Լրահոս
03.04.15, 09:44

Անհարկի «մեղադրանքներ» հնչեցնելուց առաջ՝ իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը նախևառաջ պետք է ծանոթանա Հայաստանի օրենսդրությանը

Անհարկի «մեղադրանքներ» հնչեցնելուց առաջ՝ իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը նախևառաջ պետք է ծանոթանա Հայաստանի օրենսդրությանը

 

2015 թվականի ապրիլի 1-ին «Ալգա» իրավաբանական գրասենյակի ներկայացուցիչը սոցիալական ցանցում հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին անհարկի «մեղադրելով» խախտումներ թույլ տալու մեջ: Այն պատշաճ կարգով ուսումնասիրվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում և պետք է փաստենք, որ հրապարակումը զուրկ է իրավական հիմնավորումներից և հետեւանք է փաստաբանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի վերաբերյալ տարրական գիտելիքների չիմացության:

 

Ուստիև` պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ գլուխը հստակ կարգավորում է քրեական գործի նյութերը կողմերին ծանոթացնելու, մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու կարգը:

 

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը, ստորագրելով մեղադրական եզրակացությունը, նույն օրը քրեական գործն ուղարկում է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի` դատախազը, հաստատելով մեղադրական եզրակացությունը, գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

 

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. Գործը դատարան ուղարկելու մասին դատախազն անմիջապես տեղեկացնում է մեղադրյալին և պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց  ներկայացուցիչներին՝ պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:

 

Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները:

 

Այսպիսով, անդրադառնալով տպագրված «Նորույթ քննչական կոմիտեում Քրեական գործի ավարտ են հայտարարում, գործի պատճեները տալիս են, իսկ մեղադրական եզրակացությունը ոչ....» վերնագրված նյութում տեղ գտած այն ձևակերպմանը, թե «...վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի ավարտ հայտարարեց և պաշտպանության կողմին տրամադրեց քրեական գործի պատճենները, սակայն մեղադրական եզրակացությունը չտվեց, անկախ պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունների...», խորհուրդ է տրվում նախքան մեկնաբանություններով առավել ևս հրապարակային հանդես գալը` նախևառաջ ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը և պաշտոնատար անձանցից չպահանջել նրանց լիազորություններից դուրս գործողությունների կատարում:

 

Վստահ ենք, որ օրենսդրության չիմացությունը կամ սխալ մեկնաբանումը և անհարկի «մեղադրանքներ» հնչեցնելը չի նպաստում պաշտպանի՝ պաշտպանյալի իրավունքների պաշտպանության պատշաճ իրականացնելու առաջնահերթ նպատակին:

 

Միաժամանակ, ՀՀ Փաստաբանների պալատի ուշադրությունն ենք հրավիրում տվյալ իրավաբանական գրասենյակի ներկայացուցչի մասնագիտական գիտելիքների որակի և  վարքագծի վրա: