Ավելի քան 315 մլն ՀՀ դրամի հափշտակություն երիտասարդի կողմից․ տուժել է 23 անձ․ նախաքննությունն ավարտվել է

ՀՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ․ ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։
2019թ․-ի մայիսին, Երևանի բնակիչ Ս․Դ․-ն, ով հանդիսանում է ՍՊԸ ընկերության տնօրեն, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայնինգ կատարող սարքեր ձեռք բերելու և այդպիսով շահույթ ստանալու նպատակով՝ 2018թ. հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ, ինչի արդյունքում՝ վերջինս իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար։
Բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 26-ամյա երիտասարդի կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախությունների շղթա։ Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջինս, շահույթ ստանալու պատրվակով, ինչպես Ս․Դ․-ին, այնպես էլ մի քանի այլ անձանց առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող և իբրև թե համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, և հիշյալ անձացից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315․ 788․ 602 ՀՀ դրամ գումար։
Երիտասարդը նախ ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող գործարարին հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվում հիշյալ սարքերի ներմուծմամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով ցույց տվել իր բջջային հեռախոսում գրանցված բանկային հաշիվներին ստացված ինչ-որ գումարներ, ապա նրան առաջարկել 1.154.280 ՀՀ դրամին համարժեք 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք՝ խոստանալով դրա գործարկումից վերջինիս ապահովել ամսական 280.000 ՀՀ դրամի չափով շահույթ:
Ստանալով Ս․Դ․-ի համաձայնությունը՝ հանցագործության կատարման պահին 22-ամյա երիտասարդը վերցրել է պահանջված գումարն ու շուրջ մեկ ամիս անց ՍՊԸ տնօրենին մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում ներկայացրել որպես «Antminer Z9 mini» սարք՝ առաջարկելով խոստացված եկամտաբերությունն ապահովելու համար այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, սակայն իրականում գոյություն չունեցող գործարանում:
Հետագայում, ավելի մեծ եկամուտ ստանալու պատրվակով գործարարին առաջարկվել է գնել տասնյակ այլ սարքեր, ինչի դիմաց երիտասարդը նրանից ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որից 25.949.232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:
Այնուհետև, չկատարելով իր ստանձնած պարտավորությունը, երիտասարդը շուրջ 40 հատ՝ բարձր եկամտաբերությամբ և որակական հատկանիշներով սարքեր տրամադրելու փոխարեն գործարարին տրամադրել է խոստացվածից խիստ ցածր որակական հատկանիշներով սարքավորում՝ այդպիսով նրանից հափշտակելով 13.468.763 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, երիտասարդը, տեղեկանալով նաև Ս․Դ․-ի հետ փոխկապակցված անձանց՝ ֆինանսապես ապահովված լինելու մասին և օգտագործելով գործարարի մոտ ձեռք բերած վստահությունը, վերջինիս միջոցով՝ նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եկել նաև նրա հարազատների և ընկերների, վերջիններիս միջոցով էլ՝ տասնյակ այլ անձանց հետ, որոնցից նույնպես նույն եղանակով պարբերաբար խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ պատվիրված սարքերը տարբեր պատճառաբանություններով չփոխանցելով, և շարունակ խուսափելով վերջիններիս զանգերից։ Նրա հանցավոր գործողություններից տուժել է ընդհանուր 23 անձ։
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա, Գյումրիի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ)։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: