Ուսումնամեթոդական դասընթաց-վարժանք՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու համար (լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի՝ Քրեական գործերի քննության աջակցության վարչության համակարգմամբ, քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումներում սկսվել է ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքների շարք` «Դեպքի վայրի զննություն» թեմայով:
Առաջին ուսումնամեթոդական դասընթացն անցկացվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներ մասնակցությամբ:
Ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքի շրջանակներում համակարգող խմբի կողմից նախապես մոդելավորված սպանության դեպքի վայրի զննությունը իրականացնում էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնի պետի կողմից ձևավորված քննչական խումբը` բաղկացած 3 քննիչից:
Վարժանքի ընթացքում ընտրված հատուկ դեպքի վայրի զննության ընթացքում օգտագործվեցին քննչական բաժնում առկա տեխնիկական միջոցները (քննչական պայուսակ, լուսանկարչական տեխնիկա):
Դեպքի վայրի զննությունն իրականացվում էր տարբեր տակտիկական մեթոդների և հնարքների կիրառմամբ, ուղղորդումը և թերությունների շտկումները կատարվում էին տեղում` կոորդինացնող խմբի կողմից:
Դասընթացին ներգավված էին նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի անձնակազմը, որոնք անհրաժեշտության դեպքում մասնակցում էին դեպքի վայրում առաջացած խնդիրների քննարկմանը:
Ուսումնամեթոդական պարապմունքի ընթացքում ևս մեկ անգամ արձանագրվեցին մասնակից քննիչների մասնագիտական բարձր ունակությունները: Ի հայտ եկած բացթողումները քննարկվեցին դասընթացի ավարտին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնի պետի մոտ անցկացված օպերատիվ խորհրդակցության ընթացքում, ստորաբաժանման անձնակազմի մասնակցությամբ: Քննարկման արդյունքում նախանշվեցին ի հայտ եկած խնդիրների լուծման ուղիները:
Ուսումնամեթոդական պրակտիկ դասընթաց-վարժանքի մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպված միջոցառման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ և կհանդիսանա լրացուցիչ օգնություն՝ քննչական փորձառություն ձեռք բերելու գործում:
Քննչական կոմիտեի Քրեական գործերի քննության աջակցության վարչության նախաձեռնած ուսումնամեթոդական վարժանքը նպատակ ունի աջակցել քննիչների՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու գործում: