Դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության աշխատակցին կաշառք տալու գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Քրեակատարողական հիմնարկի պետի և անվտանգության բաժնի աշխատակցի հետ:
Քննությամբ պարզվել է, որ դատապարտյալը, Քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար պայմանավորվել է վերջինիս որպես կաշառք յուրաքանչյուր ամիս 500 ԱՄՆ դոլար գումար տալ և խոշոր չափերի կաշառք տալու` իր հանցավոր նպատակն իրականացնելու համար, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելելու հանգամանքն օգտագործելով, 2019թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանցից հավաքագրել է տարբեր չափերի գումարներ, որոնց մի մասը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 1.500 ԱՄՆ դոլար գումարը, պայմանավորվածության համաձայն, Քրեակատարողական հիմնարկի պետին փոխանցելու և հնարավոր բացահայտման խոչընդոտները վերացնելու նպատակով, իր մտերիմ անձի միջոցով, փոխանցել է հիմնարկի պետի ընկերոջը, վերջինս էլ՝ հիմնարկի պետին:
Արդյունքում հիշյալ դատապարտյալին և նրա «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում տրվել են արտոնություններ՝ քրեակատարողական հիմնարկ են մտցվել արգելված իրեր, դատապարտյալներն անարգել դուրս են եկել իրենց խցերից, զբաղվել են թղթախաղով, տեղաշարժվել փակ ռեժիմի գոտում, օգտագործել ալկոհոլ, շահագործել բջջային հեռախոսներ, իսկ քրեակատարողական հիմնարկի որոշ խցերի պլանային և ոչ պլանային խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ:
Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև` նույն քրեակատարողական հիմնարկում մեկ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու մեկ այլ դեպք:
Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների՝ Արարատի մարզի բնակիչը, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակցի հետ կաշառքի դիմաց քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի արգելված իրեր տեղափոխելու հարցում, որից հետո վերջինս հանդիպել է դատապարտյալի կողմից մատնանշած, վերջինիս մտերիմ անձի հետ ու ստացել արգելված իրերը:
Անվտանգության աշխատակիցը, 2018թ. նոյեմբեր ամսվա տարբեր օրերին ընդգրկված լինելով քրեակատարողական հիմնարկի անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում, արգելված իրերը ծառայակիցներից գաղտնի տեղափոխել է քրեակատարողական հիմնարկի ռեժիմային գոտի ու հանձնել դատապարտյալին, ինչի դիմաց վերջինս հիշյալ աշխատակցին տվել է կաշառք, որը նա ստացել է ինչպես կանխիկ, այնպես էլ՝ վճարային համակարգի միջոցով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ մյուսին՝ 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականի նոյեմբերին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Քրեակատարողական հիմնարկի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ անվտանգության բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: