Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ զենք հափշտակելու համար
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայողին՝ հրազեն հափշտակելու համար։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ N զորամասի ժամկետային զինծառայող Գ.Օրդյանը 2016 թվականի մայիսի 8-ին` ժամը 03-ի սահմաններում, վրանների պահպանությունն իրականացնելու ընթացքում, հափշտակել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը և թաքցրել հարակից անտառում։ Ինքնաձիգը հայտնաբերվել է մայիսի 10-ին։
ժամկետային զինծառայող Գ.Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: