Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. Հարուցվել է քրեական գործ
![Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. Հարուցվել է քրեական գործ Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. Հարուցվել է քրեական գործ](https://investigative.am/storage/files/2018/07/1532441755,2798.jpeg?token=952a4dec1a1cc3947ea2e29b43f9153126c3c4fe)
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։
Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նախնական տվյալներն ստուգելու, զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։