Վերապատրաստում փողերի լվացման գործերով քննության արդյունավետության բարձրացման նպատակով՝ ԱՄՆ փորձի հիման վրա (տեսանյութ, պատկերասրահ)
ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ծավալված համագործակցության արդյունքում Երևանում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը անցկացվում է փողերի լվացման գործերի քննության թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են փողերի լվացման հանցատեսակի դեմ պայքարում ներգրավված հիմնական բոլոր պետական մարմինների՝ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության և այլ կառույցների մասնագետներ։
ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես, վերապատրաստմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի, ինչպես նաև մյուս կառուցվածքային ստորաբաժանումների՝ տնտեսական, կոռուպցիոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների քննությամբ զբաղվող 12 քննիչ։
Դասընթացը կայացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդի գրասենյակի աջակցությամբ։
Վերապատրաստումն ուղղված է փողերի լվացման դեմ քրեաիրավական պայքարի ամերիկյան փորձի հիման վրա այդ հանցագործության բացահայտման առանձնահատկություններին ծանոթանալուն, գործիքակազմի, մեթոդաբանության կիրառման պրակտիկ հմտությունների կատարելագործմանը, ֆինանսական հետախուզության, փողերի լվացման դեմ պայքարի և գույքի բռնագանձման ոլորտներում ԱՄն և Հայաստանի իրավակիրառ պրակտիկայի համեմատական վերլուծությանը, իրավական փոխօգնության կառուցակարգերն օգտագործելու կարողությունների զարգացմանը։
Վերապատրաստման դասընթացի բացման խոսքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ նման միջոցառումների անցկացումը բխում է ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև այս տարի ստորագրված համագործակցության հուշագրից։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատանը՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ՀՀ քննչական կոմիտեի կարիքներին արձագանքելու և ամերիկյան փորձի ուսումնասիրման հնարավորություն ընձեռելու համար։ Պարոն Այվազյանը նշել է, որ հատկապես այս փուլում, երբ Հայաստանում ավելացել են փողերի լվացման հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները, դրանց վերաբերյալ քրեական վարույթներով քննության որակի բարձրացումը առանցքային նշանակություն է ձեռք բերել։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը բացման իր խոսքում նախ շեշտել է կոռուպցիոն և ֆինանսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հարցում հայկական կողմից դրսևորվող սկզբունքայնությունը և այս ոլորտում հմտությունների կատարելագործման շահագրգռությունը։ Տիկին Հաֆտվանը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը հանցավոր ծագում ունեցող ակտիվները ֆինանսական շրջանառությունից հանելուն և հանցավորության դեմ պայքարը խթանելուն միտված ՀՀ նախաձեռնություններին և ծրագրերին։
Վերապատրաստումն իրականացնում են ֆինանսական հանցագործությունների հետաքննության, փողերի լվացման, հանրային կոռուպցիայի, գույքի բռնագրավման ոլորտներում մասնագիտացած ԱՄՆ արդարադատության նախարարության հետաքննությունների դաշնային բյուրոյի պրակտիկ փորձագետները։