Լրահոս
09.04.21, 10:14

Ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար. գործն ուղարկվել է դատարան

Ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը և մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020թ. ապրիլի 17-ից  աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով իրեն հանձնարարված աշխատանքների համակարգման և ղեկավարման պարտականություն, հանդիսանալով Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում 0,4 կՎ մալուխագծի, 10 կՎ և 0,4 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ղեկավար, լինելով տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ,  թույլ է տվել աշխատանքի կազմակերպման անվտանգության պահանջների խախտում, ինչի արդյունքում ընկերության երկու աշխատակիցներն ստացել մարմնական վնասվածքներ:

Մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ընկերության աշխղեկը, խախտելով «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» պահանջները, ընկերության հոսանքագծերի մոնտաժողներին չի տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, ապահովիչ գոտի, աշխատանքների իրականացման համար առանց ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, առանց ավտոմեքենայի սարքինության և անվտանգության հարցերի ստուգման տրամադրել է ընկերությանը չպատկանող՝ 1983թ. արտադրության «GAZ AGP-18» մոդելի ավտոաշտարակ, որի ժամանակ ավտոաշտարակի վերամբարձ մեխանիզմի ճոճանը հիմքի մասից կոտրվել է և մոտ 8 մետր բարձրությունից, հիշյալ աշխատակիցների հետ միասին, ընկել գետնին, որի արդյունքում նրանցից մեկն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ մյուսը՝ ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: