Քրեական վարույթի հանրային և մասնավոր մասնակիցներ

 

Վարույթի մասնակիցները

1. Վարույթի հանրային մասնակիցներ

Վարույթի հանրային մասնակիցներն են՝ 

 դատախազըքննիչըքննչական մարմնի ղեկավարըհետաքննության մարմնի պետըհետաքննիչը.
 

Ո՞վ է  դատախազը

Դատախազը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները:

Հանրային մեղադրանքի կարգով իրականացվող վարույթում առաջին ատյանի դատարանում պետության անունից մեղադրանքը պաշտպանող դատախազը համարվում է հանրային մեղադրող:
 

Ո՞վ է քննիչը

Քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն:
 

Ո՞վ է քննչական մարմնի ղեկավարը

Քննչական մարմնի ղեկավարը նախաքննություն կատարելու իրավասություն ունեցող քննչական մարմնի կամ դրա ստորաբաժանման (գլխավոր վարչության, վարչության, բաժնի, բաժանմունքի և այլնի) ղեկավարն է կամ նրա տեղակալը, որն իր իրավասության սահմաններում կազմակերպում է նախաքննությունը և ապահովում է դրա արդյունավետությունը:
 

 Ո՞վ է հետաքննության մարմնի պետը 

Հետաքննության մարմնի պետը հետաքննության մարմնի համակարգում գործող և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարն է, ով նախաքննության շրջանակներում իրավասու է կատարել գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 

 Ո՞վ է հետաքննիչը

Հետաքննիչը հետաքննության մարմնի համակարգում գործող և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատակիցն է, ով նախաքննության շրջանակներում իրավասու է կատարել գաղտնի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

 

2. Վարույթի մասնավոր մասնակիցներ

Վարույթի մասնավոր մասնակիցներն են՝ 

մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի և գույքային պատասխանողի
օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը:

 

Ո՞վ է մեղադրյալը

Մեղադրյալն այն անձն է, որի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որի նկատմամբ միաժամանակ առկա չէ օրինական ուժի մեջ մտած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կամ մեղադրական կամ արդարացման դատավճիռ:
 

Ո՞վ է ձերբակալվածը

Ձերբակալվածն այն անձն է, ում անձնական ազատության իրավունքը, առանց դատարանի որոշման, սահմանափակվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով կամ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով:
 

Ո՞վ է արդարացված մեղադրյալը

Արդարացված մեղադրյալն այն մեղադրյալն է, որի նկատմամբ առկա է արդարացման վերդիկտ (մինչև դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևությունը):
Արդարացման վերդիկտի հիման վրա դատարանը կայացնում է համապատասխանաբար արդարացման դատավճիռ:
 

Ո՞վ է դատապարտված մեղադրյալը

Դատապարտված մեղադրյալն այն մեղադրյալն է, որի նկատմամբ առկա է մեղադրական վերդիկտ.
Մեղադրական վերդիկտի հիման վրա դատարանը կայացնում է համապատասխանաբար մեղադրական դատավճիռ:
 

Ո՞վ է պաշտպանը

Պաշտպանը փաստաբան է, որը քրեական վարույթի ընթացքում ստանձնել և իրականացնում է ձերբակալված անձի կամ մեղադրյալի պաշտպանությունը:

Փաստաբանը մեղադրյալի պաշտպանությունն ստանձնում է մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, ինչպես նաև այլ անձանց հրավերով՝ մեղադրյալի հետագա գրավոր համաձայնությամբ: Մեղադրյալի պաշտպանությունը փաստաբանը կարող է ստանձնել նաև ՀՀ փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` վարույթն իրականացնող մարմնի գրավոր պահանջի հիման վրա:

Պաշտպանությունն ստանձնելուց անմիջապես հետո այդ մասին պաշտպանը պարտավոր է տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմնին:
 

Ո՞վ է տուժողը

Տուժողը այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, պետությունը, համայնքը կամ միջազգային կազմակերպությունը, որի վերաբերյալ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով նրան պատճառվել է վնաս կամ կարող էր պատճառվել` ենթադրյալ հանցանքն ավարտին հասցնելու դեպքում:

Տուժող ճանաչելու մասին որոշումը կայացնում է քննիչը կամ դատարանը:
 

Ո՞վ է գույքային պատասխանողը

Գույքային պատասխանողը այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որն օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է գույքային պատասխանատվություն կրել ենթադրյալ հանցանքով պատճառված վնասի համար:

Գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշումն ընդունում է դատարանը:
 

Ո՞վ է լիազոր ներկայացուցիչը

Լիազոր ներկայացուցիչը փաստաբան է, որին տուժողը կամ գույքային պատասխանողը պատշաճ լիազորել է վարույթի ընթացքում ներկայացնել իր իրավաչափ շահերը, ինչպես նաև իրավաբանական անձ հանդիսացող տուժողի կամ գույքային պատասխանողի պատշաճ լիազորված աշխատակիցը:

Անձը տուժողի լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, իսկ գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչ կամ լիազոր ներկայացուցիչ է ճանաչվում դատարանի որոշմամբ:
 

Ո՞վ է օրինական ներկայացուցիչը

Օրինական ներկայացուցիչը անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեղադրյալի, տուժողի կամ վկայի ծնողն է, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իր իրավասության սահմաններում` խնամակալության և հոգաբարձության մարմնի աշխատակիցը, մահացած մեղադրյալի կամ ենթադրյալ հանցանք կատարած և մահացած անձի մերձավոր ազգականը, ինչպես նաև տուժող կամ գույքային պատասխանող իրավաբանական անձի ղեկավարը, որը ներկայացնում է մեղադրյալի, տուժողի, վկայի կամ իրավաբանական անձի իրավաչափ շահերը:

Առանց խնամքի մնացած անչափահաս մեղադրյալի կամ տուժողի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը:

Անձն օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:
 

Վարույթին օժանդակող անձինք

Վարույթին օժանդակող անձինք են՝ վկան, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, փորձագետը, թարգմանիչը, հոգեբանը, ընթերական, դատական նիստի քարտուղարը:
 

Ո՞վ է վկան

Վկան ցուցմունք տալու նպատակով կողմի կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել վարույթով պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:

Որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել`
1) փաստաբանը՝ պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել՝ կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ.
2) անձը, որին տվյալ վարույթին վերաբերող տեղեկությունները հայտնի են դարձել որպես պաշտպան, տուժողի, գույքային պատասխանողի լիազոր ներկայացուցիչ, վկայի փաստաբան մասնակցելու կապակցությամբ.
3) մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.
4) դատավորը, նախկին դատավորը, դատախազը կամ դատական նիստի քարտուղարը՝ այն վարույթով, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները․
5) քննիչը՝ այն վարույթով, որում նա իրականացրել է իր դատավարական լիազորությունները, բացառությամբ սույն օրենսգրքի 331-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի․
6) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` խոստովանանքից իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին.
7) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի:
 

Ո՞վ է փորձագետը

Փորձագետը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որը հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործմամբ օժանդակում է վարույթին՝
1) հետազոտություն իրականացնելով և դրա հիման վրա գրավոր եզրակացություն տալով.
2) առանց հետազոտություն իրականացնելու գրավոր կարծիք տալով.
3) ապացուցողական կամ վարութային այլ գործողության կատարմանը մասնակցելով:

Փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների:

Քրեական վարույթին ՀՀ իրավունքի կամ միջազգային իրավունքի հարցերով փորձագետ չի ներգրավվում:

Հետազոտություն իրականացնելով և դրա հիման վրա գրավոր եզրակացություն տալու օժանդակության համար փորձագետը ներգրավվում է վարույթն իրականացնող մարմնի կամ  վարույթի մասնավոր մասնակցի (մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի, տուժողի, գույքային պատասխանողի, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցչի և լիազոր ներկայացուցչի) կողմից, իսկ առանց հետազոտություն իրականացնելու գրավոր կարծիք տալու համար՝ միայն վարույթի մասնավոր մասնակցի կողմից։
 

Ո՞վ է թարգմանիչը

Թարգմանիչը վարույթի առարկայով չշահագրգռված այն անձն է, որին վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն կատարելու համար: Թարգմանիչ է նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:

Թարգմանիչը պետք է պատշաճ տիրապետի վարույթի լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը:

Դատախազը, քննիչը, քննչական մարմնի ղեկավարը, հետաքննության մարմնի պետը, հետաքննիչը, մեղադրյալը, նրա օրինական ներկայացուցիչը, պաշտպանը, տուժողը, գույքային պատասխանողը, տուժողի և գույքային պատասխանողի օրինական ներկայացուցիչը և լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև վարույթի այլ մասնակիցներն իրավունք չունեն թարգմանիչ լինելու:
 

Ո՞վ է ընթերական

Ընթերական վարույթի առարկայով չշահագրգռված՝ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որը վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է ապացուցողական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար:

Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատարվող գործողությունները: