Տեղեկատվություն՝ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N483-Ն որոշման 1-ին կետով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 12-րդ և 45-րդ կետերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 483-Ն որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 2019 թվականի երկրորդ եռամսյակում կատարման ենթակա 12-րդ և 45-րդ կետերում ՀՀ քննչական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նախատեսված է որպես համակատարող: 12-րդ կետը վերաբերում է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներն ընդդատյա մարմնին հանձնելու կառուցակարգերում հնարավոր թերությունների և հակասությունների վերհանմանը, իսկ 45-րդ կետը՝ ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասներին և անաշխատունակ անձանց ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հսկողությամբ, խնամքի և գոյատևման միջոցներով ապահովելու գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը: Երկու դեպքում էլ առաջին պատասխանատու մարմին է հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Ծրագրի 12-րդ կետի առնչությամբ ուսումնասիրվել են 2017-2018թթ. և 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումներն ընդդատյա մարմնին փոխանցելու պրակտիկան և գործող կառուցակարգերը: Այդ նպատակով ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից պահանջվել և ստացվել են 2017-2018 և 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 (Խոշտանգումը) և 341-րդ (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) հոդվածներով հարուցված քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններ, ուսումնասիրության համար անհրաժեշտ տեղեկատվություն է հավաքագրվել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից:
Անկախ մարմնի կողմից քննություն իրականացնելու չափանիշը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ներկայացվել են ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներից, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներից այդ հիմնարկներ մարմնական վնասվածքներով ընդունվելու դեպքում իրազեկում ստացած Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերելու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ ՀՔԾ ուղարկելու չափանիշները:
Ծրագրի 45-րդ կետի առնչությամբ՝ տեղեկատվություն է պահանջվել 2017-2018 և 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների կողմից քրեական գործերով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի կարգով կայացված որոշումների վերաբերյալ: Պարզվել է, որ ուսումնասիրությանը վերաբերող ժամանակահատվածում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների կողմից նման որոշումներ չեն կայացվել: Կերակրողին արգելանքի վերցնելու հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասի հսկողությունը, խնամքը և սոցիալական օգնությունը կազմակերպելու վերաբերյալ որոշումներ են կայացվել Լոռու և Կոտայքի մարզային քննչական վարչությունների վարույթում դեռևս 2015թ. քննված երկու քրեական գործով:
Որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի կարգով որոշումներ չկայացնելու հիմնական պատճառ նշվել են օրենսդրական ոչ հստակ կարգավորումները: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված դրույթի համաձայն՝ անչափահասները, ինչպես նաև անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել են առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու համար քննիչին նախևառաջ անհրաժեշտ է վերլուծել սոցիալական ոլորտի օրենսդրությունը՝ պարզելու համար, թե ով է «առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնացած անչափահասը», «անաշխատունակ անձը», «կերակրողը»:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թ. սեպտեմբերի 24-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ երեխան կարող է համարվել առանց ծնողական խնամքի մնացած (այսուհետ՝ ԱԾԽՄ), երբ նրա նկատմամբ կարող է ընտրվել այլընտրանքային խնամքի որևէ ձև, երբ նրան կարող են տրամադրվել օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքներ, սակայն չի նախատեսում ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնալը որպես երեխային ԱԾԽՄ ճանաչելու հնարավորություն:
ՀՀ օրենսդրության մեջ «անաշխատունակ անձ» հասկացության սահմանումը տրված չէ, թեև այն օգտագործվում է թե´ քաղաքացիական, թե´ ընտանեկան օրենսգրքերում և այլ իրավական ակտերում: ՀՀ օրենսդրության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ անաշխատունակ անձինք են հաշմանդամները, դատարանի վճռով անգործունակ ճանաչվածները, ինչպես նաև տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձիք: «Անաշխատունակ անձի» հասկացության բացակայությունը կարող է հանգեցնել անձի անաշխատունակ լինելը բացառապես բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված աշխատունակության աստիճանը նկատի ունենալով գնահատելու պրակտիկայի ձևավորմանը:
ՀՀ օրենսդրության մեջ տրված չէ նաև «կերակրող» հասկացության սահմանումը, թեև այն օգտագործվում է «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում և այլ իրավական ակտերում: ՀՀ օրենսդրության վերլուծության հիման վրա միայն կարելի է ենթադրել, որ կերակրողը դա երեխայի կամ անաշխատունակ անձի հետ համատեղ բնակվող, չափահաս, աշխատող ծնողն է, խնամակալը կամ որդեգրողը:
Վերոգրյալից ելնելով առաջարկվել է՝
1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թ. սեպտեմբերի 24-ի ՀՀ օրենքում հստակեցնել ԱԾԽՄ երեխայի հասկացությունը, մասնավորապես՝ ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների մնալը նախատեսել որպես երեխային ԱԾԽՄ ճանաչելու հիմք:
2.Օրենսդրությամբ հստակեցնել «անաշխատունակ անձի», «կերակրողի» հասկացությունները: