Գործունեություն

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)  բաղկացած է 8 անդամից: «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի  (այսուհետ՝ կոմիտե) նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և Կառավարության նշանակած չորս ներկայացուցիչ:

    Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը:

    Կարգապահական հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործառույթներն իրականացնելու առնչությամբ որևէ միջամտություն արգելվում է:

    Հանձնաժողովը՝

    - քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները.
    - ընդունում է որոշումներ.
    - սահմանում է Հանձնաժողովի աշխատակարգը.
    - իրականացնում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, Հանձնաժողովի աշխատակարգով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

    Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի  առնվազն 5 անդամ: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի անդամներից մեկը:

    Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն որոշման կայացմանը, եթե առերևույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մերձավոր ազգականն է (Հայաստանի Հանրապետության  քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մերձավոր ազգական), անմիջական վերադասն է կամ տվյալ ստորաբաժանման պետն է, անմիջական ենթական է կամ տվյալ ստորաբաժանման աշխատակիցը, կասկածվում է քննարկվող առերևույթ կարգապահական խախտման մեջ:

    Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների տեսակների ու կարգերի վերաբերյալ ընթացակարգերը սահմանված են Հանձնաժողովի որոշմամբ հաստատված աշխատակարգում: