Լրահոս
06.03.23, 08:58

Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և խափանման միջոց կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է

Արթուր Սարգսյանի առողջական վիճակի և խափանման միջոց կալանքի հետ համատեղելիության առնչությամբ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթով Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կողմից կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արթուր Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին, ստացվել է հրատապ իրազեկում այն մասին, որ կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

Քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի) հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու մասին:

2017թ. հունվարի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանը տառապում է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչպես նաև այլ հիվանդություններով, չի կարող պատիժը կրել ՔԿ հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում:

Նախաքննության ընթացքում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով 2017թ. հունվարի 31-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարման համար ձևավորված հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նույն ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը:

Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով նրա մոտ կենդանության օրոք հաստատված՝ հենաշարժական ապարատի ֆունկցիայի խանգարումով ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարումը, առանց վերջինիս օբյեկտիվ զննության ենթարկելու, հապշտապ՝ 2017թ. փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 12:20-ից մինչև 14:00-ը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած լիակազմ նիստի արդյունքում եկել են հետևության: Գիտակցելով, որ ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի է առնվում մեղադրյալի առողջական վիճակը՝ նրանք տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները, այդ թվում՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը («Բեխտերևի» հիվանդությունը) ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

2017թ. փետրվարի 9-ին, ընտրված խափանման միջոցի պայմանը խախտելու հիմքով Արթուր Սարգսյանը ձերբակալվել է և նույն օրը նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Դրանից հետո նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, և վերստին արգելանքի վերցվելու կապակցությամբ հայտարարել է հացադուլ:

2017թ. մարտի 15-ին շտապ օգնության բրիգադի կողմից Արթուր Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս հոսպիտալացվել է և ենթարկվել է վիրահատական բուժման: Հաջորդ օրը՝ ժամը 12:30-ից սկսած, վերակենդանացման բաժանմունքում Արթուր Սարգսյանի վիճակը վատացել է, սակայն կատարված ինտենսիվ թերապիայի միջոցառումները եղել են անարդյունավետ և ժամը 15:40-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

2018թ. հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննություների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշման՝ պատիժը կրելուն խոչնդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին:

Նրանցից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է:

Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: