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրվել է կիբեռհանցագործությունների եռակի աճ, որպիսի շարժընթաց որևէ այլ հանցագործությունների պարագայում չի արձանագրվել։ 2021 թվականի վիճակագրությամբ ֆինանսական կիբեռհանցագործությունները կազմել են արձանագրված ընդհանուր կիբեռհանցագործությունների 67%-ը։ Կիբեռհանցագործությունների սրընթաց աճին զուգահեռ, վարչության քննիչների մասնագիտացմամբ պայմանավորված, 2021 թվականին ֆինանսական կիբեռհանցագործությունների շուրջ 80 %-ը բացահայտվել է, ինչը նույնպես գոհացնող ցուցանիշ է։ Ռ.Ադիլխանյանը, կարևորելով արդեն շուրջ մեկ տարի շարունակվող դասընթացների նշանակությունն ու արդիականությունը, նշել է նաև, որ 2022 թվականի անցած ամիսների միջանկյալ վիճակագրությունն ու փորձագիտական կարծիքները վկայում են, որ տվյալ ոլորտում կատարվող հանցագործությունների կայուն աճի միտումը շարունակվելու է, ինչի պարագայում, հանցավորության դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ներգրավել նոր ռեսուրսներ, այդ թվում նաև՝ մասնագիտացված քննիչներ։

Սեմինարի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել վերջին շրջանում լայն տարածում ստացած՝ բանկային ու էլեկտրոնային վճարային համակարգերի ոլորտում կատարվող ֆինանսական հանցագործությունների քննության մեթոդիկային, վկաների և տուժողների հարցաքննությամբ պարզման ենթակա հարցերին։ Ներկայացվել են տվյալ բնույթի գործերով հարցաքննությունների մարտավարական առանձնահատկությունները,  էլեկտրոնային ապացույցների ստացման համար կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են թեմային վերաբերելի, քննիչներին հետաքրքրող այլ հարցեր:

Սեմինար-դասընթացի շրջանակներում քննարկված թեմայի ուղղությամբ իր նկատառումներն ու վերլուծություններն է ներկայացրել նաև ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Շառոյանը և առաջարկել դասընթացի նյութերի՝ կիրառական նշանակություն ունեցող մասի էլեկտրոնային ձևաչափը, ուղեցույցի տեսքով, ներդնել նաև  քննիչների առօրյա աշխատանքում: