Ուղեցույց՝ քննության պլանավորման աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝
Հրամայում եմ`
- Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննության պլանավորման աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը՝ համաձայն հավելվածի (կցվում է)
- Հրամանի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալների վրա՝ ըստ համակարգման ոլորտների:
- Քննիչների կողմից հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ անմիջական հսկողությունը դնել համապատասխան ստորաբաժանման պետի վրա:
- Հրամանի պահանջների կատարման վիճակի վերաբերյալ ամփոփումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննության աջակցության վարչությունը՝ կիսամյակը մեկ անգամ:
Ա. Գ. Հովսեփյան
12. 03. 2015թ.
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության քննչական
կոմիտեի նախագահի 12. 03 2015թ.
թիվ -11- հրամանի
ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Սույն ուղեցույցով սահմանվում են քրեական վարույթով քննության պլանավորման աշխատանքների կազմակերպման միասնական չափանիշներ:
2. Քննության պլանավորումը (այսուհետ՝ պլանավորում) մտածողական գործընթաց է, որը ներառում է առերևույթ հանցագործության հանգամանքների բացահայտմանն ուղղված աշխատանքների բովանդակությունը և հաջորդականությունը: Պլանավորման առանցքը քննչական վարկածների առաջադրումն է՝ դրանց յուրաքանչյուրի ստուգման նպատակով (բացահայտման ենթակա հանգամանքների շրջանակի որոշում):
3. Պլանավորման բովանդակությունը ենթադրում է՝
1) վարկածների առաջադրում,
2) վարկածի վերլուծությունից բխող պարզաբանման ենթակա հանգամանքների և հարցերի սահմանում,
3) առաջադրված վարկածների հետազոտման, դրանցից բխող հարցերի պարզաբանման, գործով ապացուցման առարկայի սահմանման և քննության այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և այլ ստուգողական ու կանխարգելիչ միջոցառումների շրջանակի որոշում,
4) նախատեսված գործողությունների կատարման ժամկետների և հաջորդականության, ինչպես նաև կատարողների որոշումը:
4. Պլանավորման գործողությունն իրականացվում է յուրաքանչյուր քրեական գործով, հնարավոր քննչական վարկածների առաջադրումից հետո:
5. Քննիչի կողմից կազմվող քննության պլանի հիմնական ձևերն են՝
1) քննության պլան կոնկրետ քրեական գործով (տե՛ս տիպային սխեմաներ 1 կամ 2),
2) կոնկրետ քննչական գործողության կատարման պլան (տե՛ս տիպային սխեմաներ 4, 5),
3) քննիչի վարույթում գտնվող մի քանի քրեական գործերով որոշակի ժամանակահատվածի համար քննության պլան (օրացուցային) (տե՛ս տիպային սխեմա 3):
6. Քննության պլանի հիմնական ձևերը կազմվում են գրավոր և բաղկացած են հետևյալ բաղադրիչներից՝
(կոնկրետ քրեական գործով քննության պլան)
1) գործի անվանումը,
2) քննիչի կողմից հարուցման և վարույթ ընդունելու ամսաթվերը,
3) նախաքննության ավարտը (նշում է կատարվում ժամկետի երկարացման, եթե դա տեղի է ունեցել, և ավարտի մասին),
4) կալանավորված անձի տվյալները,
5) կալանքի ժամկետը (նշում է կատարվում նաև կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման մասին),
6) քննչական վարկածը,
7) պարզաբանման ենթակա հանգամանքները,
8) անհրաժեշտ միջոցառումները (քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական),
9) յուրաքանչյուր միջոցառման կատարման ժամկետը,
10) կատարողները,
11) նշում միջոցառման կատարման մասին (ինչ է պարզվել միջոցառման ժամանակ կամ չկատարման պատճառները),
12) նախավարկածային հարցեր, որոնց պարզելու անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ հիմնական վարկած առաջադրելու համար բավարար տեղեկատվություն չկա,
(կոնկրետ քննչական գործողության կատարման պլան)
13)քննչական գործողության անվանումը, բովանդակությունը, տեղը, ժամանակը, եղանակը, ամրագրման տեխնիկական միջոցները, մասնակիցները,
14)պարզաբանման ենթակա հանգամանքները,
15)կիրառված տակտիկական հնարքները,
(օրացուցային քննության պլան)
16) քննիչի վարույթում գտնվող քրեական գործերի անվանումը,
17) հարուցման և վարույթ ընդունելու ամսաթվերը,
18) շաբաթվա կտրվածքով յուրաքանչյուր քրեական գործով պլանավորված քննչական գործողությունները և դրանց կատարման ժամկետները՝ օրացուցային նշումով:
7. Եթե կիրառվում է քննության խմբային մեթոդը, քննչական և օպերատիվ խմբի ղեկավարի և խմբի մյուս անդամների մասնակցությամբ, գործով կազմվում է քննության ընդհանուր պլան, իսկ նշվածից զատ յուրաքանչյուր քննիչ կազմում է իր անհատական քննության պլանը: Քննության ընդհանուր պլանի կազմման համար պատասխանատուն քննչական խմբի ղեկավարն է:
8. Անհատական պլանի կոնկրետ բովանդակությունը կախված է նրանից, թե ինչպես է բաշխվել պարտականությունները խմբի անդամների միջև և ինչ հանձնարարություններ է ստացել յուրաքանչյուրը:
9. Խմբային և բազմադրվագ քրեական գործերով ընդհանուր և անհատական քննության պլանների հետ կարող են օգտագործվել նաև պլանավորման օժանդակ միջոցներ՝
1) հանցավոր խմբի կառուցվածքի սխեմա,
2) հանցակիցների հանցավոր կապերի սխեմա,
3) փաստաթղթաշրջանառության, ապրանքանյութական արժեքների շարժի, կազմակերպության կառուցվածքի, արտադրության տեխնոլոգիական պրոցեսների սխեմաներ,
4) անձնական քարտեր՝ մեղադրյալների, նրանց մեղսագրվող արարքների ու առկա ապացույցների նշումով և այլն,
5) մեղադրյալի կապերի ցանկը և այլն:
10. Քննիչն իր վարույթում առկա քրեական գործերով կազմում է քննության օրացույցային պլան (տե՛ս սեխմա 3)՝ շաբաթական կտրվածքով:
11. Քննիչի շաբաթվա աշխատանքի պլանը համաձայնեցվում է տվյալ քննիչի անմիջական վերադասի հետ՝ քննիչի անցած շաբաթվա աշխատանքի արդյունքներն ամփոփելուց հետո:
12. Քննիչի քննության օրացուցային պլանը համաձայնեցումից հետո ներկայացվում է տվյալ ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:
13. Ամփոփման ժամանակ ստուգվում են քննիչի քննության օրացուցային պլանով նախատեսված աշխատանքների կատարման վիճակը, չկատարված աշխատանքների պատճառները և դրանց կատարման հեռանկարը:
14. Քննիչի անմիջական վերադասը պատասխանատվություն է կրում ենթակա քննիչների պլանավորման աշխատանքների պատշաճ կազմակերպման և արդյունավետության ապահովման համար:
15. Քննության պլանավորման բովանակության շուրջ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու աղբյուր է ծառայում սույն ուղեցույցին կցված «Քննության պլանավորումը» խորագրով բացատրական նյութը: