Լրահոս
08.05.15, 15:06

Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն. ստացվել են դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները

Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն. ստացվել են դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել են  նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։
 
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում հայտնաբերված  տարբեր իրերի, այդ թվում` ինքնաձիգի, զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։
 
Այսպես՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտների ծխուկներից անջատված ԴՆԹ-ները համընկել են հիմնականում Սերյոժա Ավետիսյանի, ինչպես նաև՝ Արմեն Ավետիսյանի արյան նմուշներից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրերի հետ՝ 99,99% հավանականությամբ:  Իսկ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIP» տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99,99% հավանականությամբ:
 
Փորձաքննությունների ընթացքում փորձագետները ԴՆԹ են անջատել քննությանը ներկայացված սվին դանակի պատյանից, բռնակից և գոտուց, սվին դանակի գոտուց, զինվորական համազգեստից, որը նույնպես 99,99% հավանականությամբ համընկել  է Վ.Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Վ.Պերմյակովի գենատիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև AKC 74 տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։
 
Նախաքննությունը շարունակվում է։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: