Քրեական վարույթ նախաձեռնելը
Քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է.
1) ֆիզիկական անձից.
2) իրավաբանական անձից.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ.
4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:
Վերոնշյալ աղբյուրներից ստացված հաղորդումները առիթ են քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին (հանցանքին) համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
Քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ կարող են լինել նաև զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները:
Միջազգային իրավունքին համապատասխան` որևէ անձի հանձնման խնդրանքի մերժումը այդ հանձնման խնդրանքում նշված ենթադրյալ հանցանքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է, եթե այդ անձի և նրան վերագրվող ենթադրյալ արարքի վրա տարածվում է ՀՀ քրեական օրենսգրքի գործողությունը:
Քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել, եթե հանցանքի մասին տեղեկությունն ստացվել է սույն հոդվածով չնախատեսված, այդ թվում՝ անհայտ կամ չբացահայտված աղբյուրից:
Ֆիզիկական անձանց հաղորդումները
Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ համապատասխան իրավասություն ունեցող պետական այլ մարմնի իրավասու ծառայողը` քննիչին փոխանցելու նպատակով, կամ անմիջականորեն քննիչը:
Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը շարադրվում է գրավոր` առաջին դեմքով: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության հասցեն, ստորագրությունը, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:
Այն դեպքում, երբ լրացել է հաղորդում ներկայացրած անձի 16 տարին, նա նախազգուշացվում է uուտ մատնության համար քրեական պատաuխանատվության մաuին, որը հաuտատում է իր uտորագրությամբ: Այսպիսի նախազգուշացում ստորագրությամբ արվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը ներկայացրել է նախապես շարադրված գրավոր հաղորդում:
Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած ֆիզիկական անձի ինքնությունը պարզելու համար բավարար տվյալներ, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: Եթե ֆիզիկական անձի փոստային հաղորդումը չի համապատասխանում վերոնշյալ պահանջներին, ապա քննիչն իրավասու է քրեական վարույթ չնախաձեռնելու, որի մասին հաղորդումը ներկայացրածը գրավոր տեղեկացվում է:
Ֆիզիկական անձի փոստային հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:
Իրավաբանական անձանց հաղորդումները
Իրավաբանական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև բացահայտի իրավաբանական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: Եթե իրավաբանական անձի փոստային հաղորդումը չի համապատասխանում վերոնշյալ պահանջներին, ապա քննիչն իրավասու է քրեական վարույթ չնախաձեռնելու, որի մասին հաղորդումը ներկայացրածը գրավոր տեղեկացվում է:
Իրավաբանական անձի փոստային հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի հաղորդումը պետք է ունենա ձևաթղթի վրա շարադրված և պատշաճ վավերացված պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև բացահայտի համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն գործունեությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, քննիչի, դատախազի կամ դատավորի հաղորդումը
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի, քննիչի, դատախազի կամ դատավորի հաղորդումը պետք է ունենա ձևաթղթի վրա շարադրված և պատշաճ վավերացված պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև:
Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և հասցեն կամ համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ինչպես նաև բացահայտի համապատասխան մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր:
Քրեական վարույթ նախաձեռնելու կարգը
Առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, իսկ դատախազը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, այն վերահասցեագրում է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Յուրաքանչյուր նոր դեպքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելու հետ միաժամանակ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները քրեորեն հետապնդելի արարքը կանխելու կամ խափանելու, այն կատարած անձին հայտնաբերելու, ինչպեu նաև հանցագործության հետքերը կամ վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաuտաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ:
Քրեական վարույթ չնախաձեռնելը
Այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ հաղորդումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հսկող դատախազին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:
Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, հսկող դատախազը հաստատում է այն կամ հանձնարարում է քննիչին նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:
Քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները: