Գործառույթներ

 

ՀՀ քննչական կոմիտեն ստեղծվել է օրենքի հիման վրա և լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Զինվորական քննչական գլխավոր վարչությունը  (ԶՔԳՎ) ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներից է։

ԶՔԳՎ-ն կազմակերպում և իրականացնում է նախաքննություն՝ ժամկետային զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ:
Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները, աջակցող մասնագիտական բաժինները:
Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։

Քննիչի  լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

Ըստ այդմ, քննիչը պետական պաշտոնատար անձ է, ով իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

Քննիչը, մասնավորապես, լիազորված է`

- մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.
- հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.
- միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.
- պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
- ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու որոշում ընդունել, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման,
- ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են (է) հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Կայացված որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին, որի օրինականությունը ենթակա է ստուգման յոթօրյա ժամկետում.
- իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
- իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական

միջոցառումների իրականացման մասին

- հետաքննության մարմնին հանձնարարել իրագործելու ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.
- կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.
- առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.
- կանչել անձանց որպես վկա.
- գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.
- ձերբակալել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
- որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.
- ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող.
- ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.
- պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող` սույն օրենսգրքի 93 հոդվածում նշված հանգամանքները.
- համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.
- լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.
- լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.
- իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.
- որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.
- որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
- դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.
- անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.
- հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը.
- որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունն ավարտելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու.
- ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.
- կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով` եզրափակիչ որոշում.
- քրեական գործի քննության ընթացքում գույքի ապօրինի ձեռքբերման ենթադրյալ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում առաջարկ ներկայացնել դատախազին՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնասիրություն սկսելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
Քննիչը պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները:

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից:
Քննիչն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Որոշման բողոքարկման կարգը

- քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել  դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին: Օրենքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան.
- բողոքները կարող են լինել գրավոր, իսկ նրանց գրավոր ձևն օրենքով հատուկ նախատեսված չլինելու դեպքում` նաև բանավոր: Քրեական վարույթն իրականացնող մարմինը բանավոր բողոքը մտցնում է տվյալ պահին կատարվող դատավարական գործողության արձանագրության մեջ կամ կազմում առանձին արձանագրություն.
- քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, ում հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին.
- հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի,  պաշտպանի, տուժողի,  քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, ում իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից.
- կասկածյալը, մեղադրյալը,  պաշտպանը, տուժողը, քրեական դատավարության մասնակիցները, այլ անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց,  քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը,  ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները`  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.
- խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի և հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը,  մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները,  դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին.
- քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում.
- միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժելու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենը դիմողին է հանձնվում միջնորդություն հարուցելու պահից մեկ օրվա ընթացքում: Մինչև միջնորդության հարցը լուծելը գործը չի կարող հանձնվել դատախազին:

Այն գործով հարուցված միջնորդությունը բավարարելուց քննիչի հրաժարվելը, որը քննիչը մտադրված է մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազին, կարող է միջնորդությունը բավարարելուց հրաժարվելու մասին որոշման պատճենը դիմողին հանձնելու պահից  2 օրվա ընթացքում բողոքարկվել դատախազին: