Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
20.09.14, 13:59

Զորամասի ավտոմեքենան շրջվել է ձորը

Զորամասի ավտոմեքենան շրջվել է ձորը


2014թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, N զորամասի «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: 

Դեպքը տեղի է ունեցել նույն զորամասի թվով 13 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումը մշտական տեղակայման վայր տեղափոխելու ճանապարհին:

 Ավտոպատահարի հետևանքով մեքենայի  ղեկին գտնվող կապիտան Պավլիկ Նիկոլայի Մանուկյանը գլխի շրջանում ստացած վնասվածքից տեղում մահացել է, իսկ մեքենայի ուղևորներ՝ զինծառայողներ, ավագ լեյտենանտ Հարություն Վարդանի Խաչատրյանը, լեյտենանտ Արմեն Սիսակի Հովսեփյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Վարդանի Գրիգորյանը, Նարեկ Սամվելի Միրզոյանը, Մհեր Սամվելի Վարդանյանը, սերժանտ Բորիս Վիգենի Թունյանը, շարքայիններ Տիգրան Արմենի Օհանյանը, Ավետիք Արայիկի Նազարյանը, Արտյոմ Մանվելի Աբրահամյանը, Աշոտ Արմենի Սարգսյանը, Մուրազ Ժորայի Սադոյանը, Վարդգես Արսենի Խաչատրյանը կյանքին վտանգ չսպառնացող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ:

Բժիշկների գնահատմամբ՝ վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր: