Կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը՝ մարդակենտրոն բանակ ստեղծելու երաշխիք
Կանոնադրային հարաբերությունների խախտումը առաջին հայացքից կարող է թվալ թեթև, անվտանգ հանցանք, իրականում այն ունի հանցածին բնույթ, ծանր հանցագործության վերաճելու թաքնված ներուժ:
-Պարոն Գրիգորյան, քանի որ մեր պետությունը չհասցրեց անկախության տարիներին ձևավորել այնպիսի գործուն ու կատարյալ մեխանիզմներ, որ անձերի գործոնը հասնի նվազագույնի, ուստի պաշտոնները շարունակում են մնալ անձնավորված, և գործի հաջողությունը այսօր էլ էապես կապվում է պաշտոնյայի կերպարի, բարոյական սկզբունքների հետ… Ահա ինչու զինվորական քննչական վարչության պետի պաշտոնում Ձեր առաջին հարցազրույցը ուզում եմ, որ սկսենք Ձեր անցած ճանապարհի մասին պատմելով…
-1994-96թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, բարձրագույն իրավաբանական կրթություն ստացել եմ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանում: 2001թ.-ին գերազանցությամբ` ոսկե մեդալով և էքստեռն ավարտել եմ դատախազա-քննչական ֆակուլտետը, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործուղվել եմ ՀՀ զինվորական դատախազություն:
Ծառայել եմ Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորային զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, ապա` ավագ քննիչ, 2006թ.-ին մեկնել եմ ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի ադյունկտուրա և 2009թ.-ին պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն` «ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը զինված ընդհարումների շրջանում» թեմայով:
Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալուց հետո շարունակել եմ ծառայությունս ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում: Այնուհետև ղեկավարել եմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժինը: 2011թ.-ին նշանակվել եմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնում` համակարգելով մի քանի շրջանների և հենց կայազորային քննչական բաժինների աշխատանքը: 2013թ.-ին ընդունվել եմ ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի դոկտորանտուրա, որտեղ հաստատվել է դոկտորական ատենախոսությունս` «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» թեմայով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական վարչության պետ եմ նշանակվել այս տարվա հունվարին:
- Տպավորիչ է հատկապես Ձեր գիտական գործունեությունը: Ես իրավաբան չեմ, բայց ինձ միշտ հետաքրքրել են շարժառիթները՝ մոտիվացիան: Բացատրեմ միտքս: Երբ դպրոցական էի, իմ բոլոր նախասիրությունների հետևում ծափահարված լինելու, հիացմունքի արժանանալու շարժառիթն էր. պարուհի, դաշնակահարուհի, լրագրողուհի… Ի վերջո, որպես մասնագիտություն ընտրեցի այն բնագավառը, որտեղ ավելի օժտված էի: Ո՞րն էր Ձեր նվաճումների շարժառիթը:
Նախքան հարցին պատասխանելը, ուզում եմ հարցնել` հիմա փոխվե՞լ են Ձեզ առաջ մղող շարժառիթները, թե մնացել են նույնը:
-Գրեթե չեն փոխվել: Բայց դրան միացել են մասնագիտական հաճույքն ու պատասխանատվության
զգացումը:
Մեզ իրարից բաժանում է մի փոքրիկ տարբերություն` ինձ հարկավոր են ոչ թե ուրիշի, այլ սեփական հիացմունքն ու ծափերը: Դա մեկ այլ բառով կոչվում է ինքնաբավություն: Ես ինքս ինձ հետ եմ մրցում: Ես ձգտում եմ կատարելության: Ռազմական համալսարանում սովորելիս հասկացա, որ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս ու փորձեցի առավելագույնս հմտանալ: Ինչ վերաբերում է «մասնագիտական հաճույքին», այդ ամենն անծանոթ չէ ինձ: Երբ բարդ, խճճված գործի քննությունը արհեստավարժ քննչական աշխատանքի շնորհիվ հանգում է արդարադատության, ինձ իսկապես վարձատրված եմ զգում:
-Ես բոլորովին այլ ընթացք էի նախատեսել մեր զրույցի համար: Դուք միանգամից սկսեցիք Ձեր աշխատանքային կենսագրությունից, իսկ ես ուզում էի լսել, թե Դուք ի՞նչ եք պատմում Ձեր ընտանիքի մասին, ի՞նչ հիշողություններ եք բերում անցյալից:
-Մայրս բանասեր է, հայրս` ինժեներ: Մայրս սովորեցնում էր բարություն, հանդուրժողականություն, ազնվություն, ստիպում էր գրականություն կարդալ: Հայրս տղամարդկային արժանապատվության ու խիզախության օրինակ էր տալիս: Ես դպրոցում սովորում էի այն առարկաները, որոնք ինձ դուր էին գալիս, զանազան անկարգություններ էի անում ու մարզվում էի: Բազմիցս եղել եմ քիք-բոքսինգի տարբեր փոքր ու մեծ մրցույթների հաղթող, հանրապետության չեմպիոն:
-Դուք չեմպիո՞ն եք:
-Բոլորն էլ ուզում են չեմպիոն լինել: Մի մասին դա հաջողվում է, մյուսներին` ոչ:
-Որո՞նք են Ձեր բնավորության ամենավառ գծերը:
-Անվերջ կատարելագործվելու ձգտումն ու արդարամտությունը:
-Կարելի՞ է ասել, որ այս նույն հատկանիշներն են Ձեր ծառայողական հաջողությունների հիմքում:
-Նաև իմ սերտ կապը գիտության հետ...
-Ի դեպ, ինձ հետաքրքրեց Ձեր դոկտորական ատենախոսության թեման` «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները»:
-Նպատակ ունեմ մեր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությունը քրեական դատարանում քննելու հիմքեր նախապատրաստել:
-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում օրինականության մակարդակը զորքերում:
-Ես իմ ծառայողական գործունեությունն սկսել եմ 2001 թվականից և կարող եմ միանշանակ արձանագրել, որ այդ ժամանակաշրջանից մինչ օրս դրական տեղաշարժը պահպանվում է, սակայն վերջին 3-4 տարիներին բարեփոխումները առավել ակնառու են: Մենք ունենք արմատական, որակական փոփոխություններ, խոսքը վերաբերում է և՛ զինվորական անձնակազմի իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, և՛ ծառայողական կարգապահությանը, և՛ միջանձնային հարաբերություններին: Իսկ 2014 թվականը գնահատելիս բավական է հիշել ծանր հանցագործությունների կտրուկ նվազումը: Այս ամենի հիմքում, բացի պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից պարբերաբար իրականացվող զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներից (անկախ վտանգավորության աստիճանից ու հասարակական հնչեղությունից) դրված է իրավական գնահատական տալու պրակտիկան, որի արմատավորումը երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում:
-Պատժի անխուսափելիության գաղափարի ամրապնդումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը, անշուշտ, յուրատեսակ կանխարգելում են, բայց, որպես քննչական կառույցի ղեկավար, Ձեր իրավաբանական փորձն ու ուսումնասիրությունները չե՞ն հուշում, որ առաջին հերթին պետք է տեսնել հանցավորությունը խրախուսող պատճառները եւ վերացնել դրանք:
-Բանակում հանցագործություն ծնող պատճառները շատ ավելի խոր արմատներ ունեն: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս խոսել է այդ մասին: Զինվորական իրավապահների ու հրամանատարության կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունը կապված է այն գործողությունների հետ, որոնք կիրականացվեն բանակում, կնվազեցնեն հանցանքների հաճախականությունը և կդառնան զսպիչ գործոն: Խոսքը վերաբերում է դաստիարակչական աշխատանքներին, օրվա կարգացուցակի անշեղ կատարմանը, իրավագիտակցության բարձրացմանը, հսկողությանը: Պետք է կատարելագործվեն պատասխանատվության մեխանիզմները: Ասենք՝ զինվորը որևէ հանցանք է կատարել. պետք է հստակեցվի՝ ովքեր էին իրավասու, ովքեր կարող էին կանխել հանցանքը, ում սխալի պատճառով հանցանքը չի կանխվել: Բարեփոխիչ գործընթացներն սկսված են, կարծում եմ՝ արդյունքը չի ուշանա:
Մեր ամենամեծ խնդիրը եղել եւ մնում են միջանձնային հարաբերությունների կատարելագործումն ու կանոնադրային բարքերի հաստատումը, ինչն էլ միտված է բանակի մարտունակության բարձրացմանը և սահմանների անվտանգության երաշխիքների ամրապնդմանը:
-Պարոն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է կանոնադրային հարաբերություններն ամրապնդել առաջին հերթին սպաների շրջանում: Եթե սպան բարեխղճորեն հետևի կանոնագրքի կանոններին, հազիվ թե զինվորը հանդգնի խախտել դրանք:
-Այն սպաները, ովքեր շրջանցում են կանոնագրքի պահանջները, ենթարկվում են պատասխանատվության: Այսօր պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ՝ բաց քննարկման, խնդիրը չթաքցնելու, համատեղ ուժերով լուծման ուղիներ որոնելու պրակտիկան արմատավորվել է բանակում, և դա տալիս է իր արդյունքը:
Պատժի անխուսափելիության գաղափարը չի իրացվում միայն զինվորների համար, այն բարեհաջող կիրառվում է նաև սպայակազմի շրջանում: Որովհետև զինվորական կանոնադրությունները բոլոր զինվորների համար են: Որովհետև սպայի կողմից կանոնադրային հարաբերությունների խախտումը կարող է դառնալ վատ օրինակ իր ենթակաների ու զինվորների համար: Օրինականության ամրապնդումը զորքերում ենթադրում է համալիր միջոցառումների իրագործում, որոնք փոխկապակցված-փոխպայմանավորված են:
-Ո՞ր հանցատեսակներն են առավել տարածված զինվորների շրջանում:
-Մեծ թիվ են կազմում քրեական օրենսգրքի 359 հոդվածով հարուցված քրեական գործերը՝ կանոնագրքային հարաբերությունների խախտում, որոնց նվազումը, հակառակ բոլոր ջանքերին, չնչին է, ի տարբերություն ծանր հանցագործությունների… Կանոնագրքային հարաբերությունների խախտումը առաջին հայացքից կարող է թվալ թեթև, անվտանգ հանցանք, իրականում այն ունի հանցածին բնույթ, ծանր հանցագործության վերաճելու թաքնված ներուժ: Իմ հանձնարարությամբ՝ քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչությունը վերլուծում է կանոնադրային հարաբերությունների խախտման դեպքերը, պատճառահետևանքային կապը և առկա օրինաչափությունները: Մենք տեղեկատվական նամակ կուղարկենք պաշտպանության նախարարին` կապված մեր դիտարկումների հետ, որպեսզի կանխարգելիչ աշխատանքը կազմակերպվի առավել նպատակային և արդյունավետ:
-Պաշտպանության նախարարն իր տարեսկզբի ուղերձում բանակային տարվա գլխավոր խնդիրը համարեց մարդակենտրոն բանակ ստեղծելու հրամայականը: Այսինքն՝ կարևորեց մարդու` զինվորի, սպայի ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածության խնդիրը:
-Եթե մի պահ վերանանք ուղերձի զգացմունքային և բարոյահոգեբանական տիրույթից, խոսենք օրենքի լեզվով, կարձանագրենք, որ կանոնագրքի կանոնները պաշտպանում են զինվորին ու սպային թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Այսինքն՝ կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը մարդակենտրոն բանակ ստեղծելու ամենահուսալի երաշխիքն է: Հանդուրժողականությունը իրավական կատեգորիա չէ, սակայն անհանդուրժողականությունը զորքերում կարող է հակասություն առաջացնել օրենքի հետ: Այդ իսկ պատճառով պետք է օգտագործել դաստիարակչական, քարոզչական, բարոյահոգեբանական ներգործության բոլոր լծակները` զինվորի վարքը դարձնելու առավել գիտակից, օրինապահ, պատասխանատու, ինքնավերահսկվող:
-Ո՞ր հանցանքներն են առավել տարածված սպայակազմի շրջանում:
-Առավել տարածված է ենթակայի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար՝ 360 հոդվածով նախատեսված հանցակազմը: Տարածված է նաև 358 կետ 1 հոդվածով նախատեսված հանցակազմը՝ ենթակայի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը:
-Պարոն Գրիգորյան, ի՞նչ նոր երևույթ է` զինվորը ձեռք է բարձրացնում սպայի վրա: Ես թերթում էի քրեական գործերը, մեղմ ասած` ապշեցի:
-Ինչո՞ւ է նոր: Այդ հանցակազմը միշտ էլ եղել է: Ես չեմ կարծում, թե հիվանդագին պետք է ընկալել այս հանցատեսակը: Դուք հաստատ չեք ապշում, երբ սպան ձեռք է բարձրացնում զինվորի վրա: Բայց երբ զինվորն է բռնություն կիրառում, ապշում եք: Մինչդեռ հակառակը պիտի լիներ, որովհետև սպան դաստիարակ է, սպան սխալվելու ավելի քիչ իրավունք ունի, քան զինվորը, սպան պետք է օրինակ ծառայի զինվորին: Ինձ համար՝ որպես իրավաբանի, խնդիրը այս տեսանկյունից է գնահատվում: Ավելին կասեմ` երբ զինվորը ձեռք է բարձրացնում սպայի վրա, ապա սպան ունի մեղքի իր բաժինը: Եթե ժամանակին տարբեր փոքրիկ օրինախախտումների համար սպան կիրառեր կարգապահական տույժեր զինվորի հանդեպ, բանը չէր հասնի նրան, որ զինվորը ձեռք բարձրացներ սպայի վրա:
-Պարոն Գրիգորյան, հիմա պիտի խոսենք Ձեր ղեկավարած կառույցի գործունեության մասին: Գաղտնիք չէ, որ դեռևս խորհրդային տարիներից ոչ հանիրավի մեր ժողովրդի շրջանում ձևավորվել է անվստահություն օրինապահ մարմինների օրինականության հանդեպ: Որքան էլ ցավալի է ու զավեշտական, մեր երկրում ոչ ոք այնքան չի խախտում օրենքը, որքան օրինապահները: Այդ առումով Ձեզ աննախանձելի ժառանգություն է բաժին ընկել, ու պիտի կարծրատիպերը կոտրել:
-Նախ՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրեն հայտնի հանցագործության փաստի մասին տեղեկացնել պատկան մարմիններին: Երկրորդ՝ ես չեմ մտածում կարծրատիպեր կոտրելու մասին ու առանձնապես չեմ հուզվում, երբ կողմերից մեկը` տուժողը կամ մեղադրյալը, աղմուկ են բարձրացնում օրինապահների հանդեպ իրենց հանիրավի մեղադրանքներով: Յուրաքանչյուր ոք, օգտվելով իր իրավունքից, պետք է չխախտի այլ անձի իրավունքը, իսկ զրպարտանքները պարզապես աններելի են: Ստահոդ հրապարակային ելույթները կարող են սխալ հասարակական կարծիք ձևավորել իրավապահների մասին: Իսկ իմ խնդիրն է հնարավորինս արդյունավետ ու արհեստավարժ վարել քրեական գործի ընթացքը և օբյեկտիվության, բազմակողմանիության եւ արդարության սկզբունքով՝ անաչառ որոշում կայացնել:
-Իսկ եթե մեղադրանքը օբյեկտի՞վ է: Չի բացառվում, չէ՞, որ քննիչը կաշառք վերցնի ու միտումնավոր շեղի քննության ընթացքը` հօգուտ որևէ կողմի:
-Այսօր բացառվում է: Վերահսկողական մեխանիզմները թույլ չեն տա նման սուբյեկտիվություն: Կան բազմաթիվ հսկողական օղակներ, որոնք շրջանցելը գրեթե անհնար է:
-Պարոն Գրիգորյան, իսկ այն դեպքերը, երբ քննիչը գումար է վերցրել դատավարության ընթացքը հօգուտ կողմերից մեկին փոխելու համար, երբ քննիչը գումար է վերցրել քրեական գործը կարճելու համար:
– Վերջին երկու տարիներին արձանագրվել է միայն Ձեր նշած երկու դեպքը, երբ քննիչը կատարել է քրեական հանցագործություն: Ի դեպ, երկրորդ դեպքը այսպիսին է. քննիչը հանցակազմ չպարունակող գործը կարճելու ցուցում էր ստացել, օգտվելով առիթից՝ նա քրեական գործը կարճելու դիմաց գումար էր պահանջել:
-Կաշա՞ռք:
-Ո՛չ: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: Քննիչը չի շեղել քրեական գործի ընթացքը, ոչ մի անօրինական գործողություն չի ձեռնարկել` կապված գործի քննության հետ, գումար է վերցրել իր լիազորությունների շրջանակում օրինական գործողություն կատարելու համար:
-Պարոն Գրիգորյան, ես մասնակցել եմ բազմաթիվ դատավարությունների՝ հիմնականում ծանր հանցանքների հետ կապված, ու չեմ տեսել մի դեպք, որ փաստաբանը չասի` իմ պաշտպանյալը անմեղ է՝ ազատ արձակեք դատարանի դահլիճից: Չկա՞ մի մեխանիզմ, որը կգնահատի փաստաբանի աշխատանքը, այն կանվանի ոչ պրոֆեսիոնալ, գուցե ինչ-որ տույժեր կսահմանի ակնհայտորեն ստելու համար, իր պաշտպանյալին սուտ հույսեր ներշնչելու ու փող կորզելու համար:
-Ո՛չ, ցավոք, չկա նման մեխանիզմ: Աշխարհի ոչ մի երկրում չկա: Հաճախ փաստաբանը, լինելով իրավաբան, շատ լավ հասկանում է, որ ինքը չի կարող իրականացնել իր պաշտպանյալի հավակնությունները, բայց սուտ հույսեր է ներշնչում:
-Խաբելով ոչ միայն իր պաշտպանյալին, այլ ապակողմնորոշելով հասարակությանը: Նույնիսկ ես, որ հնարավորություն ունեմ ծանոթանալու քրեական գործի մանրամասներին, դատարանում որոշ փաստաբանների զգայացունց ճառը լսելով՝ սկսում եմ կասկածել դատավճռի օրինականությանը: Վերջերս քննարկվում էր երդվյալների ինստիտուտ ստեղծելու հարցը: Պատկերացնում եք` իրավաբանությունից հեռու մարդուն որքան դժվար կլինի կողմնորոշվելը…
-Սա անվերահսկելի գործընթաց է: Յուրաքանչյուր ոք պիտի հասկանա, որ ոչ մի փաստաբան չի կարող օգնել իրեն խուսափելու արդարադատությունից: Ոչ մի իրավաբան, այդ թվում և փաստաբանը, բարոյական իրավունք չունի խուսափելու մասնագիտական էթիկայի նորմերից: