Լրահոս
14.10.16, 14:05

Ուսումնասիրվել են քրեական գործերով դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու հիմնախնդիրները

Ուսումնասիրվել են քրեական գործերով դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու հիմնախնդիրները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրվել է ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2015 թվականի ընթացքում քննված քրեական գործերով դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու պրակտիկան։

Ուսումնասիրության նպատակն է պարզել ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2015 թվականի ընթացքում քննված քրեական գործերով քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանության միջոցների կիրառման առանձնահատկությունները և խնդիրները:

Քրեական գործերի քննության ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում ապահովել դատավարության մասնակիցների անվտանգությունը՝ երաշխավորելով նրանց մասնակցությամբ իրականացվող դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերվող ապացույցների հավաստիությունը: Քրեական գործերի քննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը պետության պարտականությունն է, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում: Սույն ինստիտուտի՝ ըստ անհրաժեշտության կիրառումը կապահովի քննության արդյունավետությունը, քանի որ շատ դեպքերում դատավարության մասնակիցները կարող են գտնվել ազդեցության ներքո, ինչպես նաև իրենց կամ այլ անձանց կյանքի առողջության անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են հայտնել իրականությանը չհապատասխանող տեղեկատվություն՝ շեղելով քննությունն իրական ուղուց:

Միջազգային պրակտիկայում կան պետություններ, որտեղ առանձին համալիր օրենքով համապարփակ իրավական կարգավորման են ենթարկված պաշտպանության միջոցների կիրառման ընթացակարգերը և դրանց ֆինանսավորման խնդիրները, որոնք դատավարության օրենսգրքի կարգավորման առարկայից դուրս են։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը դեռևս լայն տարածում չունի։ Վիճակագրական տվյալների համաձայն՝  2015թ. ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննված 21955 քրեական գործերից դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել 21 քրեական գործով՝ 49 անձի նկատմամբ  կամ վարույթում քննված քրեական գործերի 0.09 տոկոսով:

Այսպես՝ 15 անձի նկատմամբ  ձեռնարկվել է 98.4-րդ հոդվածով նախատեսված «անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը» պաշտպանության միջոցը (5 դեպքում նշված պաշտպանության միջոցը ձեռնարկվել է 98.7-րդ  հոդվածով նախատեսված «պաշտպանվող անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը» պաշտպանության միջոցի հետ միաժամանակ), 1 անձի նկատմամբ՝ «պաշտպանվող անձի ՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը», 10 դեպքում՝ 98.3-րդ հոդվածով նախատեսված՝ «պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը», 2 դեպքում ՝ 98.8-րդ հոդվածով նախատեսված՝ «բնակության այլ վայր փոխադրելը» և 21 դեպքում՝ 98.11-րդ հոդվածով նախատեսված՝ «ծառայության վայրը փոխելը» պաշտպանության միջոցը:

Որպես կանոն՝ քրեական գործերով պաշտպանության միջոցները ձեռնարկվել են վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ՝ բացառությամբ 1 քրեական գործի, երբ  այն կիրառվել է  քննիչի նախաձեռնությամբ:

Ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել խնդիրներ՝ պաշտպանության միջոցներ կիրառելու վերաբերյալ քննիչների որոշումների կատարման ընթացքում:

Մասնավորապես՝ սպանության փորձի դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով քննիչն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել 5 անձի՝ 3 տուժողի և 2 վկայի նկատմամբ ձեռնարկել «անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը»  ու «պաշտպանվող անձի՝ քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը» պաշտպանության միջոցները: Նման նախաձեռնությունը պայմանավորված է եղել կատարված հանցագործության վտանգավորության աստիճանով, քանի որ հանցանքն ավարտին չէր հասցվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամքից անկախ հանգամանքներում. վերջինս դիմել էր փախուստի, և քննությամբ չէր հաջողվել հայտնաբերել նրան, իսկ քրեական գործով անցնող տուժողները և վկաները համագործակցել են վարույթն իրականացնող մարմնի հետ՝ հայտնելով գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ: Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշումների կատարումը նախ հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնին, սակայն համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառաբանությամբ այն չի կատարվել, որից հետո հանձնարարվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը։ Պաշտպանության կարիք ունեցող անձանց այստեղ առաջարկվել է բնակարանի, գույքի պահպանությունն ապահովելու համար վճարովի հիմունքներով կնքել պայմանագիր, ինչից տուժողներից 2-ը հրաժարվել են՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Արդյունքում՝ առանձնապես ծանր հանցագործության գործով անցնող, պաշտպանության կարիք ունեցող 2 տուժողների նկատմամբ պաշտպանության միջոց այդպես էլ չի կիրառվել, ինչը հանդիսանում է պետության պարտականությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում կարևորվել է ևս մեկ  խնդիր. խնդիրն այն է, որ պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը էականորեն սահմանափակում է մեղադրյալի պաշտպանության իրավունքը՝ հատկապես հակընդդեմ հարցման դեպքում։ Հետևապես՝ պաշտպանության այս միջոցը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, երբ առկա է մեղադրյալի կողմից փաստացի  կիրառված բռնություն կամ քրեական վարույթին մասնակցում են խոցելի խմբի անդամներ (անչափահասներ) և այլն: Եթե մեղադրյալը քրեական վարույթում ներգրավված անձի նկատմամբ կիրառել է արգելված միջոցներ և անձի մոտ առաջացրել է իրական վախի զգացողություն, ապա այն կարող է դիտվել մեղադրյալի կողմից հակընդդեմ հարցման իրավունքից հրաժարվել: Այս մոտեցումն ամրագրված է Ալ-Քավայն և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 15.12.2011 վճռի 123-րդ կետում, որի համաձայն՝ եթե վկայի վախը պայմանավորված է մեղադրյալի կամ նրա անունից գործող անձանց հակաիրավական գործողություններով, ապա թույլատրելի է վկայի ցուցմունքները դատարանում հրապարակել՝ առանց վկայի կողմից կենդանի ցուցմունք տալու կամ ամբաստանյալի կամ նրա ներկայացուցիչների կողմից քննվելու անհրաժեշտության, եթե նույնիսկ վկայի ցուցմունքն ամբաստանյալի դեմ ներկայացված միակ և որոշիչ վկայությունն է:

Ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի  կոլեգիայի նիստում, որի ժամանակ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կառուցակարգեր սահմանելու վերաբերյալ: Կարևորվել է քննիչների վերապատրաստման ծրագրում ներառել պաշտպանության միջոցների կիրառմանը վերաբերող Ալ-Քավայ և Թեհերին ընդդեմ Միացյալ Թագավորությունների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 15.12.2011թ. վճիռը:

Հանձնարարվել է մշակել քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության հարցը կարգավորող և պաշտպանության միջոցներ ձեռնարկող մարմիններն այդ միջոցներն իրականացնող մարմիններից հստակորեն տարանջատող օրենսդրական լուծումներ:

Ինչպես նաև հանձնարարվել է առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ անմիջականորեն անձի կյանքի, առողջության պաշտպանության կամ անվտանգության ապահովման հետ կապված առանձին պաշտպանության միջոցների կատարման գործառույթը ՀՀ ոստիկանության արդեն իսկ գործող ստորաբաժանման վրա դնելու կամ այդ նպատակով առանձին ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ: