Լրահոս
16.02.22, 11:46

Վրաերթ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արշակունյաց պողոտայում հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 16-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում, ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է, որից հետո «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաանցման է ենթարկել նույն հետիոտնին։     
     

Արդյունքում՝ ստացած մարմնական վնասվածքներից նշված հետիոտնը տեղում մահացել է:  

Նույն օրը՝ ժամը 09:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժին է ներկայացել է 45-ամյա տղամարդը և տվել ինքնախոստովանական ցուցմունք՝ հայտնելով, որ նշված օրը՝ ժամը 06:15-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթն ինքն է կատարել իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: