Քննության պլանավորումը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի
12.03. 2015թ. թիվ 13 հրամանի հավելվածին կցված բացատրական նյութ
Քննության պլանավորումը
Հանցագործության քննությունը բարդ, բազմակողմանի գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված ժամկետներում: Քննիչը պետք է պարզի հանցագործության բոլոր էական հանգամանքները, այն կատարող անձանց, ինչպես նաև հանցագործություն ծնող պատճառներն ու պայմանները: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է տարատեսակ միջոցառումներ՝ քննչական (քրեագիտական) վարկածների հմտորեն առաջադրում, տարբեր քննչական գործողությունների կատարում, օրինակ՝ հարցաքննություն, խուզարկություն, զննություն, փորձաքննության կատարում և այլն: Հիշյալ բարդ գործունեությունն առանց համակարգվածության, նպատակաուղղվածության չի կարող հաջողություն ունենալ, իսկ այն առավելապես ապահովվում է քննության պլանավորմամբ:
Քննության պլանավորումը մտածողական գործընթաց է, որն իր մեջ ներառում է կատարված հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանն ուղղված աշխատանքների բովանդակության և հաջորդականության որոշում՝ ժամանակի և ուժերի առավել արդյունավետ օգտագործմամբ:
Պլանավորումը նախաքննության այնպիսի կազմակերպումն է, որն ապահովում է հանցագործության արագ և լրիվ բացահայտումը: Պլանավորման առանցքը քննչական վարկածների առաջադրումն է՝ դրանց յուրաքանչյուրի ստուգման նպատակով (բացահայտման ենթակա հանգամանքների շրջանակի որոշում):
Քրեագիտական պրակտիկայում համապատասխան հետազոտությունները փաստել են, որ պլանավորման վրա քննիչի ծախսած ժամանակը փոխհատուցվում է այն առումով, որ պլանավորված աշխատանքն արդյունքում էականորեն կրճատում է կոնկրետ գործի քննության համար ծախսվող ընդհանուր ժամանակը:
Հնարավոր քննչական վարկածների առաջադրումից հետո յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար,սկսվում է պլանավորման գործողությունը, որի արդյունքը բովանդակում է.
v այն քննչական գործողությունների շրջանակը, որը անհրաժեշտ է իրականացնել այս կամ այն քննչական վարկածի համաձայն՝ գործող էական հանգամանքներ պարզելու համար (հարցաքննություն խուզարկություն և այլն),
v այն քննչական գործողությունների բովանդակային ծավալի որոշումը, որը նախատեսվել է անցկացնել (ինչպիսի հարցադրումներ է նպատակահարմար առաջադրել այս կամ այն վկայի հարցաքննության ժամանակ, փորձագետի առաջ, ինչ փնտրել խուզարկության ժամանակ և այլն),
v նախատեսվող քննչական գործողությունների հաջորդականության սահմանումը (հիմնվելով հանցագործության բնույթի և այլ հանգամանքների վրա՝ քննիչը նախանշված քննչական գործողություններից որոշում է, թե որոնք պետք է իրականացվեն ավելի վաղ, որոնք ավելի ուշ: Եթե այս հարցը քննության պլանի կազմման ժամանակ ոչ բավարար մտածված լինի, ապա այն կարող է հանգեցնել սխալի, իսկ որոշ դեպքերում նաև՝ անուղղելի),
v նախատեսված քննչական գործողության ժամանակի որոշումը,
v քննչական գործողության կատարման տեղի ընտրությունը,
vայս կամ այն քննչական գործողությանը մասնակցող անձանց շրջանակի որոշումը,
vգիտատեխնիկական միջոցների ընտրությունը, որն անհրաժեշտ է կիրառել կոնկրետ քննչական գործողության կատարման ժամանակ,
vայն փաստաթղթերի շրջանակը, ինչպես նաև՝ առարկաների, որն անհրաժեշտ է պահանջել կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից և առանձին քաղաքացիներից,
vօպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին ուղղված հանձնարարությունների շրջանակի որոշումը (հանցագործության քննության ժամանակ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների համակարգումն ունի կարևոր նշանակություն: Քննիչը գործով քննության պլանավորման ժամանակ պետք է նախատեսի, թե ինչ հանձնարարություններ է անհրաժեշտ տալ ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու համար):
Ս.Վ.Կուզմինը «Հանցագործությունների քննության պլանավորման բովանդակությունը» խորագրով գիտական հոդվածում քննության պլանավորումը բաժանել է խմբերի: Պլանավորման առաջին փուլը քննչական իրավիճակի պարզումն է, երկրորդը՝ քննության խնդիրների առաջադրումը, երրորդը՝ անհրաժեշտ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների շրջանակի որոշումը, չորրորդը՝ քննչական գործողությունների հաջորդականությունը, հինգերորդը՝ քննիչի և օպերատիվ աշխատողների կողմից կոնկրետ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և կազմակերպական միջոցառումների պլանավորումը, վեցերորդը՝ քննության ընթացքի նկատմամբ հսկողության ձևի, ժամանակի, սուբյեկտի, օբյեկտի որոշումը, յոթերորդը՝ գրավոր և (կամ) գրաֆիկական պլանների կազմումը:
Պլանավորման բովանդակությունը (զգալիորեն լայն իմաստ ունի ու ներկայացնում է քննիչի աշխատանքի կազմակերպական և ստեղծագործական կողմը, որն սկսվում է քննության սկզբից և շարունակվում մինչև ավարտը) ենթադրում է՝
v վարկածների առաջադրում,
v վարկածի վերլուծությունից բխող պարզաբանման ենթակա հանգամանքների և հարցերի սահմանում,
vառաջադրված վարկածների հետազոտման, դրանցից բխող հարցերի պարզաբանման, գործով ապացուցման առարկայի սահմանման և քննության այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և այլ ստուգողական ու կանխարգելիչ միջոցառումների շրջանակի որոշում,
vնախատեսված գործողությունների և միջոցառումների կոնկրետ կատարողների որոշումը, դրանց կատարման ժամկետները և հաջորդականությունը:
Քննչական (քրեագիտական) վարկածներ
Քրեագիտական վարկածի բնութագրական հատկանիշներ են.
v ենթադրյալ, հնարավոր (հավանական) բնույթը,
vստուգման կարիք ունենալը և ինքնուրույն հիմք չլինելը՝ փաստերի և դրանց միչև կապի մասին վերջնական եզրահանգումների համար,
vստուգման ժամանակ այն հաստատվելը և փաստական տվյալ դառնալը կամ հերքվելը ու բացառվելը,
vառաջադրումը միայն այն հանգամանքների կապակցությամբ, որոնք դեռևս գործով չեն պարզվել,
v ստեղծված իրավիճակի համար իրատեսական և առկա տեղեկությունների վրա հիմնված լինելը:
Քրեագիտական վարկածն ապահովում է՝
vքննչական (օպերատիվ, դատական, փորձագիտական) գործողությունների համակարգվածությունը և ուղղվածությունը,
vդեպքի և դրա հետ կապված առանձին հանգմանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումը,
vգործով տեղեկատվական անորոշության հաղթահարումը:
Քրեագիտական վարկածի առաջադրման համար քննիչը և քրեագիտական գործունեության այլ սուբյեկտները պետք է ունենան որոշակի փաստական տվյալներ: Դրանք կարող են արտահայտվել նաև հավաքված տվյալների տեսքով, որոնք ստացվել են ոչ քրեադատավարական ռեժիմով, օրինակ՝ օպերատիվ-հետախուզական ճանապարհով պատահական աղբյուրից ստացված օպերատիվ տվյալը: Նշյալ տվյալների հիման վրա առաջադրված վարկածը պետք է միտված լինի ոչ միայն ունեցած տեղեկությունները պարզաբանելուն, այլև դրանց փոխկապվածությունը և փոխկախվածությունն ի հայտ բերելուն:
Հետևաբար, քրեագիտական վարկածը հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի էության կամ առանձին հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալների վրա հիմնված, ստուգման ենթակա ենթադրությունն է: Տրամաբանության տեսակետից՝ վարկածը հիպոթեզի տարատեսակ է, որն իրենից ներկայացնում է մտածողության ձև, որի օգնությամբ իրականացվում է հավանական գիտելիքներից անցում դեպի արժանահավատը (ստույգը):
Քրեական գործով, որպես կանոն, առաջադրվում է մի քանի վարկած: Եթե հանցագործության էությունը պարզ է (հիմնականում բացահայտ հանցագործությունների դեպքերով) և դրա վերաբերյալ ընդամենը կարելի է մեկ եզրահանգում կատարել, ապա ընդհանուր վարկածների մշակման անհրաժեշտությունը բացակայում է: Սակայն նշյալ դեպքերում ոչ միշտ է հանցագործության բոլոր հանգամանքները բավարար չափով տեսանելի (օրինակ՝ պարզ չեն հանցագործության շարժառիթը և այլն), որը պայմանավորում է այլ, առավել մասնավոր վարկածների առաջադրման անհրաժեշտությունը:
Քրեագիտական վարկածները դասակարգվում են ծավալային առումով և ըստ որոշակիության: Ծավալային առումով (պարզաբանման ենթակա հանգամանքներ) դրանք բաժանվում են ընդհանուրի և մասնավորի: Դրա հետ մեկտեղ՝ ընդհանուր վարկածներն առաջադրվում են հանցագործության դեպքի առումով որպես գլխավոր և դրա առանձին հանգամանքների նկատմամբ հարցադրումների համատեքստում, որոնք բնութագրում են ապացուցման առարկայի հիմնական բաղադրիչները: Մասնավոր վարկածները կապված են հանցագործության առավել մասնավոր հանգամանքների հետ, որոնք հաստատում կամ ժխտում են ընդհանուր վարկածը:
Ըստ որոշակիության՝ քրեագիտական վարկածներն իրենց հերթին լինում են տիպային և կոնկրետ:
Տիպային վարկածները գիտական ընդհանրության արդյունք են, կազմվում են որոշակի աբստրակցիա ներկայացնող տիպային քննչական իրավիճակի հաշվի առնմամբ և հիմքով: Տիպային վարկածները սովորաբար ունեն կողմնորոշիչ նշանակություն և հիմնվում են ոչ զգալի ծավալի տեղեկությունների վրա: Օրինակ՝ հանկարծակի, առանց շարժառիթի անձի անհետացումը և անարդյունք նրա որոնումները հաճախակիորեն հիմք են տալիս առաջադրել տիպային վարկած սպանության մասին:
Կոնկրետ վարկածներն առաջադրվում են որոշակի հանցագործությունների քննության դեպքում և հիմնվում են սեռային առումով մոտ տիպային վարկածի վրա:
Պլանավորման սկզբունքները և պայմանները
Քննության պլանի օպտիմալության գնահատականը կախված է նրանից, թե որքանով է այն համապատասխանում հիմնական առանցքային դրույթներին, որոնց հանրագումարի արդյունքն ապահովում է դրա հիմնավորված սկիզբը: Նշյալ դրույթների շարքին են դասվում պլանավորման էությունը, պայմանները, բաղադրիչները և սկզբունքները:
Պլանավորման սկզբունքները քրեագիտության կողմից մշակված և պլանավորմանը ներկայացվող պահանջներն են, որոնց պահպանմամբ ապահովվում է դրա արդյունավետությունը:
Պլանավորման սկզբունքներն են՝ անհատականությունը, դինամիկությունը, հիպոթետիկությունը, կոնկրետությունը և իրատեսականությունը:
Անհատականության սկզբունքը պահանջում է պլանավորման դեպքում հենվել ինչպես տվյալ տեսակի համար ընդհանուր հատկանիշների, այնպես էլ քննվող հանցագործության բոլոր առանձնահատկությունների վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր պլան պետք է լինի անհատական, այլ ոչ տիպային: Այս սկզբունքը քննիչին ուղղորդում է յուրաքանչյուր քրեական գործով կազմել քննության պլան: Որքանով որ չկա երկու միանման հանցագործություն, այնպես էլ անհնար է քննության պլան, որը պիտանի է մի քանի քրեական արարքների քննության համար, անգամ՝ միասեռ: Դրա հետ մեկտեղ, քննության պլանավորման անհատականության սկզբունքը չի բացառում, այլ, հակառակը, ենթադրում է տվյալ դեպքի համար բոլոր անհրաժեշտ ընդհանրական բնույթի քրեագիտական առաջարկությունների լայն կիրառում: Քննության տիպային ուղղությունների, միջոցների և եղանակների վերաբերյալ առաջարկությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում կոնկրետ հանցագործության և առկա քննչական իրավիճակի բոլոր առանձնահատկությունները:
Դինամիկության սկզբունքը նշանակում է, որ քննության պլանը՝ որպես քննիչի կարևոր ստեղծագործական աշխատանքային գործիք, չի կարող չլինել ճկուն և շարժունակ: Ճկունությունը և շարժունակությունը ենթադրում է, որ քննիչը չի կարող կախված լինել քննության այն ուղղություններից, որոնք ինքը նախկինում պլանավորել էր: Գործով տեղեկությունների հավաքման և հետազոտման տրամաբանությունն այն է, որ ստացվող նոր տեղեկությունները միշտ փոխում են ստեղծված քննչական իրավիճակը և համապատասխանաբար պահանջում քննության պլանում լրացումների և փոփոխությունների կատարում: Այս պահանջի իրականուցումն ապահովում է պլանի դինամիկությունը: Այս սկզբունքը սերտ կապված է քննության փուլային ընթացքի հետ, որոնցից յուրաքանչյուրում պլանի բնույթը փոխվում է: Պլանավորումը մեկանգամյա գործողություն չէ, այն զուգահեռաբար իրականացվում է քննության ողջ ընթացքում:
Հիպոթետիկության սկզբունքը բխում է քննության ընթացքի օբյեկտիվ օրինաչափությունից որպես որոնողական ճանաչողական գործունեություն, որն արտահայտվում է գործով տեղեկությունների ստացման և հավաքման գործընթացում և պահանջում ի հայտ եկած հանգամանքների հիպոթետիկ բացատրություն: Նշվածի հետ կապված՝ քննության պլանը որոնողաճանաչողական մասով կարող է գոյություն ունենալ միայն առաջադրված քննչական վարկածների հիմքում: Հետևաբար, վարկածը պլանավորման տրամաբանական հիմքն է, դրա կազմակերպական սկիզբը: Դրա հետ մեկտեղ, պլանի ոչ որոնողական հատվածը կարող է ուղղված լինել այլ խնդիրների լուծմանը (տակտիկատեխնիկական, կազմակերպական և դատավարական):
Կոնկրետության սկզբունքը նշանակում է, որ պլանում պետք է արտահայտված լինեն այս կամ այն վարկածի ստուգման համար անհրաժեշտ բոլոր հարցերը, բոլոր քննչական գործողությունները, հետախուզական և այլ միջոցառումները, դրանց կոնկրետ ժամկետները և կատարող անձինք: Օրինակ՝ անիմաստ է պլանում նշել, «կատարել վկաների հարցաքննություններ», «խուզարկել կասկածյալներին» և այլն: Նման պլանը պրակտիկորեն ոչինչ չի տալիս: Պլանում պետք է նշվի, թե որ վկան պետք է հարցաքննվի, որ կասկածյալը պետք է խուզարկվի, ով և երբ պետք է կատարի նշված գործողություննները:
Իրատեսականության սկզբունքը նշանակում է, որ մշակված պլանը պետք է ապահովի քննության ուղղությունների որոշման և առաջադրված քննչական բոլոր վարկածների արդյունավետ, լիարժեք ստուգման հնարավորություն: Դրա հետ մեկտեղ, նկատի է ունեցվում առաջադրված խնդիրների լուծումը սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով քննչական գործողությունների, բոլոր հնարավոր քրեագիտական ռեսուրսների, ժամանակակից գիտության և տեխնիկայի առավելագույն կիրառման իրական հնարավորությունները: Պլանի կազմման ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել աշխատանքի ծավալի իրատեսական գնահատականով, ինչպես նաև քննիչի ներուժով և կարողություններով:
Նկատի ունենալով, որ քննության պլանավորումը մտածողական ընթացք է, ուստի այն կարելի է դիտարկել ինչպես զարգացող համակարգ և նկարագրել համակարգային մոտեցման համատեքստում: Այս տեսանկյունից քննության պլանները միշտ համակարգված են: Համակարգվածությունն արտահայտվում է թեկուզ նրանում, որ պլանավորման յուրաքանչյուր տեսակ (ընդհանուր, օրացուցային, առանձին քննչական գործողությունների), ցանկացած պլանի բաղադրիչ առավել ընդհանուր համակարգի կառուցվածքային մաս է: Պլանավորման բոլոր փուլերն ու ձևերը հաջորդական են միմյան հետ: Հենց այս հանգամանքն է թույլ տալիս խոսել քննության պլանի և պլանավորման ամբողջականության մասին և այն ներկայացնել փոխկապակցված համակարգի տեսքով: Այսպիսի ամբողջականությունը և ներքին կազմակերպվածությունը վերաբերելի է նաև առաձին քննչական գործողությունների պլանավորմանը: Չի կարելի քննչական գործողությունը լիակատար պլանավորել՝ չհետևելով կամ բաց թողնելով այդ գործընթացի առանձին փուլեր: Այսպես, հնարավոր չէ որոշել անհրաժեշտ տակտիկական հնարքները և դրանց կիրառման հաջորդականությունը, ինչպես նաև դրանց համար կիրառելի տեխնիկական միջոցները և բացահայտման մեխանիզմները, հետքերի ամրագրման և ամբողջականության ապահովման հարցերը՝ առանց այս կամ այն խնդրի կամ ապացուցման ենթակա հանգամանքների պարզման հերթականությունը որոշելու:
Պլանավորման առաջնային նպատակը պլանի կազմումն է, որից հնարավոր կլինի տեսնել ինչը և ինչպես պետք է կատարել, երբ, որտեղ և ով պետք է զբաղվի դրանցով: Նշվածին հասնելու համար քննիչը պետք է լուծի միջանկյալ խնդիրների մի ամբողջական շարք, անցնի հաջորդաբար պլանավորման բոլոր փուլերով: Դրա հետ մեկտեղ, նշվածներից յուրաքանչյուրն ունի իր մասնավոր նպատակները, որոնց չհասնելը թույլ չի տա անցնել հաջորդ փուլին: Օրինակ՝ քննության կոնկրետ խնդիրները չպարզելով հնարավոր չէ ճիշտ որոշել անհրաժեշտ քննչական գործողությունների և այլ միջոցառումների շրջանակը, դրանք չձևակերպելով հնարավոր չէ սահմանել դրանց կատարման հաջորդականությունը, ժամկետները և այլն:
Քննության պլանի ձևերը
Ըստ ձևի՝ քննության պլանը կարող է լինել գրավոր և բանավոր: Քննչական պրակտիկայում հաճախ օգտագործվում է գրավոր ձևը՝ որպես առավել արդյունավետ միջոց, որը քննիչից չի պահանջում քննության պլանի բովանդակությունը, պարզաբանման ենթակա հանգամանքները, միջոցառումները, դրանց կատարման հաջորդականությունը և ժամկետները մտապահել հիշողության մեջ:
Բանավոր պլանով քննիչը սահմանափակվում է գլխավորապես քննության սկզբում, երբ իրականացնում է անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի վայրում ու հնարավորություն չունի կազմել գրավոր քննության պլան: Այս ժամանակ նույնպես քննիչը չի կարող խուսափել քննության պլանավորումից և պետք է հենց սկզբում գործի որոշակի, թեկուզ և՝ մտովի, բայց բազմակողմանի մտածված պլանի շրջանակում: Այլապես նրա աշխատանքը գործով կստանա քաոսային բնույթ և, որպես կանոն, քիչ արդյունավետ կլինի:
Կատարելով բոլոր անհետաձգելի միջոցառումները՝ քննիչը ձեռնամուխ է լինում քննության գրավոր պլանը կազմելուն, որի բաղադրիչներն են՝
vառաջադրված վարկածները,
vպարզաբանման ենթակա հարցերը, հանգամանքները,
vքննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները, դրանց կատարման ժամկետները և հաջորդականությունը:
Եթե կիրառվում է քննության խմբային մեթոդը, քննչական և օպերատիվ խմբի ղեկավարի և խմբի մյուս անդամների մասնակցությամբ, գործով կազմվում է քննության ընդհանուր պլան, իսկ նշվածից զատ յուրաքանչյուր քննիչ կազմում է իր անհատական քննության պլանը:
Անհատական պլանի կոնկրետ բովանդակությունը կախված է նրանից, թե ինչպես է բաշխվել պարտականությունները խմբի անդամների միջև և ինչ հանձնարարություն է ստացել յուրաքանչյուրը:
Գործնականում աշխատանքի բաշխումն իրականացվում է տարբեր եղանակով: Մի դեպքում խմբի աշխատանքները կառուցվում են վարկածներով, երբ յուրաքանչյուր քննիչ իրականացնում է մեկ կամ մի քանի նախատեսված վարկածի ստուգումը: Երկրորդ դեպքում այն կազմակերպվում է փուլային եղանակով, և յուրաքանչյուր խմբի անդամին հանձնարարվում է հետազոտել այս կամ այն հանցագործության դրվագը կամ մի քանի փոխկապակցված դրվագներ: Երրորդ դեպքում, եթե հանցագործությունը կատարվել է տարբեր վայրերում, խմբի անդամների աշխատանքը բաժանվում է տարածքային սկզբունքով:
Երբեմն նպատակահարմար է խմբի որևէ անդամին հանձնարարել կատարել որոշակի քննչական գործողություններ, օրինակ՝ խուզարկություն, հարցաքննություն, փորձաքննության նշանակում և այլն:
Անհատական պլանների կառուցվածքը և բովանդակությունը բերված բոլոր դեպքերում տարբեր են լինում: Օրինակ, տարածքային կամ փուլային սկզբունքով աշխատանքի բաշխման դեպքում անհատական պլանները նմանվում են տիպային քննության պլանին և բովանդակում են բոլոր դրա հիմնական բաղադրիչները: Եթե քննիչին հանձնարարվել է միայն որոշակի քննչական գործողությունների նախապատրաստում և իրականացում, ապա անհատական քննության պլանը կստացվի հատվածային՝ կոնկրետ քննչական գործողությունների սահմաններում:
Խմբային և բազմադրվագ քրեական գործերով ընդհանուր և անհատական քննության պլանների հետ օգտագործվում են նաև պլանավորման օժանդակ միջոցներ՝
vհանցավոր խմբի կառուցվածքի սխեմա,
vհանցակիցների հանցավոր կապերի սխեմա,
vփաստաթղթաշրջանառության, ապրանքանյութական արժեքների շարժի, կազմակերպության կառուցվածքի, արտադրության տեխնոլոգիական պրոցեսների սխեմաներ,
vանձնական քարտեր՝ մեղադրյալների, նրանց մեղսագրվող արարքների ու առկա ապացույցների նշումով և այլն,
vմեղադրյալի կապերի ցանկը,
vև այլն:
Ինչպես վերը նշվեց, ցանկացած պլան կարող է ունենալ մտովի, գրավոր և գրաֆիկական ձև: Պրակտիկայում քննության համար կիրառելի է քննության գրավոր պլանի տիպային ձևը, որում առաջարկվում է նախատեսել հետևյալ տվյալները.
v գործի անվանումը,
v քննիչի կողմից հարուցման և վարույթ ընդունելու ամսաթվերը,
v նախաքննության ավարտի ժամկետը,
v կալանավորված անձի տվյալները,
v կալանքի ժամկետը,
v քննչական վարկածը,
v պարզման ենթակա հանգամանքները,
v անհրաժեշտ միջոցառումները,
v յուրաքանչյուր միջոցառման կատարման ժամկետը,
v կատարողները,
vՆշում միջոցառման կատարման մասին (ինչ է պարզվել միջոցառման ժամանակ) կամ չկատարման պատճառները,
v նախավարկածային հարցեր, որոնց պարզելու անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ հիմնական վարկած առաջադրելու համար բավարար տեղեկատվություն չկա:
Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր վարկածի համար անհրաժեշտ է առանձին բաժին հատկացնել:
Բազմադրվագ գործերով կազմվում են ընդհանուր և առանձին ՝ ըստ դրվագների, սուբյեկտների, հանցագործության կատարման վայրի և այլն պլաններ՝ համապատասխան սխեմաների օգտագործմամբ:
Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր քննիչի վարույթում առկա է մի քանի քրեական գործ, ապա նպատակահարմար է յուրաքանչյուր գործով կազմել աշխատանքի գրաֆիկ համապատասխան ժամանակահատվածի համար:
Հատկապես կարևոր նշանակություն ունի բարդ գործերով քննության պլանավորումը, երբ անհրաժեշտ է պարզել բազմաթիվ դրվագներ մեկ կամ մի քանի հանցագործությունների դեպքերով և երբ գործով կան զգալի քանակով մեղադրյալներ: Տվյալ դեպքում առաջարկվում է պլանի հետ զուգահեռ կազմել սխեմաներ՝ դրվագներով կամ հանցագործության մասնակիցներով: Այսպես, յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ կազմվում են անձնական քարտեր, որտեղ նշվում են հանցագործության դրվագները, դրանց կատարման ժամանակը, ապացույցները, որոնք մերկացնում են տվյալ մեղադրյալին և գործի թերթերը, որտեղ առկա է համապատասխան փաստաթուղթը:
Այսպիսով ներկայումս քրեագիտական գիտությունում և օպերատիվ-քննչական պրակտիկայում մշակվել են պահանջներ, որոնց պետք է բավարարի քննչական աշխատանքի պլանը.
- Պլանի առավելագույն հիմնավորվածությունը՝ ապագա գործողությունների էական բաղադրիչների վերաբերելիության առումով: Նախատեսված աշխատանքի պայմանները, մասնակիցները, խոչընդոտները, ակնկալվող իրադրությունը, խթանող հանգամանքները.
- Պլանի կատարելիությունը և իրատեսականությունը, որը պետք է բխվի ոչ թե բարի ցանկություններից, այլ իրական հնարավորությունների հստակ հաշվարկից.
- Պլանի անհատականությունը՝ տվյալ աշխատանքի, որոշակի գործի կամ գործերի խմբի քննության համար դրա պիտանելիությունը.
- Պլանի ճկունությունը և շարժունակությունը.
- Պլանի անընդհատությունը.
- Պլանի առանձին բաղադրիչների՝ տեղի, ժամանակի, կատարողների, ակնկալվող արդյունքների և այլ ցուցանիշների, հաջորդականությունը, համաձայնեցվածությունը և փոխկապվածությունը,
- Պլանի արդյունավետությունը, կարողությունը՝ ապահովել այն խնդիրների լուծումը, որի համար այն մշակվել է: