Օգտակար գրականություն
14.04.15, 14:51

Ցուցմունքի դատական դեպոնացումը՝ որպես անչափահաս տուժողի շահերի և մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի հավասարակշռման միջոց

Ցուցմունքի դատական դեպոնացումը՝ որպես անչափահաս տուժողի շահերի և մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի հավասարակշռման միջոց

 

Ղամբարյան Արթուր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
Իրավաբանական գիտությունների դոկտոր 

Սիմոնյան Սիմոն

Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ

Անչափահաս տուժողների մասնակցությամբ քրեական վարույթի իրականացումն ունի որոշակի բարդություններ, ինչը պայմանավորված է երկու հակադիր սահմանադրաիրավական արժեքների պաշտպանության անհրաժեշտությամբ` մի կողմից՝ մեղադրյալի իրավունքների պաշտպանությունը, մյուս կողմից՝ անչափահաս տուժողի շահերի, այդ թվում՝ անվտանգության ապահովումը: Գործնականում անհրաժեշտ է մի կողմից՝ ապահովել մեղադրյալի մեղավորության ապացուցման բարձր չափանիշների սահմանումը կամ կիրառումը, նրա իրավունքների առավելագույն պաշտպանությունը, մյուս կողմից՝ ապահովել խոցելի վիճակում գտնվող անչափահաս տուժողի անվտանգությունը` նվազագույնի հասցնելով քրեական վարույթին նրանց մասնակցությամբ պայմանավորված կրկնակի հոգեբանական տառապանքները:

Բացի այդ, անչափահաս տուժողների մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթի բարդությունն առնչվում է նաև ապացուցողական գործունեությանը: Հայտնի է, որ նման վարույթներով անչափահաս տուժողները խիստ խոցելի են, շատ դեպքերում առանց ծնողական խնամքի երեխաներ են, ովքեր հաճախ այս կամ այն ազդեցության ներքո փոխում են իրենց ցուցմունքները: Նման հակասական ցուցմունքների առկայության պարագայում բարդանում է հանցագործության իրական հանգամանքերի վերհանումը: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նման տեսակի հանցագործություններով մեղադրանքի հիմքում հնարավորության դեպքում պետք է դրվեն ոչ միայն անչափահաս տուժողների ցուցմունքները, այլև ընթացքի մեջ գտնվող հանցագործության փաստն օբյեկտիվորեն արտացոլող ապացույցներ, օրինակ` գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցներ, որոնց միջոցով ամրագրվում է կատարվող հանցագործության ընթացքը :

Հատկապես սեռական հանցագործությունների զոհ հանդիսացող անչափահաս երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ առանձին պետությունների քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսվում են դատավարական կառուցակարգեր, որոնք կոչված են ապահովելու երեխայի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը:

Այսպես՝ Ուկրաինայի քրեական դատավարության նոր օրենսգրքի (այսուհետ՝ քր. դատ. օր.) 224-րդ հոդվածի 9-րդկետի5-րդ պարբերության համաձայն՝ սեռական ազատության և անձեռնմխելիությանդեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև բռնությամբ կատարվող հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթով նախկինում հարցաքննված երկու և ավելի անձանց ցուցմունքների միջև հակասությունները լուծելու նպատակով փոքրահասակ կամ անչափահաս երեխայի ու կասկածյալի միջև հարցաքննություն չի կարող անցկացվել:

Էստոնիայի քր. դատ. օր.-ում կատարված փոփոխությունների համաձայն՝ դատարանն իրավասու է անչափահասին չհրավիրելու դատարան և թույլատրելու որպես ապացույց ներկայացնել նախաքննության ընթացքում տված տվյալները, եթե՝

1. պաշտպանության կողմը հնարավորություն է ունեցել նախաքննության ընթացքում հարցեր տալ վկային,
2. եթե վկան 10 տարեկանից փոքր է, իսկ հարցաքննությունը կվնասի նրա հոգեբանությանը,
3. եթե վկան փոքր է 14 տարեկանից, իսկ հարցաքննությունը վերաբերում է սեռական հանցագործություններին:

Սեռական հանցագործության զոհ անչափահասին դատարանում առերես (դեմ առ դեմ) հարցաքննելու հարցին անդրադարձել է ԱՄՆ գերագույն դատարանը:  Այսպես, 1988թ.-ին Coy v. Lowa գործով Գերագույն դատարանը գտել է, որ խախտվել է մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը, քանի որ սեռական հանցագործության երկու զոհերը հարցաքննվել են միակողմանի տեսակապի միջոցով՝ պաշտպանիչ էկրանի հետևում, որի պայմաններում երեխաները չեն տեսել մեղադրյալին, իսկ մեղադրյալը ոչ պարզ տեսանելի պայմաններում է հետևել հարցաքննությանը: Մեղադրյալը բողոքարկել է, որ պաշտպանիչ էկրանի կիրառմամբ երեխաների հարցաքննությամբ խախտվել է դեմ առ դեմ հակընդդեմ հարցման իրավունքը: ԱՄՆ գերագույն դատարանը նշված գործով հաստատել է մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի խախտում և սահմանել, որ հակընդդեմ հարցումը պետք է իրականացվի դեմ առ դեմ: Սակայն երկու տարի անց ԱՄՆ գերագույն դատարանը Maryland v. Craig գործով վերը նշված ընդհանուր կանոնից սահմանել է բացառություն:  ԱՄՆ գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Մերիլենդ նահանգի օրենսդրական կարգավորումը, որի համաձայն՝ դատավորը  հնարավորություն ունի երեխայի հարցաքննությունն իրականացնել միակողմանի տեսակապի միջոցով: Այս դեպքում երեխան, դատախազը և մեղադրյալի փաստաբանը գտնվել են առանձին սենյակում, իսկ դատավորը, երդվյալ ատենակալները և մեղադրյալը՝ դատական նիստերի դահլիճում: Երեխան ուղղակի և առերես հարցաքննության է ենթարկվում առանձին սենյակում, իսկ դատական նիստերի դահլիճում գտնվող դատավարության մասնակիցները հարցաքննությանը հետևել են տեսակապի միջոցով:
 
Կանադայի գերագույն դատարանը անդրադարձել է սեռական հանցագործություններով անչափահաս երեխաների՝ մինչև դատարանը տրված ցուցմունքների թույլատրելիությանը: Այսպես՝ Ռ-ն ընդդեմ Խանի (1990) 2 S.C.R. 531) գործով Կանադայի գերագույն դատարանը նշել է, որ գործը քննող դատավորը թույլ է տվել դատական սխալ՝արգելելովսեռական ոտնձգության երեք ու կես տարեկան զոհին առանց երդման վկայություն տալ, ինչպես նաև այն, որ դատավորը թույլ չէր տվել մեղադրանքի կողմին ներկայացնելու սեռական ոտնձգության ենթարկվելուց 15 րոպե հետո երեխայի` իր մայրիկին տված վկայությունը: Եթե առանց երդման տրված վկայությունը չէր կարող օգտագործվել, ապա կստեղծվեր մի վտանգավոր իրավիճակ, որ փոքր երեխաների հանդեպ սեռական հանցանքներով հնարավոր չի լինի իրականացնել հետապնդում: Երեխայի մայրիկի ցուցմունքի առնչությամբ Կանադայի գերագույն դատարանը գտել է, որ կարելի է դրսևորել ասեկոսե ապացույցի վերաբերյալ ավելի ճկուն, բայց «սկզբունքային» մոտեցում: Անկախ զգուշության կարիքից, ասեկոսե ապացույցը կարող էր ընդունվել, եթե բավարարված էին երկու հիմնական պահանջները՝ անհրաժեշտությունը և արժանահավատությունը: Վկայության արժանահավատությունը պետք է որոշել դրա կարևորությամբ և ցանկացած լրացուցիչ հաստատող ապացույցի որակով:  Մեկ այլ՝ Խան և Սմիթ գործով ([1996] 3 S.C.R. 829) Կանադայի գերագույն դատարանը նշել է, որ գործը քննող յուրաքանչյուր խելամիտ դատավոր անհրաժեշտ կգտներ ընդունել հինգ տարեկան երեխայի մինչդատական ցուցմունքները, որոնցում նա գանգատվում է, որ իրեն ենթարկել են սեռական ոտնձգության: Դատարանը գտել է, որ բողոքարկողի դեմ հարուցված գործը ծանրակշիռ է. երեխայի ցուցմունքներն ամբողջությամբ կայուն էին և հաստատված էին բժշկական հետազոտությամբ, հարձակումից հետո երեխայի մոտ ի հայտ եկած վարքագծի փոփոխություններով և բողոքարկողի կողմից հանցանքը կատարելը հերքող որևէ ճշմարտանման բացատրության բացակայությամբ:
 
Թեև սեռական հանցագործություններով անչափահաս տուժողների պաշտպանության ժամանակակից մոտեցումներն ինքնին ընդունելի են, սակայն դրանք առնչվում են նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված՝ մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի իրականացման հարցին:
 
Այսպես՝ Պ. Ս.-ն ընդդեմ Գերմանիայի գործով (20.12.2001թ.) ութամյա Ս.-ի հայրը 1993թ.-ի ապրիլի 29-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ երաժշտության ուսուցիչը անհատական դասի ընթացքում երեխայի նկատմամբ իրականացրել է սեռական ոտնձգություն: Ոստիկանները հարցաքննել են անչափահաս Ս.-ին և նրա մորը: Ս.-ն հաստատել է հոր հաղորդումը, իսկ մայրը ցուցմունք է տվել այն մասին, որ երաժշտության անհատական դասերից հետո երեխան անհանգիստ է եղել, իսկ հետագայում իրեն պատմել է սեռական ոտնձգության մասին: Ներպետական դատարանը, հիմք ընդունելով Ս.-ի մայրիկի և Ս.-ին հարցաքննած ոստիկանի ցուցմունքը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից նշանակված հոգեբանական փորձաքննության՝ Ս.-ի պատմածի արժանահավատության վերաբերյալ հոգեբանի եզրակացությունը, դիմողին մեղավոր է ճանաչել անչափահաս երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն կատարելու մեջ: Ս.-ի ծնողները հրաժարվել են երեխային ներկայացնել դատարան, քանի որ երեխան ոտնձգության հետևանքով ձեռք էր բերել նեյրոդերմիտ հիվանդություն, և առկա էր նրա առողջական վիճակի վատթարացման վտանգ: Ներպետական դատարանները թեև նշել են, որ դատարանում Ս.-ի հարցաքննության բացակայությունը էական բացթողում է, սակայն նրան չեն հրավիրել դատարան՝ հիմք ընդունելով երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքը և հոգեբանի եզրակացությունն, ըստ որի՝ դատարան ներկայանալու դեպքում կատարվածը վերհիշելու պատճառով երեխայի հոգեբանական վիճակը կրկին կվատթարանա:
 
Այս գործով Եվրոպական դատարանը նշել է, որ անչափահաս վկաների, մասնավորապես՝ սեռական հանցագործությունների անչափահաս զոհերի մասնակցությամբ իրականացվող քրեական դատավարության ընթացքում պետք է հաշվի առնել նրանց շահերի պաշտպանությունը, սակայն հաստատել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, քանի որ առաջին ատյանի դատարանը մերժել է երեխային հոգեբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը, իսկ վերաքննիչ դատարանը այդ փորձաքննությունը նշանակել է դեպքից ութ ամիս անց: Բացի այդ, Ս.-ի ցուցմունքները հանդիսացել են դիմողի դատապարտման միակ ուղղակի ապացույցը:
 
Ինչպես նկատում ենք, նշված ոլորտում անչափահաս տուժողի և մեղադրյալի շահերի զուգակցումը բարդ է, ինչը հանգեցնում է հակասական մոտեցումների և պրակտիկայի ձևավորմանը:
 
Սույն հոդվածում կներկայացվեն անչափահաս տուժողների կրկնակի վիկտիմիզացիայի կանխարգելման վերաբերյալ միջազգային փաստաթղթերում արտացոլված մոտեցումները, այնուհետև կքննարկվի անչափահաս տուժողի և մեղադրյալի շահերի զուգակցման նպատակով տուժողի նախաքննական ցուցմունքների դեպոնացման կառուցակարգի կիրառելիության հարցը:
 
 
1.Անչափահաս տուժողների կրկնակի վիկտիմիզացիայի կանխարգելման հիմնական եղանակը երեխայի մասնակցությամբ կատարվող նույնաբովանդակ դատավարական գործողություններն սահմանափակելն է: Այսպես՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ-ի կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը նախատեսում է, որ երեխայի հետ հարցաքննությունների թիվը հնարավորինս սահմանափակվի այնքանով, որքանով խիստ պահանջվում է քրեական վարույթի նպատակով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը ամրագրում է, որ «յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ տուժողի կամ, անհրաժեշտության դեպքում, վկայություն տվող երեխայի հետ բոլոր հարցազրույցները հնարավոր լինի ձայնագրել տեսաերիզի վրա, և հնարավոր լինի այդ բոլոր ձայնագրված հարցազրույցները  որպես վկայություն ընդունել վարույթի ժամանակ` իր ներպետական իրավունքով սահմանված կանոնների համաձայն:» Այնուհետև նույն կոնվենցիան, շարունակելով առաջադրված դրույթը, 36-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսում է, որ «յուրաքանչյուր կողմ, իր ներպետական իրավունքով նախատեսված կանոններին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ապահովելու համար, որ տուժողը կարողանա ցուցմունք տալ դատարանում առանց իր ներկայության, մասնավորապես, համապատասխան հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Անչափահաս երեխային դատարանում կրկնակի հարցաքննության անթույլատրելիության մասին դրույթներ առկա են նաև միջազգային այլ փաստաթղթերում:Եվրոպայի Խորհրդի «Վկաներին ահաբեկելու և պաշտպանության իրավունքի ապահովման մասին» 10.09.1997թ. N R (97) 13 հանձնարարականի 25-րդ կետի համաձայն՝ խոցելի վկաներին (անչափահաս վկաներ, ընտանեկան բռնության զոհեր) պետք է հարցաքննել քրեական վարույթի առավել վաղ փուլում՝ հանցագործության փաստը հաշվառելուց անմիջապես հետո: Հարցաքննությունը չպետք է կրկնվի:
 
Քրեական  արդարադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների (Առաջարկվել է Տնտեսական և սոցիալական խորհրդի 1997թ. հուլիսի 21-ի թիվ 1997/30 բանաձևով) 49-րդ կետի համաձայն՝ տարբեր իրավական ավանդույթներին, պրակտիկային և իրավական շրջանակներին համապատասխան` քննության և քրեական հետապնդման, ինչպես նաև դատական լսումների ընթացքում հարկավոր է հնարավորինս խուսափել տուժող երեխայի և իրավախախտի ուղղակի շփումից:
 
Հանցագործությունից տուժած և հանցագործության վկա երեխաների գործերով արդարադատության ուղենիշների (Բանաձև 2005/20) 31-րդ կետի համաձայն՝ մասնագետները պետք է նաև իրականացնեն այնպիսի միջոցառումներ, որոնք.
 
ա) կնվազեցնեն հարցաքննությունների թիվը: Պետք է սահմանել տուժող և վկա երեխաներից ցուցմունք ստանալու հատուկ ընթացակարգեր` հարցաքննությունների, ցուցմունքների, լսումների և հատկապես` արդարադատության գործընթացի հետ անհարկի շփումների թիվը նվազեցնելու նպատակով, այդ թվում` տեսաձայնագրման կիրառմամբ.
բ) եթե դա նախատեսված է տվյալ իրավական համակարգով, կապահովեն տուժող և վկա երեխաների պաշտպանությունը հանցագործության կատարման համար մեղադրվող անձի կողմից հարցաքննվելուց` միաժամանակ հարգելով երեխայի` պաշտպանության իրավունքը: Անհրաժեշտության դեպքում տուժող և վկա երեխաներին պետք է հարցաքննել (այդ թվում` դատարանում) հանցագործության կատարման համար մեղադրվող անձի տեսադաշտից դուրս պայմաններում. պետք է նաև տրամադրվեն առանձին դատական սպասասրահներ և մեկուսի հարցաքննության տարածքներ.
գ) կապահովեն, որ տուժող և վկա երեխաները հարցաքննվեն երեխայի հանդեպ զգայուն եղանակով` դատավորների կողմից հսկողության հնարավորությամբ՝ նպաստելով ցուցմունքներ տալու գործընթացին և կրճատելով ահաբեկման հնարավորությունը, օրինակ` ցուցմունք տալիս օգնելու կամ հոգեբան-փորձագետներ նշանակելու միջոցով:
 
2. Համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ քրեական արդարադատության ոլորտում ներգրավված անչափահաս երեխաների շահերից բխում է նրանց մասնակցությամբ կատարվող նույնաբնույթ դատավարական գործողությունների թվաքանակի հնարավորինս սահմանափակման անհրաժեշտությունը: Նման   պայմաններում ի հայտ է գալիս անչափահաս տուժողների ցուցմունքները դատարանում անմիջականորեն հետազոտելու և մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու խնդիրը: Ժամանակակից քրեական դատավարությունում, կիրառվում է մինչդատական վարույթում ցուցմունքի դատական դեպոնացման ինստիտուտը՝ որպես անչափահաս տուժողի շահերի և մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքի հավասարակշռման միջոց:
 
ՀՀ քր. դատ. օր.-ի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսված է ցուցմունքների դատական դեպոնացման ինստիտուտը (գլուխ 42): Նախագծի 312-րդ հոդվածի համաձայն՝ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝
 
1) մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ. 
2) դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից պատշաճ ցուցմունք ստանալու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։
 
Նախագծով նախատեսված չէ անչափահաս տուժողների ցուցմունքների դատական դեպոնացման առանձին հիմք: Մինչդեռ մի շարք միջազգային փաստաթղթերում և առանձին երկրների քրեական դատավարություններում նախատեսված է անչափահաս տուժողների ցուցմունքների դատական դեպոնացման հնարավորություն:
 
Այսպես՝ Եվրոպայի Խորհրդի՝ «Վկաներին ահաբեկելու և պաշտպանության իրավունքի ապահովման մասին» 10.09.1997թ. N R (97) 13 հանձնարարականի 26-րդ կետի համաձայն՝ խոցելի վկաների (անչափահաս վկաներ, ընտանեկան բռնության զոհեր) հարցաքննությունը պետք է իրականացվի կամ դատական իշխանության մարմինների կողմից կամ նրանց ներկայությամբ, իսկ պաշտպանության կողմը պետք է բավարար հնարավորություն ունենա վիճարկելու այն:
 
Այս դրույթը, ըստ էության, վերաբերում է մինչդատական վարույթում անչափահասների ցուցմունքների դատական դեպոնացմանը, քանի որ անչափահասի ցուցմունքը տրվում է մինչդատական վարույթի ընթացքում՝ դատարանի ներկայությամբ, որին կարող է մասնակցել նաև պաշտպանության կողմը: Արտասահմանյան մի շարք երկրների քրեական դատավարության օրենսդրությունը հատուկ կարգավորում է անչափահաս տուժողների ցուցմունքների դեպոնացման ընթացակարգը (այս մասին ստորև):
 
Թեև Նախագծում ուղղակիորեն նախատեսված չէ անչափահաս տուժողների ցուցմունքների դատական դեպոնացման հիմք, սակայն նրանց օրինական շահերը և մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը զուգակցելու նպատակով պետք է անչափահաս տուժողի ցուցմունքի դատական դեպոնացումը իրականացնել Նախագծի 312-րդ հոդվածի 2-րդ հիմքով, այն  է՝ անձը հնարավորություն չունի ներկայանալու դատաքննությանը: Բանն այն է, որ միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ պետք է խուսափել հատկապես սեռական շահագործման զոհ հանդիսացող անչափահաս տուժողներին դատարան հրավիրելուց և կրկնակի հարցաքննելուց: Ինչպես նշվել է, «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ-իկոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝մասնավորապես պետք է ապահովել, որ տուժողների և հանցագործություն կատարած անձանց միջև շփումը դատարանում և իրավապահ մարմնի տարածքում տեղի չունենա, եթե այլ բան չեն նախատեսում իրավասու մարմինները` ելնելով երեխայի շահերից, կամ երբ նման շփում պահանջվում է նախաքննության կամ վարույթների նպատակներով:
 
Մինչդատական վարույթում անչափահաս տուժողի ցուցմունքի դատական դեպոնացման դեպքում երեխան դատարանի ներկայությամբ տալիս է ցուցմունք և ազատվում հետագայում դատարան ներկայանալու և նույնաբովանդակ ցուցմունք տալու պարտականությունից: Դատարանը պետք է ապահովի ցուցմունքի դեպոնացման ընթացքում հակընդդեմ հարցման իրավունքի իրականացումը։ Կողմերի հակընդդեմ հարցման իրավունքի իրականացման հնարավորության ապահովման նպատակով՝ միջնորդությանը պետք է կցել այն նյութերը, որոնք կնպաստեն նման իրավունքի իրականացմանը: Տրամադրվող նյութերը ներառում են ցուցմունք տվող անձի տվյալները, վերջինիս՝ քրեական վարույթի շրջանակներում կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, հնարավոր հարցերի շրջանակը, նախկինում տրված ցուցմունքները և այլ հարակից տեղեկատվությունը: Դեպոնացման օրը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի վարույթի մասնակիցների կողմից հակընդդեմ հարցումներ անելուն նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը:
 
Անչափահաս տուժողի ցուցմունքների դատական դեպոնացման դեպքում հարցաքննությանը կարող է մասնակցել նաև հակընդդեմ հարցման իրավունք ունեցող մեղադրյալը և պաշտպանը: Եթե իրավիճակն այնպիսին է, որ անչափահաս տուժողի ցուցմունքների դատական դեպոնացմանը մեղադրյալի մասնակցությունը վտանգում է անչափահաս տուժողի օրինական շահերը, ապա պետք է քննարկել լուծումների հետևյալ տարբերակները.
 
1. Տուժողի ցուցմունքների դատական դեպոնացմանը մասնակցում է միայն մեղադրյալի պաշտպանը: Այս տարբերակը կարող է կիրառվել այն դեպքում, երբ մեղադրյալը համաձայն է չմասնակցելու անչափահաս տուժողի ցուցմունքի դատական դեպոնացմանը:
 
2. Եթե մեղադրյալը պահանջում է, որ ցուցմունքի դեպոնացման ժամանակ անձամբ իրականացնի հակընդդեմ հարցման իրավունքը, ապա քննիչը պետք է քննարկի դեպոնացումը տեսակապի միջոցով իրականացնելու հնարավորության հարցը: Այս դեպքում մեղադրյալը, նրա պաշտպանը կգտնվեց դատական նիստի դահլիճին հարակից սենյակում, իսկ քննիչը, դատավորը և տուժողը՝ դատական նիստերի դահլիճում: Մեղադրյալը և պաշտպանը տեսակապի միջոցով կարող են լսել և տեսնել երեխայի հարցաքննությունը և քննիչի միջոցով երեխային տալ հարցեր: Այս գործընթացը պետք է տեսագրվի:
 
Եվրոպական դատարանը գնահատել է նշված միջոցառման իրավաչափությունը: Այսպես, «Ակկարդին և այլոք ընդդեմ Իտալիայի» գործով (N 30598/02 բողոք) գործով դիմողները երկու փոքրահասակ երեխաների մայրերն են և նրանց հետ կենակցողները: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ՝ երկու փոքրահասակ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Վեց ու կես տարեկան երեխաները հարցաքննվել են միայն նախաքննության ընթացքում: Դատարանի մեղադրական դատավճռի հիմքում առավելապես դրվել են երեխաների նախաքննական տեսագրված ցուցմունքները, և այն անձանց դատարանում տրված ցուցմունքները, որոնց երեխաները պատմել էին առերևույթ հանցագործության մասին: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը այն պատճառաբանությամբ, որ երեխաների ցուցմունքներն ընդհանուր առմամբ համընկնում են և տրամաբանված են, նրանք գտնվել են հոգեբանների հսկողության ներքո, իսկ հոգեբանները նույնպես հարցաքննվել են նախաքննության ընթացքում: Եվրոպական դատարանը որոշել է, որ բացակայում է Կոնվենցիայի խախտումը, քանի որ  ձեռնարկված բոլոր միջոցառումները բավարար են եղել կանխելու դիմողների իրավունքների խախտումները:  Եվրոպական դատարանը նշել է, որ նախաքննության ընթացքում երեխաների հարցաքննությունն իրականացրել է քննչական դատավորը՝ հոգեբանի մասնակցությամբ: Մեղադրյալները, նրանց պաշտպանները և դատախազը գտնվել են կիսաթափանցիկ ապակիով առանձնացված հարակից սենյակում և կարող էին լսել և տեսնել հարցաքննությունը:
 
Պաշտպանները կարող էին դատավորի միջոցով հարցեր տալ երեխաներին: Հարցաքննությունը տեսագրվել է, որը հետազոտվել է գործն ըստ էության լուծող դատավորի կողմից: 
 
3. Անչափահաս տուժողի ցուցմունքի դատական դեպոնացման ժամանակ բացառել մեղադրյալի մասնակցությունը, իսկ նրա՝ հակընդդեմ հարցման իրավունքն ապահովել միջնորդավորված եղանակով: Այսպես՝ տուժողի ցուցմունքի դատական դեպոնացման ժամանակ պետք է կիրառել տեսաձայնագրում: Ցուցմունքի տեսաձայնագրումը հետագայում պետք է ներկայացնել մեղադրյալին և պաշտպանին՝ հնարավորություն ընձեռելով տալ այն հարցերը, որոնք անհրաժեշտ են պաշտպանության իրավունքի իրականացման համար: Նշված հարցերը հետագայում կրկին դատական դեպոնացման ընթացակարգի շրջանակներում կներկայացվեն տուժողին:
 
Եվրոպական դատարանը գնահատել է նշված միջոցառման իրավաչափությունը: Այսպես՝ Ս.Ն. ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Չի կարելի պնդել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետը պահանջում է, որպեսզի  բոլոր դեպքերում հարցերը տրվեն անմիջականորեն մեղադրյալի և պաշտպանի կողմից»: Այս գործում արտահայտված իրավական դիրքորոշումը ճիշտ գնահատելու համար պետք է հաշվի առնել գործի հանգամանքները: Այսպես՝ դիմողը անչափահաս Մ.-ի դեմ սեռական հանցագործության մեղադրանքով դատապարտվել է 8 ամիս ազատազրկման: Սույն գործով մեղադրական դատավճռի հիմքում ընկած է եղել առավելապես Մ.-ի ցուցմունքները և դրանց տեսա- և ձայնագրությունները: Մ.-ին իրենց տանը հարցաքննել է ոստիկանը: Դիմողի փաստաբանը համաձայնել է չմասնակցել հարցաքննությանը, քանի որ Մ.-ի փաստաբանը նույնպես չէր կարող մասնակցել այդ գործողությանը: Սակայն դիմողի փաստաբանը նախօրոք ձևակերպել է իր հարցերը, որոնք ոստիկանի կողմից ներկայացվել են Մ.-ին: Հետագայում փաստաբանը հարցաքննության ձայնագրությունների հիման վրա հաստատել է, որ հարցաքննության ընթացքում շոշափվել են այն հարցերը, որոնք ինքը կցանկանար ներկայացնել: Մ.-ն դատարանում ցուցմունք չի տվել: Դատական քննության ընթացքում վերարտադրվել են Մ.-ի առաջին հարցաքննության ձայնագրությունները և արձանագրությունները: Դիմողը դատաքննության ընթացքում չի միջնորդել, որպեսզի Մ.-ն անձամբ մասնակցի դատավարությանը: Դատարանը նշել է, որ այս գործով կարելի է ընդունել դիմողի պնդումն այն մասին, որ նա ձեռնպահ է մնացել Մ.-ին դատարան կանչելու և անձամբ նրան հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուց, քանի որ այդպիսի միջնորդությունը կմերժվեր: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ ոստիկանության աշխատակցի հետ Մ.-ի երկրորդ զրույցը տեղի է ունեցել դիմողի փաստաբանի միջնորդությամբ, ով համաձայնվել է չմասնակցել հարցաքննությանը և այդ կապակցությամբ առարկություն չի ունեցել: Նա չի միջնորդել, որ հարցաքննությունը հետաձգվի կամ էլ տեսագրվի, մինչդեռ պաշտպանը նման հնարավորություն ունեցել է: Ավելին՝ փաստաբանը հնարավորություն է ունեցել՝ ոստիկանի միջոցով տուժողին տալու հարցերը և բավարարված է եղել հարցերի պատասխաններով: Սույն գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում չի արձանագրել:  
 
Քրեական արդարադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների 50-րդ կետում նույնպես նախատեսված է, որ պետություններն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկեն դատարանում երեխայի ցուցմունքների տեսագրումը և տեսագրված ցուցմունքը, ի թիվս այլ միջոցների, որպես պաշտոնական ապացույց ներկայացնելը թույլատրելու կապակցությամբ:
 
Գերմանիայի Դաշնային Հանրապետության քր. դատ. օր.-ի 58ա պարագրաֆի համաձայն` ցուցմունքը պետք է տեսաձայնագրվի, եթե հարցաքննվում է 16 տարին չլրացած՝ հանցագործությունից տուժած անձը,  կամ առկա է վտանգ, որ վկան չի կարող հարցաքննվել դատաքննությանը, իսկ ձայնագրառումն անհրաժեշտ է ճշմարտությունը բացահայտելու համար:
 
Սեռական բնույթի հանցագործությունների, ընտանեկան բռնության և երեխաների թրաֆիքինիգի վերաբերյալ քրեական գործերով երեխայի նկատմամբ հնարավոր հոգետրավմատիկ ազդեցությունն բացառելու նպատակով Մոլդովայում և Ղազախստանում նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների ցուցմունքների դեպոնացման հնարավորություն (Մոլդովայի քր. դատ. օր.-ի 110.1 հոդվածի 1-ին մաս, Ղազախստանի քր. դատ. օր-ի 217-րդ հոդվածի 1-ին մաս):
 
Անչափահաս տուժողի ցուցմունքը դեպոնացնելու իրավական կարգավորման հարուստ փորձ ունի ԱՄՆ-ն, որիառանձին նահանգների օրենսդրությամբ հատուկ կարգավորվում են անչափահաս տուժողների և հատկապես՝ սեռական հանցագործության զոհերի ցուցմունքի դեպոնացման ընթացակարգերը: Այսպես՝ Վիսկոնսինի նահանգի քրեական դատավարության կանոնների (7)(a)  կետի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում կողմերից մեկը կարող է դիմել դատարան՝ երեխայի ցուցմունքները տեսաձայնագրելու միջոցով դեպոնացնելու միջնորդությամբ: Ծանուցագրերը ստանալուց և լսումներից հետո դատարանը կարող է թույլատրել նման դեպոնացումը, եթե մինչև դատաքննությունը կամ դատական լսումները.
 
1. չի լրացել երեխայի 12 տարին կամ, 
2. չի լրացել երեխայի 16 տարին, և դատարանը գտնում է, որ 7(b)կետով նախատեսված արդարադատության շահերը պահանջում են, որ երեխայի ցուցմունքները ձայնագրվեն՝ դատաքննության կամ այլ դատական լսման ընթացքում օգտագործվելու նպատակով:
Նույն կանոնների 7(b) կետի համաձայն՝ արդարադատության շահը որոշելիս դատավորը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.
1. երեխայի տարիքը, զարգացման մակարդակը և իրադարձությունները հասկանալու և դրանք խոսքերով վերարտադրելու ունակությունը. 
2. երեխայի ընդհանուր ֆիզիկական և մտավոր առողջությունը.
3. արդյոք այն իրադարձությունները, որոնց վերաբերյալ երեխան տալու է ցուցմունքներ, վերաբերում են երեխայի կամ այլ անձի նկատմամբ իրականացված հանցավոր կամ հակասոցիալական վարքագծին, և արդյոք վարքագիծը հանդիսացել է սեքսուալ բռնություն, դրա տևողությունը, դրա հետևանքով հասցված ֆիզիկական կամ զգայական   վնասի աստիճանը.
4. երեխայի՝ խնամակալության ներքո գտնվելը, նրա ընտանիքի անդամների վերաբերմունքը վերոնշյալ վարույթի և այն իրադարձությունների նկատմամբ, որոնց վերաբերյալ երեխան տալու է ցուցմունք.
5. երեխայի ընտանեկան կամ զգայական հարաբերություններըվարույթին ներգրավված անձանց հետ.
6. նախկինում կատարված հարցազրույցների վերաբերյալ երեխայի արձագանքը կամ դիրքորոշումը.
7. արդյոք երեխան մեղադրում է ինքն իրեն տեղի ունեցած իրադարձությունների համար, կամ արդյոք որևէ անձ պահանջել է երեխայից չբացահայտել առերևույթ հանցանք կատարած անձին, արդյոք կասկածի տակ են դրվել երեխայի՝ դեպքերի հետ կապված նախկին ցուցմունքները, երեխան ինչպիսի սուբյեկտիվ համոզմունք ունի այն մասին, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել ցուցմունքները իր և իր մերձավոր անձանց համար. 
8. արդյոք երեխայի մոտ առկա են հետտրավմատիկ սթրեսային խանգարումների կամ այլ հոգեկան խանգարումների ախտանիշներ, արդյոք վերապրում է իրադարձությունները կրկնվելու վախը, առկա է արդյոք մեղքի զգացում, տագնապ, սարսափ և այլն. 
9. առանձին քննչական, վարչական կամ դատական վարույթների քանակը, դրանց ժամանակահատվածը և այդ ընթացքում իրադարձությունները վերհիշելու հետ կապված՝ երեխայի հոգեկան կամ էմոցիոնալ լարվածությունը.
10. արդյոք ձայնագրված դեպոնացման օգտագործումը կնվազեցնի երեխայի կողմից ցուցմունք տալու հոգեկան կամ էմոցիոնալ լարվածությունը, և արդյոք դեպոնացումը կարող է օգտագործվել երեխայի կողմից ցուցմունք տալու հաճախականությունը նվազեցնելու համար:
 
Նույն կանոնների 8(b) կետի համաձայն՝ դեպոնացումը թույլատրելու դեպքում, դատարանը կարող է կատարել հետևյալ գործողությունները.
 
1. դեպոնացումը նշանակել այն օրը, երբ երեխայի հիշողությունը, ամենայն հավանականությամբ,  թարմ է, և օրվա այն պահին, երբ երեխայի ուշադրությունը, ամենայն հավանականությամբ, գտնվում է լավագույն վիճակում.
2. դեպոնացումը նշանակել այն սենյակում, որտեղ ապահովված է գաղտնիությունը, հարմարավետությունը, որը չի շեղի երեխային, և սենյակը չի լինի պաշտոնական.
3. նշանակել ընդմիջում, երբ դա պայմանավորված է երեխայի հարմարավետությամբ և ուշադրության ապահովման անհրաժեշտությամբ.
4. հաստատել այն հանգամանքը, որ երեխան գիտակցում է սուտ ցուցմունք տալու բացասական հետևանքները, ինչպես նաև երեխայի զարգացման մակարդակը և բանավոր հաղորդակցվելու ունակություններն այնպիսին են, որ նա կարող է տալ ճշմարիտ ցուցմունքներ.
5. մինչև հարցաքննություն սկսելը, երեխային բացատրել ցուցմունքը դեպոնացնելու  նպատակը և պարզել կողմերի ներկայությունը.
6. թույլատրել հարցաքննությանն աջակցելու նպատակով ներգրավել մասնագետ.
7. հսկել ներկա գտնվող անձանց վարքագիծը և շարժումները.
8. թույլ տալ երեխային ցուցմունք տալ՝ հատակին, աթոռին, վստահելի չափահաս անձի ծնկներին նստած վիճակում կամ սենյակում շարժվելիս.
9. թույլ տալ ամբաստանյալին գտնվել այնպիսի դիրքում, որ նա կարողանա խորհրդապահական կարգով հաղորդակցվել իր փաստաբանի հետ.
10. մինչև ցուցմունքների դեպոնացումը թույլատրել ամբաստանյալին ծանոթանալու և ուսումնասիրելու պետության տրամադրության տակ գտնվող այն փաստաթղթերին և այլ ապացույցներին, որոնք կապված են դեպոնացմանը վերաբերող հարցերի հետ. 
11. դադարեցնել այն անձի մասնակցությունը, ում ներկայությունն անհրաժեշտ չէ դեպոնացմանը, կամ որի վարքագիծը խոչընդոտում է դեպոնացմանը կամ լարվածություն է ստեղծում երեխայի համար:
 
Կանոնների (10)-րդ կետի համաձայն՝ եթե դատարանը կամ լսումներ անցկացնող պաշտոնատար անձը թույլատրում է տեսաերիզի վրա ձայնագրված դեպոնացված ցուցմունքն օգտագործել որպես ապացույց, ապա  երեխան չի հրավիրվում դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը կամ լսումներ անցկացնողը որոշում է, որ, ելնելով արդարության շահերից, երեխայի կողմից տրված լրացուցիչ ցուցմունքը պարտադիր է այն պատճառներով, որոնք դեպոնացման ժամանակ հայտնի չէին և պատշաճ ջանասիրությամբ չէին կարող հայտնի լինել:
 
Վերմուտ նահանգի «Սեքսուալ չարաշահումների պատասխանատվության համակարգը բարելավելու վերաբերյալ» ակտի (2009 թ. մարտի 4) 15-րդ կանոնը  կարգավորում է սեռական հանցագործությունների գործերով անչափահասների ցուցմունքների դեպոնացումը: Նշված ակտի 15-րդ կանոնի (A) ենթակետի համաձայն՝ սեռական հանցագործության զոհ համարվող մինչև 16 տարեկան երեխայի ցուցմունքները կարող են դեպոնացվել կողմերի համաձայնությամբ կամ դատավորի որոշմամբ: Նույն կանոնի (C) (1) ենթակետի համաձայն՝ դատարանը կարգադրում է պաշտպանել դեպոնենտին էմոցիոնալ բնույթի վտանգներից, ոչ անհրաժեշտ ձանձրույթից և հիասթափությունից, կաշկանդվածությունից, ճնշվածությունից, նրա մասնավոր կյանք ներխուժելուց, ժամանակն անհարկի օգտագործելուց: Տվյալ կարգադրությունը, այլ միջոցների հետ միասին, ներառում է հետևյալը.
 
1) ցուցմունքները պետք է դեպոնացնել հստակ որոշված պայմանների առկայության դեպքում՝ ներառյալ ցուցմունքների դեպոնացման վայրը, ժամանակը և կարգը.
2) դեպոնացումը պետք է կատարվի միայն գրավոր հարցերի միջոցով.
3) դեպոնացման ընթացքում որոշ հարցեր կարող են հանվել, կամ դեպոնացումը կարող է սահմանափակվել որոշակի հարցերի շրջանակով.
4) դեպոնացմանը մասնակցող անձանց շրջանակը որոշում է դատավորը.
5) դեպոնացումն ավարտելուց հետո ձայնագրությունները պետք է փակվեն և անհասանելի լինեն՝ մինչև դատավորի կողմից կարգադրություն արձակելը:
 
Այսպիսով՝ ելնելով վերը նշվածից՝ կարելի է եզրակացնել.
 
1)Նախագծով անհրաժեշտ է նախատեսել երեխայի ցուցմունքը՝ մինչդատական վարույթում դեպոնացնելու ինքնուրույն հիմք,
2) գործնականում անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել քրեական վարույթում տուժող երեխաների մասնակցությամբ կատարվող նույնաբովանդակ քննչական գործողությունների դեպքերը, տուժող երեխաների և առերևույթ հանցագործություն կատարած անձանց միջև անմիջական շփումը:  
3) մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի ապահովման նպատակով պաշտպանության կողմը պետք է բավարար և իրատեսական հնարավորություն ունենա երեխայի ցուցմունքների դեպոնացման ընթացքում անմիջական կամ միջնորդավորված եղանակով իրականացնելու հակընդդեմ հարցման իրավունքը: 

 

 
«Օրինականություն» 2015, թիվ 87, էջեր 16-25.