Փաստաթղթեր
15.04.15, 16:34

Արձանագրային որոշում՝ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշների վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին

Արձանագրային որոշում՝ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշների վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ



«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշների վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին (քաղվածք 27.03.2015թ. կարգապահական հանձնաժողովի նիստի արձանագրությունից)
Կարգապահական հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.11.2014թ. թիվ 12-Ա հրամանով հաստատված «ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի» 13-րդ կետի 3-րդ ենթակետով՝


Ո Ր Ո Շ Ե Ց՝ 

  1. Հաստատել «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշների վերաբերյալ ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

Կարգապահական հանձնաժողովի նախագահ՝                                         Ա. Ղամբարյան
Կարգապահական հանձնաժողովի նիստերի քարտուղար՝                  Ջ. Գևորգյան

Հավելված
ՀՀ քննչական կոմիտեի
կարգապահական հանձնաժողովի
«  » ...  2015թ.
արձանագրային որոշման

ՈՒՂԵՑՈՒՅՑ 

«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացության գնահատման ուղենիշների վերաբերյալ

1. Սույն ուղեցույցով սահմանվում են  «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «օրենքի կոպիտ խախտում» հասկացությունը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից գնահատելու ուղենիշները:

2.Ուղեցույցում արտացոլված օրենքի կոպիտ խախտումները սպառիչ չեն և ենթակա են լրացման: Ուղեցույցում արտացոլված օրենքի կոպիտ խախտումները գնահատվում են յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում հետազոտված փաստական հանգամանքների առանձնահատկությունները հաշվի առնելով:

3.Քննիչի կողմից իր դատավարական լիազորություններն իրականացնելիս՝ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով՝օրենքի կոպիտ խախտումներն են՝ մարդու իրավունքների և դատավարական երաշխիքների հետևյալ խախտումները.
1) մարդու սահմանադրական իրավունքի կամ ազատության խախտումը կամ դրա ոչ իրավաչափ սահմանափակումը.
2) ՀՀ քրեական դատավարության սկզբունքների և դրանց հետ համակարգային կապերի մեջ գտնվող դատավարական նորմերի խախտումը կամ մարդու իրավունքներին առնչվող  դատավարական այլ նորմերի խախտումը.
3) քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր (ոչ հայեցողական) հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում քրեական հետապնդումը չդադարեցնելը և (կամ) քրեադատավարական հարկադրանքի միջոցները չվերացնելը.
4) անձին օրենքով նախատեսված իրավական և փաստական հիմքերի ակնհայտ առկայության դեպքում անձին քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ չտալը.
5) դատախազի կողմից հսկողության նպատակով պահանջվող քրեական գործը չհանձնելը, տեղեկատվություն չտրամադրելը, հանձնման ենթակա փաստաթղթերը չհանձնելը կամ առանց իրավաչափ նպատակի՝ քրեական գործի հանձնումը, կամ տեղեկատվության տրամադրումը, կամ հանձնման ենթակա փաստաթղթերի հանձնումը ձգձգելը.
6) մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ դատախազի ցուցումը չկատարելը.
7) իրավական և փաստական հիմքերի բացակայության պայմաններում դատավարական հարկադրանքի միջոց կիրառելը կամ իրավական և փաստական հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում՝ դատավարական հարկադրանքի միջոց չկիրառելը:

4. Քննիչի կողմից իր դատավարական լիազորություններն իրականացնելիս՝ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով՝ օրենքիկոպիտ խախտումներն են՝ մինչդատական վարույթի արդյունավետությունը և բնականոն ընթացքը խաթարող հետևյալ խախտումները.
1) առանց իրավաչափ նպատակի տևական ժամկետով անգործություն դրսևորելը, այն է՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ չկատարելը՝ անկախ դրա հետևանքից.
2) քննչական և այլ դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում առանձին գործողություններ չկատարելը կամ ժամանակին չկատարելը, որը հանգեցրել կամ ողջամտորեն կարող էր հանգեցնել ապացույցների կորստի.
3) մինչև նախաքննությունն ավարտելը քրեական գործում առկա նյութերը օրենքով սահմանված դատավարական կարգի պահպանմամբ չհետազոտելը կամ փաստացի հետազոտման արդյունքները չարձանագրելը.
4) նախաքննությունն ավարտելու (մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին (մեղադրական ակտ) կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում) կամ քրեական հետապնդումը դադարեցնելու (չիրականացնելու) վերաբերյալ դատավարական փաստաթղթերի ձևին և բովանդակությանը ներկայացվող օրենքի պահանջների խախտումը, որը հանգեցրել կամ կարող էր հանգեցնել մարդու իրավունքների խախտման.
5) դատախազի կամ քննչական բաժնի պետի ցուցումները չկատարելը, որը հանգեցրել է կամ ողջամտորեն կարող էր հանգեցնել  ապացույցների կորստի.
6) ապացույցներ հավաքելիս՝ օրենքի այնպիսի խախտում կատարելը, որը հանգեցրել կամ ողջամտորեն կարող էր հանգեցնել ապացույցի անթույլատրելիության.
7) օրենքով նախատեսված դատավարական ժամկետները խախտելը: