Ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից մարտադաշսն ինքնակամ լքելու դեպքի վերաբերյալ նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում Մ.Մ.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Վարանդա բնակավայրում տեղակայված զորամասում գտնվելիս, տեղեկանալով բնակավայրի արևմտյան կողմում գտնվող Կավաք բարձունքի վրա հակառակորդի զինծառայողների ներթափանցման մասին, նույն զորամասի հրամանատարի տեղակալներ Ա.Ա.-ի, Լ.Պ.-ի և զորահավաքային զորակոչով զորակոչված երկու զինծառայողների հետ մասին, վերջիններիս ավտոմեքենայով, գնացել է նշված բարձունքի ուղղությամբ: Չհասած Կավաք բարձունքին` Վարանդա-Տող ավտոճանապարհի և Ակնաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում, կանգնեցրել են ավտոմեքենան, որից հետո սկսել են տեղանքում դիտարկում կատարել, ինչի արդյունքում հիշյալ բարձունքի վրա դիտարկել են հակառակորդի` բարձրացող զինծառայողների:
Բացի այդ, ձախ կողմում` Բախտիչ բարձունքի վրա, դիտարկել են հակառակորդի զինծառայողների, որոնց մի մասը միաշարասյուն շարժվել է իրենց ուղղությամբ: Լ.Պ.-ն և Ա.Ա.-ն հակառակորդին դիմադրություն ցույց տալու համար դիրքավորվել են ու սկսել են կրակ վարել հակառակորդի ուղղությամբ, իսկ Մ.Մ.-ն հայտնել է, որ վերադառնում է զորամասի մշտական տեղակայման վայր` օգնական ուժեր բերելու պատրվակով: Այնուհետև` ժամը 11:00-ից 12:00-ի սահմաններում, հակառակորդի հետ զինված ընդհարման տեղամասը լքելու դիտավորությամբ, Մ.Մ.-ն պահեստազորից զորակոչված երկու զինծառայողների հետ միասին, վերջիններիս ավտոմեքենայով, ուղևորվել է դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, սակայն զորամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որից դուրս գալուց հետո թաքնվել է ինչ-որ շինությունում և, զորամասի մշտական տեղակայման վայր չգնալով, զանգահարել է Լ.Պ.-ին և հայտնել, թե իբրև մշտական տեղակայման վայրում գտնվող զինծառայողները հրաժարվել են նրանց օգնության գնալ, որպիսի գործողություններով հակառակորդի հետ ծավալված մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը՝ մեկ օր մնալով թաքստոցում, որից հետո գնացել է Մարտունու շրջանի՝ հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ:
Վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար Մ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին):
Քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրա դատապարտումը մեծապես հավանական է՝ մեղադրյալին և պաշտպանին հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին ու կազմվել է մեղադրական եզրակացություն՝ այն քրեական վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին հանձնելու և նրա հաստատմամբ դատարան ուղարկելու նպատակով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: