Լրահոս
02.10.15, 17:28

Յուրի Մանուչարյանին առաջադրվել է նոր մեղադրանք

Յուրի Մանուչարյանին առաջադրվել է նոր մեղադրանք


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նոր մեղադրանք է առաջադրվել մեղադրյալ Յուրի Մանուչարյանին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Յու.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մուշեղ Զաքարյանի առողջությանը միջին, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար։

Նախնական քննության տվյալներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել էր Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։

Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում, որին մասնակցել են նաև այլ անձինք: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:

Ծեծի ընթացքում միասնական դիտավորությամբ, մեկը մյուսին լրացնելով, հարվածներ են հասցվել Մ.Զաքարյանին՝ պատճառելով միջին ծանրության վնաս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Յու. Մանուչարյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մ.Զաքարյանի մարմնի տարբեր մասերին, դեմքին, ինչպես նաև՝ ավտոմեքենայի խլացուցիչով հարվածել վերջինիս գլխին։ Նրա նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն են ունեցել նաև  Շ.Դավթյանը, Դ.Հակոբյանը, Ս. Է. և Մ.Խաչատրյանները, ովքեր նույնպես ձեռքերով և ոտքերով հարվածել են նրան, իսկ Մ.Խաչատրյանը նաև մահակով է հարվածել Մ.Զաքարյանի գլխին։

Նույն ծեծկռտուքի ժամանակ Յու.Մանուչարյանը գետնին ընկած ժամանակ ոտքով երկու անգամ հարվածել Հ.Զաքարյանի դեմքին. հարվածներից մեկը դիպել է ճակատային աջ հատվածին, իսկ երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Յուրի Մանուչարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և  113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Քրեական գործով մյուս 5 մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: