Զինծառայող Գուրգեն Սարգսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին
Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վիրավորում պատճառելու համար:
Ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս, և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ:
Իրականացված անհրաժեշտ բժշկական միջամտության արդյունքում, ցավոք, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, և ստացված վնասվածքի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը 2017 թվականի մարտի 1-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է։
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները, և ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: