Խոցելի է անազնիվ և ոչ պրոֆեսիոնալ մասնագետը. Արթուր Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանի հարցազրույցը Iravaban.net-ին:
Ստեղծված է մի իրավիճակ, երբ անձը կարող է սուտ ցուցմունք տալ և մնալ անպատիժ: Սա հետևանք է այն բանի, որ մինչև քրեական գործի դատարան ուղարկվելն ու դատավճռի հրապարկումը, որով կհաստատվի` այդ մարդու ցուցմունքների ոչ արաժանահավատ լինելու մասին, նրա նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցել: Իսկ որոշ դեպքերում գործերը դատարան չեն հասնում, կարճվում են նախաքննության ընթացքում: Դատաիրավական ոլորտի այս և այլ խնդիրների մասին «Իրավաբան գիտնականներ» շարքի շրջանակներում իրավագիտության արդի խնդիրների մասին Իրավաբան.net-ը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի հետ:
- Պարոն Ղամբարյան, դուք ամենաերիտասարդ իրավագիտության դոկտորն եք Հայաստանում: Արդյո՞ք դժվար չէր հասնել այս ամենին բավականին երիտասարդ տարիքում:
- Ճիշտն ասած հարցն ինձ համար անասպասելի էր: Իհարկե, դժվար էր: Ցանկացած ճանապարհ, որն արժեքավոր է և մնայուն, դժվարությամբ է տրվում: Գիտության ճանապարհն իր բարդություններն ունի` կան կարծրատիպեր, կան խոչտընդոտներ, կան խոչընդոտողներ, սակայն յուրաքանչյուր խոչընդոտի ու խոչընդոտողի կարելի է հաղթահարել: Եղել են օգնողներ, աջակցողներ, եղել են նաև խոչընդոտողներ, եղել է մեծ բանակ խոչընդոտողների: Բայց ես նաև շնորհակալ եմ այդ խոչընդոտողներին, որովհետև նրանք նպաստում են զարգացմանը:
-Վերջին շրջանում հաճախ խոսում եք ներկայումս իրավագիտության ոլորտում տեսության և պրակտիկայի անջատ լինելու մասին: Արդյո՞ք սա համակարգային լուրջ խնդիր է:
-Այո՛, ճիշտ եք նկատել, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ այսօրվա մեր իրականությունում և պրակտիկան է օտարված տեսությունից, և տեսությունը պրակտիկայից: Ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է, երբ կա երկբևեռացում: Սակայն միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ խորհրդային տարիներին հատուկ պրակտիկայի և տեսության խիստ տարանջատվածությունը ներկայիս պայմաններում այդքան էլ սուր չէ դրված չէ: Սա բացատրվում է նրանով, որ իրավաբանների նոր սերունդ է գալիս, ովքեր գիտությանը զուգահեռ զբաղվում են պրակտիկայով: Տեսությունը պրակտիկային միաձուլելու սրանից ավելի տարբերակ ես չեմ տեսնում: Ինքս լինելով տեսության մարդ, նաև զբաղվել եմ պրակտիկայով և հասկացել եմ, թե, մի կողմից, ինչպես կարող է պրակտիկան օգնել գիտական հարցերը հարստացնելու, գիտական պատճառաբանությունները ճիշտ ներկայացնելու համար, և, մյուս կողմից, ինչքան օգնում է տեսական մտածողությունը ճիշտ հարցադրումներ, պրակտիկ վերլուծություններ անելու համար: Երբ տեսնում եմ, որ երիտասարդներ են գալիս, ովքեր գիտությամբ են զբաղվում և առանց կաշկանդվելու կարող են պրակտիկայում ներդնել իրենց գիտական գաղափարները, դա հուսադրում է, որ այդ երկու ուղղությունների միաձուլումը կիրականացվի:
- Ոլորտում որպես համակարգային խնդիր հաճախ մատնանշվում է նախաքննական մարմինի, դատարանի մեղադրական հակվածությունը: Դուք նույնպես այս հարցերին անդրադառնում եք: Ո՞րն է սրա պատճառը:
- Ցավոք, մեր քրեական արդարադատության ամենամեծ հիվանդություններից մեկը մեղադրական հակվածությունն է: Եթե նախաքննական մարմնի մեղադրական հակվածությունը մի փոքր բացահայտ ու պաշտոնական է, քանի որ քննիչի մեղադրանքի կողմ լինելը ամրագրված է օրենսգրքով, ապա ավելի վտանգավոր դրսևորում է, երբ դատարանն է մեղադրական հակվածություն ունենում: Եվ մեղադրական թեքումով նախաքննության, դատաքննության պայմաններում մեղադրյալի իրավունքների պաշտպանությունն ուղղակի դառնում է պատրանք: Որևէ պաշտպան նման համակարգում չի կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել: Դուք հարցնում եք` պատճառները որո՞նք են: Շուտով լույս կտեսնի իմ մենագրությունը` այս հարցի վերաբերյալ:
Երբ ես ուսումնասիրություն էի անում, թե որտեղից է գալիս քննիչների մեղադրական մտածողությունը, պարզվեց, որ դեռևս խորհրդային տարիներին` 1930-ականներին, քննարկվել է այն հարցը, թե նախաքննական մարմինը պետք է լինի դատախազության համակարգում, թե անկախ հետաքննություն կատարող մարմին լինի: Վիշինկսին մի միտք էր արտահայտում այդ քննարկումների ժամանակ, թե քննիչը փոքր դատախազ է և քննիչն ու դատախազը միևնույն մարմնի տարբեր դրսևորումներն են, այսինքն` քննիչը դատախազության սպասարկող մարմին է: Այս մտքերը իրենց դրսևորումը ստացան նաև քրեական դատավարության օրենսգրքում: Սա նշանակում է, որ քննիչը պետք է մեղադրական ապացույցներ ձեռք բերի, որպեսզի հետագայում դատախազը կարողանա պաշտպանել մեղադրանքը դատարանում: Ես խոսում եմ իրականության մասին, չեմ ընկնում այն դոգմաների մեջ, թե դատախազը պետք է անաչառ, օբյեկտիվ աշխատի: Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ մեղադրանք պաշտպանող դատախազը չի կարող մեղադրական հոգեբանություն չունենալ: Միայն իրականությունից կտրված տեսաբանները կարող են նման բան պնդել:
Այո՛, դատախազը մինչդատական վարույթում միայն մտածում է մեղադրանքը հիմնավորող ապացույցների մասին: Բայց երբ մեղադրական հակվածությունը տարածվում է նախաքննական մարմնի վրա, ապա դա վտանգավոր է դառնում մարդու համար: Մեղադրյալը մի կողմից հնարավորություն չունի ինքնուրույն ապացույց ձեռք բերելու, պաշտպանին օրենքով նման հնարավորություն տրված չէ, մյուս կողմից էլ ասում ենք` քննիչ, դու պետք է ձեռք բերես և մեղադրական, և արդարացնող ապացույցներ, բայց դու համարվում ես մեղադրանքի կողմ: Սա հայտնի ճշմարտություն է, որ չի կարող մարդը լինել և օբյեկտիվ քննություն կատարող, և մեղադրանքի կողմ համարվել: Սա հակասում է հոգեբանության էլեմենտար կանոններին: Քրեական արդարադատության առաջնային խնդիրներից մեկը համարում եմ այս հանգամանքի լուծումը: Պետք է կարողանանք նախաքննական մարմինները կառուցել այնպես, որ ձեռք բերեն և արդարացնող, և մեղադրական ապացույցներ, որպեսզի պաշտպանը կարողանա պաշտպանությունն իրականացնել:
Իսկ ավելի հեռանկարային լուծում կարող է լինել այն, որ օբյեկտիվ ապացույցներ ձեռք բերելու հնարավորություն տրվի նաև փաստաբանին: Լինում են դեպքեր, երբ փաստաբանների ձեռքբերած տվյալներով քրեական գործեր են կարճվել, դա նաև օգնում է քննիչին: Օբյեկտիվ ապացույց ասելով նկատի ունեմ ոչ վերբալ, ոչ խոսքային ապացույցները` տեսանյութեր, բանկային գաղտնիքներ, և այլն: Այն կարճ ժամանակահատվածում, երբ ես փաստաբան աշխատեցի, քրեական արդարադատությանը նայեցի նաև այլ աչքերով, այլ տեսանկյունից: Ես հասկացա, որ շատ դեպքերում դու կանգնում ես պետական մեծ մեխանզիմի առջև և չես կարողանում բացարձակ ճշմարտությունները ներկայացնել, դատարանում փաստաբանը իրոք պարզունակ ճշմարտություններ է ասում, սակայն խնդիրները լուծում չեն գտնում, դատարաններն ուղղակի լռությամբ մերժում են այդ պարզունակ ճշմարտությունները: -Իսկ պատճառը ո՞րն է: Որովհետև դատարաններն անկախ չե՞ն, դատախազությունն ավելի ծանրակշիռ դիրք ունի, թե՞ պարզապես չեն հասկանում խնդրի էությունը: Այսինքն` գրագիտությա՞ն, թե՞ կամքի հարց է:
- Բոլոր գործոններն էլ կային: Մի կարևոր ճշմարտություն կա, որը պետք է հիշել: Խոցելի են անազնիվ և ոչ պրոֆեսիոնալ մասնագետները: Հանդիպել են իրավիճակներ, որ ոչ պրոֆեսիոնալ են եղել, չեն կարողացել կողմնորոշվել, եղել են իրավիճակներ, երբ հասկացել են, որ խոցելի են, որովհետև որոշակի ներգործության մեխանիզմներ են կիրառում իրենց նկատմամբ, և քանի որ խոցելի են, բնականաբար, պետք է այդ ճնշումներին ենթարկվեն:
-Դատարանների անկախության խնդրի լուծման տարբերակ կարո՞ղ է լինել այն, որ դատավորները պաշտոնում նշանակվեն ոչ թե ՀՀ նախագահի կողմից, այլ ընտրությունների միջոցով: -Այս հարցադրմանը պատասխանելու համար պետք է խորը ուսումնասիրություն անել: Ես կարծում եմ, որ դատական իշխանության ձևավորման կարգը կարևոր չէ այնքան, որքան այն, թե ինչպես անել, որ ունենանք բոլոր առումներով անկաշկանդ դատավորներ, ինչպես նշեցի` ազնիվ և պրոֆեսիոնալ: Մենք ունենք համակարգում և ազնիվ, և պրոֆեսիոնալ դատավորներ, ովքեր շատ հետաքրքիր արդարադատություն են իրականցնում, սակայն, ցավոք սրտի, նրանք քիչ են: Մենք պետք է կարողանանք պրոֆեսիոնալ և ազնիվ դատավորների շնորհիվ որակ ապահովել:
- Հատկապես վերջին մի քանի տարիներին կարծես նկատվում է արդարացման դատավճիռների ավելացում: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ես ողջունեմ արդարացման այդ դատավճիռները, սակայն պետք է ուսումնասիրվեն դրանք, թե դրանցից քանիսն է վերաքննիչ դատարանի կողմից ուժի մեջ թողնվում, որ մասը բեկանվում: Այսինքն, պետք է հասկանալ վիճակագրություն վարելու մեթոդաբանությունը: -Նախաքննական մարմնի և դատարանների մեղադրական հակում ունենալու այս խնդրի լուծումը, Ձեր կարծիքով, ո՞րն է: -Լուծում կարող է լինել դատական իշխանությունում սերնդափոխությունը: Մյուս տարբերակը` երդվյալ ատենակալների ինտիտուտի ներդրումն է: Ես վերջերս սկսել եմ ավելի արմատական խորհել, որ այն կարող է որակական փոփոխություն լինել: Մտածում եմ, որ այսօրվա մեր դատավորները ավելի լավը չեն լինի, քան մեր հասարակության երդվյալ ատենակալները, եթե նույնիսկ պրոֆեսիոնալ իրավաբան չլինեն: Ուղղակի մեզ մոտ քրեական արդարադատությունը փակ համակարգ է և նորությունները շատ դժվարությամբ են ընդունվում, դիմադրությունը մեծ է: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնին, ապա նշեմ, որ մեկ տարում չես կարող մարդու հոգեբանությունը փոխել, օրենքները կարելի է փոխել հեշտությամբ:
Մարդու մտածողությունը, հոգեբանությունը փոխելու համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները` վերապատրաստումից սկսած մինչև անհատական աշխատանքներ, որ կարողանան փոխել նախաքննական մարմնի, դատական իշխանության մտածողությունը: Սա ստրատեգիական, երկարատև խնդիր է: Պետք է տեսնել, թե ովքեր են գնում դատական համակարգ`նախկին դատախազները, քննիչները: Մարդը, ով տարիներ շարունակ դատախազ է եղել, չի կարող գնալ դատարան և ասել` ես այսուհետև անկախ արբիտր եմ: Այս վերջին շրջանում տեսնում եմ փոփոխություններ, երբ փաստաբանական կորպուսից են գնում դատարաններ, ինչը շատ ողջունելի է: Որակական փոփոխություն կլինի:
- Դուք բարձրաձայնում եք մեկ այլ համակարգային խնդրի` սուտ ցուցմունք տալու և անպատիժ մնալու մասին:
-Մեր արդարադատության ցածր հեղինակությունը բերել է նրան, որ այսօր հասարակության մեջ ձևավորվել է մի մտածելակերպ, որ կարելի է արդարադատության իրականացնող մարմնին խաբել: Իսկ արդարադատությանը սուտ ասելը բավականին ծանր մեղք է, իմ կարծիքով: Այս արատավոր երևույթի դեմ պետք է շատ խիստ պայքարել, և օրենսդրական համապատասխան մեխանիզմներ մշակվեն: Մենք այսօր ունենք այսպիսի մի իրավիճակ, երբ մարդը նախաքննության մարմնին ակնհայտ սուտ ցուցմուքն է տալիս, որը հակասում է քրեական գործում առկա բոլոր ապացույցներին: Վճռաբեկ դատարանն ասում է, որ մինչև այդ գործը չուղարկվի դատարան, դատավճիռ չընդունվի և չհաստատվի, որ այդ անձի ցուցմունքները արժանահավատ չեն, չեք կարող այդ մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցել: Ինչի հետևանքով ունենում ենք ածանցյալ այս վիճակը. անձը ակնհայտ սուտ ցուցմունք է տալիս, սակայն գործը դատարան չի հասնում, նախաքննության ժամանակ կարճվում է: Անձը տեսնում է, որ սուտ ցուցմունք տվեց, բայց որևէ պատասխանատվության չենթարկվեց, այս մասին պատմում է իր ընտանիքի անդամներին, ընկերներին: Երբ մենք մարդուն «սովորեցնում» ենք քննիչին խաբել, այդ նույն մարդը նաև դատարանին է խաբելու, ավելի գռեհիկ և հրապարակային կերպով:
Պետք է հետևողական լինել, օրենսդրական համապատասխան փոփոխություններ արվեն, հանձնարարական լինի, որ եթե կան ապացույցներ, որ անձը սուտ ցուցմունք է տվել, դատախազն ի պաշտոնե գնահատական տա արարքին: -Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում նոր ինստիտուտներից մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացման ներդրման պատճառաբանություններից մեկն էլ հենց սուտ ցուցմունքներից խուսափելն է: Սակայն Դուք դեմ էիք այդ ինստիտուտի ներդրմանը:
-Այս ընթացքում շփվել եմ շատ դատաիրավագետների հետ, նաև Ռուսաստանի Դաշնությունից, ովքեր այս ինստիտուտի ուսումնասիրությամբ զբաղվում են: Նրանք բոլորն իրենց գիտական հոդվածներում խիստ վիճահարույց են համարում մեղադրյալի խոստովանական ցուցմունքների դեպոնացումը: Մեղադրյալի ցուցմունքների (ոչ ինքնախոստովանական) մասով կարելի է քննարկել դեպոնացման հարցը: Օրինակ, հանցախմբի կողմից կատարվել է հանցագործություն և հանցակիցներից մեկը համագործակցում է նախաքննական մարմնի հետ և մյուսների դեմ ցուցմունք է տալիս, նրա կյանքն ու առողջությունը վտանգի տակ են դրվում: Եվ առերեսման իրավունքն ապահովելուց հետո համագործակցող մեղադրյալի ցուցմունքները կարող ենք դեպոնացնել նախաքննության փուլում, որպեսզի նրան դատարան չտանենք`երկրորդ անգամ նրան վտանգի չենթարկելով: Իսկ ինչ վերաբերում է մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքի դեպոնացմանը, ապա իմ կարծիքը չի փոխվել այս հարցի վերաբերյալ, մենք պետք է վերանայենք այս մոտեցումը:
-Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի համաձայն, պատասխանատվություն է սահմանվում նաև ամբաստանյալի կողմից դատարանում սուտ ցուցմունք տալու համար: Համաձա՞յն եք:
- Իմ բերած օրինակի դեպքում շատ կարևոր է, որ մեղադրյալը ճիշտ խոսելու պարտականություն ունենա: Հատկապես համագործակցող մեղադրյալը, երբ հանցակիցների դեմ ցուցմունքներ է տալիս, ապա կարող է իր մեղքը մյուսի վրա թողնելու խնդիր լինի, և այս դեպքում, ես համաձայն եմ, որ մեղադրյալը կամ պետք է խոսի ճիշտ, կամ լռի: Սուտ ցուցմունք տալն իրավունք չէ, և մենք չպետք է խրախուսենք դա` անկախ նրանից մեղադրյալ է, թե` վկա: Սակայն ինձ նորից վախեցնում է մեր իրականությունը, մեր համակարգը` մեղադրական նախաքննություն, մեղադրական դատաքննություն և մի կողմից էլ ասում ես` դու կամ լռի, կամ ճիշտ ցուցմունք տուր: Այս համակցության մեջ վտանգ եմ տեսնում, բայց գաղափարն ինքնին լավն է: Այո, մեղադրյալը պետք է ճիշտ ցուցմունք տա, եթե ճիշտ չի ուզում ասել, թող օգտվի լռելու իրավունքից:
Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյան
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: