Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
22.12.15, 16:14

Զինծառայողի ինքնասպանության գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ

Զինծառայողի ինքնասպանության գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ


ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, զինծառայողի տրամադրության անկման պատճառները։

Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գ.Խաչատրյանը, շարքային Հ. Մուրադյանի, ուղեկալի ավագ, ենթասպա Հ. Քալաշյանի և ուղեկալի պետ, կապիտան Մ.Ոսկանյանի հետ մասնակցել են վերջինիս կազմակերպած «Բլոտ» մոլեխաղին։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հաղթելու դեպքում շարքային զինծառայողները մեկ օրով պետք է ազատվեին ծառայողական պարտականությունների կատարումից, իսկ պարտվելու դեպքում յուրաքանչյուրը 7 օր ճաշարանից կերակրի ավելցուկը դույլերով պետք է տեղափոխեր ուղեկալի տեղակայման վայրից մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմ՝ Մ.Ոսկանյանին և Հ.Քալաշյանին պատկանող խոզերին կերակրելու նպատակով։ Քննությամբ պարզվել է, որ շարքայինները պարտվել են և սկսել կատարել պայմանը:

Հաջորդ օրը՝ 2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, ուղեկալի տարածքում շարքային Հ.Մուրադյանը բռնի գործողություններ է կատարել Գ. Խաչատրյանի նկատմամբ, անհիմն կշտամբել և հեգնել, վիրավորել, ձեռքերով և ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ այսօրինակ վիրավորանքներից հետո Գ.Խաչատրյանը գնացել է լվացվելու, ստացել իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգն ու 50 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտ՝ երկու փամփշտատուփերում։ Համապատասխան հրահանգավորումն ստանալուց հետո և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Անտոնյանի հետ  Գ.Խաչատրյանն ուղևորվել է սահմանի վերակարգի ծառայություն կրելու կատարման վայր, որտեղ կատարել է մի քանի հեռախոսազանգ, ապա բջջային հեռախոսը փոխանցել Ա.Անտոնյանին, բնական կարիքները հոգալու պատրվակով շուրջ 50 մետր հեռացել է նրանից և ժամը 22:40-ի սահմաններում ինքնաձիգից մենահատ կրակոց կատարելու եղանակով կատարել ինքնասպանություն:

Քրեական գործով կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, որոնց արդյունքում, ձեռք բերված ապացույցների համակցությամբ, 4 անձի մեղադրանք է առաջադրվել։

Կապիտան Մ.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանյտ Հ.Վարդևանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը),  շարքայիններ Հ.Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի առաջին մասով (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը), 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում (2 դրվագ), 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ոսկանյանի և Հ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  իսկ Հ.Վարդևանյանի և Ա.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվել:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործի քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: