Լրահոս
20.12.14, 05:40

Վիճաբանել է՝ ավտոմեքենան թերի վերանորոգելու համար` պատճառվլով ծանր մարմնական վնաս. Գործն ուղարկվել է դատարան

Վիճաբանել է՝ ավտոմեքենան թերի վերանորոգելու համար` պատճառվլով ծանր մարմնական վնաս. Գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացի Ա.Էվոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 

Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` 2014 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 11-ի սահմաններում, Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհահատվածի 2-րդ կմ-ում, քաղաքացի Առաքելյանը վիճաբանել է Ա.Էվոյանի  հետ՝ իրեն պատկանող «Զիլ 131»  մակնիշի ավտոմեքենան թերի վերանորոգելու պատճառաբանությամբ, որի ժամանակ ձախ ոտքով դիտավորությամբ հարվածել է Ա.Էվոյանի աջ կողային հատվածին։
 

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հարվածի հետեւանքով Էվոյանն ստացել է  կրծքավանդակի աջ կեսի փակ բութ տրավմայով արտահայտված աջից 9-րդ կողի կոտրվածք՝ թոքահյուսվածքի վնասումով պնևմոթորաքս. այդպիսով նրան պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
 

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է գրավ՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց:   
 

2014 թվականի դեկտեմբերի 18-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել  է և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: