Ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու աձի, երեք անձ ճանաչվել է տուժող
![Ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու աձի, երեք անձ ճանաչվել է տուժող Ոստիկանության վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու աձի, երեք անձ ճանաչվել է տուժող](https://investigative.am/storage/files/2018/08/1535115727,8455.jpeg?token=876b414f5e39134169e8cc7a4c7955e4a2ca4c19)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
Նախնական տվյալներով՝ լույս օգոստոսի 14-ի գիշերը մի խումբ անձինք հավաքվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի մոտ՝ «Կոմայգի» կոչվող վայրում մի քաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության մասին բարձրաձայնելու համար: Նշված անձինք աղմկել են, հայհոյանքներ հնչեցրել, ինչի կապակցությամբ հարակից շենքի բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո նրանցից երկուսը վիճաբանել են քաղաքացու հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ մահակի կիրառմամբ:
Միջադեպին միջամտել են ոստիկանության աշխատակիցները, որոնց նկատմամբ ևս բռնություն է գործադրվել։ Քաշքշուկը շարունակվել է նաև ոստիկանության բաժնի վարչական շենքում, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցվել ոստիկանության երկու աշխատակցի մարմնի տարբեր մասերին, պատռել նրանցից մեկի համազգեստի շապիկը և ուսադիրը:
Քրեական գործով երեք անձ՝ բնակիչը և ոստիկանության երկու ծառայող, ճանաչվել են տուժող:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկին օգոստոսի 16-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ մյուսին օգոստոսի 21-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: