Հարցազրույցներ
09.04.24, 16:25

«Ընտանիքում որոշումս ընդունվել է դժվարությամբ, քանի որ կարծրատիպ կա, որ քննիչի աշխատանքը կնոջ համար չէ»․ հատկապես կարևոր գործերով քննիչ Մարիետա Միսակյան

«Ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքի բերումով՝ ավելի շատ ստում են տղամարդիկ»,-այս մասին Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասել է  Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Մարիետա Միսակյանը՝ խոսելով իր աշխատանքի բնույթի, դժվարությունների, մասնագիտական կարիերայի ընթացքում հանդիպած հիասթափությունների և այլնի մասին։

Մեր հարցին, թե ինչու՞ Մարիետան ընտրեց հենց քննիչի մասնագիտությունը և ի՞նչ դժվարությունների է հանդիպել մասնագիտական կարիերայի ընթացքում, նա պատասխանեց, որ 2012 թվականին, երբ ավարտում էր ավագ դպրոցը, պատկերացում անգամ չուներ, որ իր մանկության երազանքը կատարվելու է, և 2019 թվականին նշանակվելու է քննիչի պաշտոնում։

Խոչընդոտների մասին խոսելով՝ Մարիետան հիշեց, որ դրանք եղել են նշանակման առաջին պահից սկսած «Աշխատանքը նոր էր, դեռ նոր պիտի կարողանայի սերտել, բայց գործընկերներիս ու ղեկավարներիս օգնությամբ կարողացել եմ հաղթահարել սկզբնական դժվարությունները»։

Նա նշեց նաև, որ իր քննիչ դառնալու որոշումը ընտանիքում դժվարությամբ է ընդունվել, քանի որ կարծրատիպ կա՝ քննիչի աշխատանքը կնոջ համար չէ «Աշխատանքի անցնելու սկզբնական փուլում, ինչպես նաև ուսումնառության շրջանում, երբ լսում էի, որ այս աշխատանքը կնոջ համար չէ, ես ծանր հոգեբանությամբ էի ընկալում և փորձում էի հակադարձել՝ բացատրելով, որ աշխատանքը աշխատանք է՝ անկախ սեռից։ Հիմա նման խոսակցություններին վերաբերվում եմ շատ հանգիստ, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր տեսակետը և պետք չէ փորձել փոխել դա»։

Քննիչը հավելեց, որ իր աշխատանքում ամենառիսկայինը մարդկանց հետ շփումն է, քանի որ՝ «ինչքան մարդիկ, այնքան էլ բնավորություն և պահվածք» «Մարդու հետ շփվելուց պատկերացում անգամ չես կարող ունենալ, թե ինչպիսի պահվածք, ինչպիսի քայլեր կարող ես ակնկալել նրանից»։

Մեր հարցին՝ ավելի հաճախ ստում են կանա՞յք, թե՝ տղամարդիկ, նա պատասխանեց, որ իր կարծիքով՝ ինչպես կյանքում այնպես էլ աշխատանքի բերումով՝ ավելի շատ ստում են տղամարդիկ։

Խոսելով քննիչների ծանրաբեռնվածությունից՝ Մարիետան նշեց, որ եղել են դեպքեր, երբ աշխատանքից դուրս է եկել շատ ուշ, երբեմն նաև գիշերները։

Հարցին՝ ինչո՞ւ են ղեկավար պաշտոններում ավելի շատ տղամարդիկ, և նրանք երբեմն վաստակում են կանանցից շատ՝ չնայած նույն գործառույթներն անելուն, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա պայմանավորված է «տղամարդկանց՝ ուժեղ սեռ լինելով»։ Նա նկատեց, որ այդ խտրական մոտեցումը նվազում է Հայաստանում, քանի որ պետական մարմիններում բարձրաստիճան պաշտոններ սկսել են զբաղեցնել նաև կանայք։