Խաչփար գյուղում կատարված սպանության դեպքը բացահայտվել է. սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի քաղաքացիական կինը (տեսանյութ)
2024 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը՝ 12.15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տան նախասրահում հայտնաբերել նույն տան 44-ամյա բնակչի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է հասցրել նրա հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող 37-ամյա կինը՝ դանակով մի քանի հարված հասցնելով ամուսնուն:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Որոշում է կայացվել՝ 37-ամյա կնոջը, սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ձերբակալելու մասին:
Նախաքննության ընթացքում կինը հարցաքննվել է:
Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև՝ դիակի զննություն, որի ընթացքում տուժողի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է դանակի ներգործության թվով 6 հետք, իսկ դանակը՝ ներհրված պարանոցին:
Հանցագործության գործիք դանակը վերցվել է, իսկ դեպքի վայրում առկա արյան հետքերից կատարվել են նմուշառումներ: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Տղամարդու ստացած մարմնական վնասվածքների բնույթը, դրանք հասցնելու մեխանիզմը, ինչպես նաև քրեական վարույթով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: