Տեղեկատվություն՝ ՀՀ ՔԿ վարույթում 2016 թվականին ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված գործերի մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ-ում ներդրվել է ընտանեկան բռնությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ, որը թույլ կտա համապարփակ ուսումնասիրել բռնության այդ տեսակի տարածվածությունը, դրսևորման եղանակները, ձևերը, տուժողների և մեղադրյալների կարգավիճակները, ինչպես նաև՝ նրանց միջև փոխհարաբերությունները։
Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, որոնցից 18-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված ընտանեկան բռնության 359 գործերից՝
- 222-ը վերաբերել է ծեծին (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված),
- 45-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդված),
- 23-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն,
- 19-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված),
- 10-ը՝ սպանությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված)
- 7-ը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 3-ը եղել են մոր , 14-ը՝ հոր, 3-ը՝ խորթ հոր, 9-ը՝ եղբոր/քրոջ, 15-ը՝ զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 2-ը՝ կնոջ, 136-ը՝ ամուսնու, 3-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 15-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 204 անձ, որոնցից 122-ը՝ 18-35 տարեկան, 82-ը՝ 35 տարեկանից բարձր:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 237 անձ, որոնցից 20-ը՝ մինչև 12 տարեկան, 2-ը՝ 12-14 տարեկան, 25-ը՝ 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 108-ը՝ 18-35 տարեկան, 80-ը՝ 35 տարեկանից բարձր:
Հաշվետու ժամանակահատվածում 206 քրեական գործի վարույթ կարճվել է՝ մեծամասամբ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ:
Ծանուցում. «Ընտանեկան բռնություն» եզրույթը կիրառվում է 2014թ. նոյեմբերի 17-ի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի 3-րդ կետում տրված ձևակերպման համատեքստում, որի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» եզրույթը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «… ֆիզիկական և հոգեբանական բռնի գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, կամ նախկին (կամ ներկա) ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ»: