ՀՀ ՔԿ գործունեության լուսաբանման ընթացակարգը և ուղղությունները
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից պաշտոնական հրապարակումների, հանրային իրազեկման և հանրային հաղորդակցությանը ներկայացվող պահանջները, ուղղությունները, տեղեկատվություն տրամադրող պատասխանատու ստորաբաժանումների և անձանց շրջանակը, նրանց պարտականությունները, ինչպես նաև հրապարակման ենթակա տեղեկատվության ընտրության ուղենիշային չափանիշները։
- Պաշտոնական հրապարակումները և հանրային իրազեկումն իրականացվում են Կոմիտեի գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունն ապահովելու, քրեական վարույթներով նախաքննության ընթացքի և արդյունքների մասին իրազեկման, դրանով պայմանավորված՝ քրեական արդարադատության նկատմամբ հանրային վստահության ձևավորման, քրեական վարույթների շրջանակներում պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանրային իրավագիտակցության բարձրացման նպատակներով։
- Կոմիտեի կողմից պաշտոնական հրապարակումները, հանրային հաղորդակցության աշխատանքներն իրականացվում են՝ հիմք ընդունելով հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը:
- Կոմիտեի գործունեության վերաբերյալ պաշտոնական հրապարակումները, հանրության իրազեկումն իրականացվում են Կոմիտեի պաշտոնական կայքի, «ֆեյսբուք» և այլ սոցիալական կայքերում Կոմիտեի պաշտոնական էջերի, Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի կողմից բանավոր կամ գրավոր կերպով զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվության տրամադրման, պարզաբանումների և մեկնաբանությունների միջոցով, մամուլի քարտուղարի նախաձեռնությամբ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով:
- Հրապարակման ենթակա իրադարձությունները, քրեական վարույթները, դրանց շրջանակներում իրականացվող առանձին գործողություններն ընտրվում են՝ հիմք ընդունելով դրանց էական նշանակությունը Կոմիտեի ընդհանուր գործունեության լուսաբանման, իսկ քրեական վարույթների պարագայում՝ նախաքննությամբ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, պետության, իրավաբանական անձանց, քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման, հանցագործությունների թիրախ դառնալուց քաղաքացիների իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։
- Քրեական վարույթների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտությունը գնահատվում է՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում հանցագործության դեպքի, քրեական վարույթի շրջանակներում իրականացվող առանձին գործողությունների հանրային հնչեղությունը, հանցագործության ծանրության և հանրային վտանգավորության աստիճանը կամ վարույթների դատական հեռանկարը, կամ դրանց շրջանակներում պետության, իրավաբանական անձանց, քաղաքացիների խախտված գույքային և ոչ գույքային իրավունքների վերականգնման ուղղությամբ ունեցած նշանակալի ձեռքբերումներն ու արդյունքները՝ այն դեպքերում, երբ տեղեկատվության հրապարակումը բխում է հանրության տեղեկացված լինելու ավելի գերակա համարված շահից։
- Հրապարակումները չպետք է պարունակեն քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, խոչընդոտեն վարույթի ընթացքին, հանգեցնեն պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հրապարակմանը:
- Քրեական վարույթների վերաբերյալ գրավոր կամ բանավոր տրամադրվող տեղեկատվության մեջ չպետք է ներառվեն մեղադրյալի, տուժողի կամ քրեական վարույթին առնչվող որևէ այլ անձի՝ անձնական տվյալներ (ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել անձի ինքնությունը), եթե այդ անձնական տվյալների հրապարակումն օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ:
Անձնական տվյալների հրապարակումը նախատեսված չլինելու դեպքում գրավոր կամ բանավոր տրամադրվող տեղեկատվության մեջ ֆիզիկական անձանց տվյալները պետք է ներկայացվեն ապանձնավորված։ Ապանձնավորման կանոնը կարող է չպահպանվել միայն խիստ բացառիկ դեպքերում, եթե՝
- մեղադրյալի, տուժողի կամ քրեական վարույթին առնչվող որևէ այլ անձի նույնականացնող տեղեկատվություն հրապարակելն ուղղակիորեն բխում է հանրության տեղեկացված լինելու իրավունքից.
- նույնականացնող տվյալ չհրապարակելը կհանգեցնի մեղադրյալի, տուժողի կամ քրեական վարույթին առնչվող որևէ այլ անձի անձնական տվյալների պաշտպանության իրավունքին գերակայող որևէ այլ իրավունքի կամ օրինական շահի խախտման:
- Ապանձնավորման են ենթակա քրեական վարույթով տուժողի անձնական տվյալները՝ հատկապես անչափահասների, թրաֆիքինգի, սեռական ոտնձգության, ընտանեկան բռնության, խոշտանգման վերաբերյալ վարույթներով։
- Գրավոր կամ բանավոր կերպով տրամադրվող տեղեկատվության մեջ առերևույթ հանցավոր արարքներին առնչվող իրավաբանական անձանց նույնականացնող տվյալները կարող են չհրապարակվել՝ հաշվի առնելով իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության պահանջները, եթե վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ մասնավոր շահը կոնկրետ դեպքում գերակա է տեղեկատվություն ստանալու հանրային շահի նկատմամբ։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Քրեական վարույթների վերաբերյալ ինչպես տեղեկատվական, այնպես էլ իրազեկման նպատակներ հետապնդող հրապարակումներն իրականացվում են՝
- պաշտոնական հաղորդագրությունների.
- ըստ անհրաժեշտության՝ հեղինակային տեսանյութերի պատրաստման.
- տարբեր լրատվամիջոցների կամ լրատվական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից առանձին վարույթների, Կոմիտեի գործունեության վերաբերյալ ներկայացված հարցումներին գրավոր կամ բանավոր պատասխաններ տրամադրելու.
- Կոմիտեում քննվող քրեական վարույթների, Կոմիտեի գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների (այսուհետ՝ ԶԼՄ) հրապարակումների կապակցությամբ, ըստ անհրաժեշտության, հրապարակային պարզաբանումներ տրամադրելու միջոցով.
- տարբեր լրատվամիջոցների, համապատասխան ուղղվածություն ունեցող մասնագիտացված հաղորդաշարերի և լրագրողների հետ համագործակցությամբ նրանց կողմից տեղեկատվական, վերլուծական նյութերի պատրաստմանն օժանդակելու միջոցով՝ առաջնորդվելով քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալների պաշտպանության անհրաժեշտությամբ։
- Քրեական վարույթների վերաբերյալ հրապարակման ենթակա են հետևյալ բնույթի տեղեկությունները՝
- բազմադրվագ հանցագործությունների, սպանությունների, սպանության փորձերի, ավազակությունների, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ, հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունների, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված խուլիգանության, բազմադրվագ հափշտակությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաձեռնման, վարույթի շրջանակներում քրեական հետապնդման հարուցման, մեղադրանքի ներկայացման, խափանման միջոցի ընտրման, նախաքննությունը մեղադրական եզրակացությամբ ավարտելու, առանձին դեպքերում՝ նաև վարույթը կարճելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետի պահանջը.
- մեղադրյալի անձով (նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձինք, բարձրաստիճան սպայակազմ)՝ պաշտոնեական լիազորություններից բխող արարքների կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթներով, ինչպես նաև այն վարույթներով, որոնցով վերականգնվել է ենթադրյալ հանցագործությամբ պետությանը կամ համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափի վնաս, կամ եթե գրանցվել է էական, շոշափելի արդյունք՝ մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթի նյութերը, դատական հեռանկարի ակներևության պայմաններում, ուղարկվել է հսկող դատախազին կամ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան, կամ քրեական վարույթը կարճվել է պատճառված առանձնապես խոշոր չափի վնաս վերականգնելու արդյունքում՝ այն դեպքում, երբ հանրության տեղեկացված լինելու իրավունքը վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատվում է գերակայող մասնավոր շահի նկատմամբ.
- այն վարույթները, որոնք կամ որոնց նախաձեռնման հիմք հանդիսացող արարքները մինչ իրավասու մարմնի կողմից հրապարակում անելն արդեն հանրային լայն հնչեղություն են ձեռք բերել, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում, փորձագիտական շրջանակների կողմից լայնորեն քննարկման առարկա են դարձել, և երբ տվյալ վարույթի առնչությամբ լայնորեն տարածվել է ակնհայտ ապատեղեկատվություն.
- այն վարույթների մասին, որոնց նախաձեռնման կամ ընթացքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը միտված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը.
- պատերազմական հանցագործությունների, հակառակորդի կողմից Հայաստանի Հանրապետության զինծառայողի սպանության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կատարված սպանությունների, ինքնասպանությունների, մահվան ելքով արտակարգ պատահարների առնչությամբ քրեական վարույթների մասին, այդ թվում՝ քրեական վարույթների նախաձեռնման, դատական հեռանկարի ակներևության պայմաններում նախաքննության միջանկյալ արդյունքների՝ քրեական հետապնդման հարուցման, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության բավարարման, վարույթը մեղադրական եզրակացություն կազմելով ավարտվելու և գործը դատարանին հանձնվելու դեպքերում՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլատրելի բովանդակային ծավալով։
- Սույն կարգի 13-րդ կետի 3-րդ ենթակետի կիրառման համար անհրաժեշտ է, որպեսզի Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի գնահատմամբ առկա լինի հանրային զգալի լայն հնչեղություն, իսկ ապատեղեկատվության տարածման դեպքում՝ համապատասխան հրապարակումներ կատարած կոնկրետ լրատվամիջոցներում հերքում տարածելն արդյունավետ կամ նպատակահարմար չհամարվի:
- Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ նշանակալի աշխատանքային հանդիպումների, քննարկումների, խորհրդակցությունների, սեմինարների և այլ միջոցառումների լուսաբանում իրականացվում է հետևյալ եղանակներով՝
- Կոմիտեում առավել կարևոր աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, քննարկումների և այլ միջոցառումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության տեսանյութերի պատրաստում և տարածում.
- Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ այլ վայրերում կայացած՝ առավել կարևոր միջոցառումների մասին նախընտրելի ձևաչափերով տեղեկատվական անդրադարձերի ապահովում:
- Հանրային իրազեկման, հաղորդակցության աշխատանքները ներառում են նաև՝
- Կոմիտեի աշխատանքների առավել ընդգրկուն լուսաբանման, հանրությանն առավել համակողմանի տեղեկություններ տրամադրելու նպատակով՝ Կոմիտեի պաշտոնատար անձանց մասնակցությամբ տարբեր ձևաչափերով հարցազրույցների կազմակերպում.
- Կոմիտեի և լրատվամիջոցների միջև առավել սերտ կապեր հաստատելու, հանրային կարևորություն ունեցող հարցերին մասնագիտական համակողմանի պատասխաններ տրամադրելու և ապատեղեկատվության տարածումը բացառելու նպատակով մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպում.
- տարբեր լրատվամիջոցների կողմից կազմակերպվող՝ Կոմիտեի գործառույթներին առնչվող թեմաներով հաղորդաշարերին, ըստ անհրաժեշտության, Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության ապահովում.
- Կոմիտեի գործունեությանը, իրավասություններին առնչվող՝ հանրային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ այլ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների մասնակցությամբ կլոր-սեղանների և այլ ձևաչափերով քննարկումների կազմակերպում.
- տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների ամենօրյա մշտադիտարկման իրականացում.
- Կոմիտեի պաշտոնական կայքի, «ֆեյսբուք» և այլ սոցիալական կայքերի Կոմիտեի պաշտոնական էջերի պարբերական մշտադիտարկում և կառուցվածքային ու բովանդակային թարմացում՝ Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ներգրավմամբ.
- տեղեկատվության ազատության ոլորտում իրականացվող աշխատանքների պարբերական արդիականացման նպատակով լրատվամիջոցների և այլ հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ համագործակցություն.
- պատրաստվող և հրապարակվող՝ տեսաձայնային, տեքստային չափելի պաշտոնական տեղեկատվության քանակական և որակական ամփոփումների իրականացում՝ դրանց որակական կատարելագործումն ապահովելու նպատակով.
- պետական այլ մարմինների` ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց հետ համագործակցություն՝ տեղեկատվական անվտանգության ապահովման, ապատեղեկատվության տարածման կանխարգելման, փորձի և օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակման նպատակներով.
- hանրային հաղորդակցության արդյունավետության և բազմազանության ապահովման նպատակով նյութատեխնիկական միջոցների վերազինում.
- hանրային հաղորդակցության ոլորտում նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, կատարելագործմանն ուղղված տեղական և արտերկրյա վերապատրաստման ծրագրերին, դասընթացներին Կոմիտեի հասարակայնության հետ կապերի գործառույթներ իրականացնող ծառայողների մասնակցության ապահովում: