Ելույթներ, հարցազրույցներ
03.04.19, 17:05

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ» ուղեցույցի շնորհանդեսին

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթը՝ «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ» ուղեցույցի շնորհանդեսին

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել «Քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, խափանման միջոց կիրառելու կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի  վերաբերյալ» ուղեցույցի շնորհանդեսը:

Ստորև ներկայացնում ենք շնորհանդեսի ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ.

1999 թվականին, երբ գործողության մեջ դրվեց գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետությունը դեռ չէր վավերացրել 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան, ինչպես նաև՝ դրան կից մի քանի արձանագրությունները, հետևաբար օրենսգրքով, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ Կոնվենցիայով
  նախատեսված մի շարք չափորոշիչներ չէին ներառվել օրենսգրքում, մասնավորապես՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որը սահմանում է անձին ազատությունից զրկելու օրինական դեպքերը, կարգը, ինչպես նաև՝ ընթացակարգը:

2002 թվականին, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Կոնվենցիան, դրան անմիջապես չհետևեցին Կոնվենցիոն ինչպես վերը նշված, այնպես էլ՝ այլ դրույթների ներառումն ազգային օրենսդրության մեջ և առաջացավ իրավական անորոշություն:

Ազգային արդարադատություն իրականացնող մարմինները՝ դատարանները, և հատկապես ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումների հիմքում դրեց Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած չափորոշիչները, որոնք կարծես իրավակիրառ մարմինների համար դարձան աշխատակարգ, և այդ մշակույթի ձևավորմամբ, Կոնվենցիայի մի շարք դրույթներով նախատեսված կարգեր սկսեցին գործել:

Կոնվենցիայի վավերացումից հետո, տարբեր բնագավառներում ծագող իրավահարաբերությունները կարգավորող և նոր ընդունվող օրենքներում նախատեսված դրույթներն արդեն քննարկվում և համապատասխանեցվում էին Կոնվենցիայով նախատեսված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների չափորոշիչներին:

Նշվածի օրինակը 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված նոր խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունն էր, որի 27-րդ հոդվածում ամրագրված է անձնական ազատության իրավունքը, որտեղ հստակ թվարկված են անձնական ազատությունից զրկելու դեպքերն ու օրենքով սահմանված կարգը, բացի այդ, նախատեսված են նաև լրացուցիչ երաշխիքներ:

2018թ. հունվարին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և անձնական ազատությունից զրկելու հետ կապված դրույթներն ամբողջությամբ համապատասխանեցվեցին Կոնվենցիայի և Սահմանադրության պահանջներին:

Ինչ խոսք, գոհացուցիչ է, երբ մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման կապակցությամբ ծագող իրավահարաբերություններն ամբողջությամբ օրենսդրորեն կարգավորված են, բայց այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը, մասնավորապես՝ ինչպես են դրանք գործնականում կիրառվում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, չէ՞ որ առերևույթ հանցագործության յուրաքանչյուր դեպքով իրականացված մինչդատական վարույթի արդյունքները տարբեր են, հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ազատությունից զրկելու հիմք հանդիսացող չափորոշիչները ոչ միայն լինեն հիմնավոր, այլև միատեսակ, նույն գնահատականին արժանանան ինչպես վարույթն իրականացնող քննիչի, այնպես էլ դատախազի և դատավորի կողմից, քանի որ
 մի շարք դեպքերում գործ ունենք գնահատողական կատեգորիաների հետ, որոնք պետք է լինեն ո՛չ թե վերացական, այլ՝ առարկայական:

Ահա այս ընթացքը դիտարկելու և առաջացող խնդիրներին արագ միջամտելու, դրանք կարգավորելու, միասնական պրակտիկա ձևավորելու համար, Քննչական կոմիտեի ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահել և պահում անձին ձերբակալելու, անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի՝ կալանավորման կիրառման գործընթացը, քննարկվել և քննարկվում են ՄԻԵԴ-ի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների արտահայտած դիրքորոշումները և այդ կապակցությամբ պարբերաբար կատարվում են ուսումնասիրություններ:
  Ես իմ նախաձեռնությամբ դիմեցի ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ նախկին  ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին՝ ներկայացվելիք  ուղեցույցի  մշակման գործընթացին իր աջակցությունը ևս ցուցաբերելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նշված պաշտոնը զբաղեցրել է դեռևս 2004 թվականից, ունի հարուստ փորձ ու նշված տարիներին առնչվել և կարգավորել է քննարկվող խնդիրները ՀՀ-ում և ՄԻԵԴ-ում:

Այժմ կներկայացնեմ վերոնշյալ ուսումնասիրության թվային ցուցանիշները:

Այսպես. 2018թ. Կոմիտեի քննիչների վարույթում քննվող գործերով ձերբակալվել է 724 անձ (2017թ.- 775), որոնցից՝ ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է 38-ի դեպքում (2017թ.- 27), իսկ 22 դեպքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ (2017թ.- 7):

Ինչպես տեսնում ենք, նվազել են ձերբակալումների քանակական ցուցանիշները, սակայն աճել են ձերբակալման իրավաչափության բողոքարկումների և ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու դեպքերը:

2019թ. ձերբակալումների բողոքարկումներն էլ ավելի են աճել, ինչի մասին են վկայում Ձեր ուշադրությանը ներկայացված ցուցանիշները՝ միայն հունվար-փետրվար ամիսներին ձերբակալված 152 անձանց պարագայում, ձերբակալումը բողոքարկվել է 21-ով և դրանցից 18-ի դեպքում դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:
 

Դատարաններն իրենց որոշումները պատճառաբանել են այն հանգամանքներով, որ կասկածյալին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը բացակայում է և հիմնավորել են, որ կասկածյալի՝ վարույթն իրականացնող մարմնի կանչով մշտապես չներկայանալու, քննությունից խուսափելու, այդ ընթացքում նոր հանցագործություն կատարելու, դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալու համար բավարար փաստական տվյալներ քննիչի կողմից չեն ներկայացվել, որոշ դեպքերում արձանագրվել է ձերբակալման նպատակի բացակայություն, մեկական դեպքում քննիչը չի ներկայացել, ինչն անհրաժեշտ է եղել ձերբակալման հիմքերի և նպատակի առկայությունը ստուգելու համար, իսկ մյուս դեպքում ձերբակալման արձանագրության մեջ չի նշվել հիմքը:

2018թ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան են ներկայացվել 623 միջնորդություններ, որոնցից՝ 55-ի դեպքում դատարանը մերժել է քննիչների որոշումները (2017թ.- 861, որոնցից մերժվել է 67-ը):

38 միջնորդություններով դատարաններն իրենց որոշումները պատճառաբանել են այն հանգամանքով, որ քննիչի հետևությունները մեղադրյալի հավանական գործողությունների վերաբերյալ հիմնված չեն ողջամիտ ենթադրությունների վրա և բավարար չեն եղել ազատության կանխավարկածը հաղթահարելու, կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար:

16 միջնորդություններով՝ բացակայել է հիմնավոր կասկածը, իսկ 1 դեպքում արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանել արարքի փաստական նկարագրությանը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2019թ. հունվար-փետրվար ամիսներին աճել են կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու դեպքերը, մասնավորապես՝ դատարան
  են ներկայացվել 137 միջնորդություններ, որոնցից  21-ը դատարանների կողմից  մերժել են:

Տեղյակ եմ, որ ԵԽ-ն Հայաստանի անդամակցության պահից սկսած տարբեր պետական մարմինների հետ իրականացրել է Կոնվենցիայի հոդվածների վերլուծություններ և հայերեն թարգմանություններ՝ նպատակ ունենալով հեշտացնել և բարձրացնել իմպլեմենտացման հարցերը: Տեղյակ եմ, որ ԵԽ-ն Արդարադատության ակադեմիայի հետ վերլուծություններ է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կապակցությամբ: Մեր այս վերլուծությունը
  վերաբերում է քննչական աշխատանքի առնվազն  վերջին 3 տարիների ընթացքում Կոնվենցիայի՝ անձնական ազատությունից զրկելու օրինաչափության վերաբերյալ 5-րդ հոդվածին՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին:

Վիճակագրական տեղեկությունների, քննիչների միջնորդությունների և դատարանների որոշումների ուսումնասիրությունների արդյունքում առաջացավ այն միտքը, որ անհրաժեշտ է գործնականում կիրառելու համար ուսումնասիրություններով մշակել Մարդու իրավունքների եվրոպական և ՀՀ Վճռաբեկ դատարանների որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների սեղմագրեր, որոնք մեկ միասնական ուղեցույց կլինեն և կօգնեն Քննչական կոմիտեի քննիչներին՝ իրենց ամենօրյա աշխատանքում: