Կարգը
ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների ընդունման, քննարկման կառուցակարգերը սահմանված են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ «ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 146-Լ հրամանով:
1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) քաղաքացիների կողմից նախաձեռնած ընդունելության կազմակերպման գործընթացը:
2.Կոմիտեում քաղաքացիների ընդունելությունն Կոմիտեի կենտրոնական մարմնում իրականացվում է Կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի, իսկ մյուս հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում՝ այդ ստորաբաժանումների պետերի կողմից՝ ժամանակացույցով սահմանված ժամկետներում:
Կոմիտեի կենտրոնական մարմնում քաղաքացիների ընդունելության համար ժամանակացույցը հաստատվում է Կոմիտեի նախագահի, իսկ մյուս հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում՝ այդ ստորաբաժանումների պետերի կողմից, սույն կարգի 3-րդ կետով սահմանված ստորաբաժանումների ներկայացմամբ։
3.Քաղաքացիների ընդունելության կազմակերպումը Կոմիտեի կենտրոնական մարմնում իրականացվում է Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի, իսկ մյուս հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` այդ ստորաբաժանումների աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից (այսուհետ բոլորը միասին՝ Բաժիններ):
4.Ընդունելության հերթագրման նպատակով քաղաքացիները ներկայացնում են հերթագրման դիմում։ Դիմումով պարտադիր նշվում են դիմումատուի տվյալները (անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, հասցե), այն պաշտոնատար անձի տվյալները, ում մոտ ցանկություն է հայտնվել կազմակերպել ընդունելություն և ընդունելության շրջանակներում ներկայացվող հարցի (հարցերի) հակիրճ նկարագիրը։
5.Հերթագրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները գրանցվում են Կոմիտեի գործավարության կարգով սահմանված ընթացակարգով։ Գործավարություն իրականացնող ստորաբաժանման կողմից հերթագրման վերաբերյալ դիմումը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով փոխանցվում է համապատասխան Բաժնին։
6.Բաժինների կողմից քաղաքացիներին ընդունող պաշտոնատար անձի հետ քննարկվում են հերթագրվել ցանկացող քաղաքացիների դիմումները, որից հետո կատարվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան հերթագրում։ Հերթագրման վերաբերյալ տվյալները լրացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության էլեկտրոնային գրանցամատյանում։
7.Քաղաքացուն հերթագրելու հետ միաժամանակ նրան տեղեկացվում է ընդունելության օրը, ժամը, իսկ անհրաժեշտության կամ նախապես հայտնի լինելու դեպքում՝ քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը:
8.Հերթագրումը կարող է մերժվել, եթե.
1) ներկայացվող հարցը կամ պահանջը ակնհայտորեն դուրս է Կոմիտեի իրավասության շրջանակներից.
2) ներկայացվող հարցի շուրջ քաղաքացին արդեն ընդունվել է այն պաշտոնատար անձի կողմից, որի ընդունելության հերթագրման համար դիմում է.
3) ներկայացվող հարցի շուրջ քաղաքացին Կոմիտե է ներկայացրել դիմում, բողոք։
9.Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքերում քաղաքացուն գրավոր կամ բանավոր տեղեկացվում է հերթագրումը մերժելու պատճառը։
10.Կոմիտեի նախագահի մոտ ընդունելության համար կարող են հերթագրվել այն քաղաքացիները, որոնց սույն կարգով սահմանված ընթացակարգով առնվազն մեկ անգամ ընդունել են Նախագահի ոլորտը համակարգող տեղակալը, կամ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կամ Կոմիտեի գլխավոր քարտուղարը, սակայն հանդիպման արդյունքները քաղաքացիների կողմից համարվել են ոչ բավարար։
11.Քաղաքացիներին հերթագրելիս՝ ընդունելության տևողությունը, որպես կանոն նախատեսվում է 30 րոպե։
12.Կապված հարցի լուծման հրատապությունից, քաղաքացու ընդունելությունը կարող է կազմակերպվել առանց հերթագրման կամ ժամանակացույցից դուրս, ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի համաձայնությամբ:
13.Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքի անդամների, անչափահասների, հղի կանանց, տարեցների և հաշմադամների ընդունելությունը կազմակերպվում է արտահերթ:
14.Օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են հերթագրվել ընդունելության համար։
15.Ընդունելությունը կազմակերպվում է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որի վերաբերյալ նախապես տեղեկացվում է քաղաքացին:
16.Սույն կարգի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց կողմից ընդունելության անհնարինության դեպքում, ընդունելություններն անցկացնում են նրանց հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձինք:
17.Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ժամանակացույցերը, դրանց փոփոխությունները Բաժինների կողմից հրապարակվում են համապատասխան ստորաբաժանումների վարչական շենքերում` քաղաքացիների համար մատչելի ու տեսանելի վայրում, ինչպես նաև՝ Կոմիտեի պաշտոնական կայքում:
18.Ընդունելությունը հետաձգվելու դեպքում հերթագրված քաղաքացիները Բաժինների կողմից կապի հնարավոր միջոցներով նախապես տեղեկացվում են:
19.Ընդունելության կազմակերպման համար կարող են նախատեսվել համապատասխան սենյակներ, իսկ դրա անհնարինության դեպքում, ընդունելությունը կարող է իրականացվել տվյալ պաշտոնատար անձի աշխատասենյակում:
20.Ընդունելության ընթացքում քաղաքացու կողմից բարձրացված հարցին ընթացք տալու համար իրավասու պաշտոնատար անձը կարող է նրանից վերցնել գրավոր դիմում:
21.Ընդունելության ընթացքում ներկայացված դիմումների վրա նշվում են «Առձեռն՝ ընդունելությունից» բառերը: Դիմումները մուտքագրվում են Կոմիտեի գործավարության կարգով սահմանված ընթացակարգով։
22.Քաղաքացու կամ ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի նախաձեռնությամբ կարող է կազմվել և հաստատվել արձանագրություն ընդունելության ընթացքում ներկայացված հարցի, դրա շրջանակներում իրականացված քննարկումների, հետագա միջոցառումների, պաշտոնատար անձի դիրքորոշման և այլ տեղեկատվության վերաբերյալ։
23.Ընդունելությանը մասնակցում է նաև համապատասխան Բաժնի ծառայողը, ում կողմից Կոմիտեի քաղաքացիների ընդունելության էլեկտրոնային գրանցամատյանի «Ընդունելության ընթացքում տրված պատասխանի հակիրճ նկարագիրը» սյունակում կատարվում է գրառում ընդունելության ընթացքում ներկայացված հարցի քննարկման արդյունքների վերաբերյալ: