Լրահոս
24.09.19, 14:46

Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը (լուսանկարներ)

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսը:

ՔԿ նախագահը, ողջունելով հյուրերին, նշել է, որ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շարունակական կատարելագործման շրջանակներում, քննիչների մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մեջ ներդրվեց նաև «Էլեկտրոնային գրադարան» բաժինը:

«Հատկանշական է, որ Կոմիտեի ձևավորումից ի վեր Կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը շարունակական բնույթ է կրել, այդ համագործակցության շրջանակներում է, որ հնարավորություն է ստեղծվել Կոմիտեում թվայնացնել քրեական գործերը, Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում ներդնել ներքին ցանց, ձևավորել վարույթը կարճված, դատարան ուղարկված քրեական գործերով էլեկտրոնային արխիվ, առցանց օգտվել այլ գերատեսչությունների տեղեկատվական բազաներից, ներդնել կապի օպերատորների հետ դատարանների որոշումների և վերծանումների փոխանցման էլեկտրոնային համակարգ, գործարկել «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը»»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ «էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը յուրաքանչյուր քննիչի համար հանդիսանում է յուրօրինակ թվային հարթակ, որտեղ տեղ են գտնում քննիչի վարույթում քննվող քրեական գործերը:

Նշենք, որ ծրագիրը թույլ է տալիս նաև քննիչի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող անմիջական վերադասին տեսնել քննիչի վարույթում քննվող քրեական գործով կազմված որոշումները և արձանագրությունները, վարել էլեկտրոնային վիճակագրություն, առցանց եղանակով ստանալ տվյալ պահին Կոմիտեում հարուցված քրեական գործերի, դրանց շարժի և վերջնական ավարտի, ինչպես նաև՝ քրեական գործերով ներգրավված մեղադրյալների մասին տեղեկատվություն:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին նշեց, որ ուրախ է մասնակցել «էլեկտրոնային գրադարան» բաժնի շնորհանդեսին. «Ուրախ եմ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ միասին պաշտոնապես բացել այս էլեկտրոնային գրադարանը, որը Քննչական կոմիտեի էլեկտրոնային քննության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է և ապահովվել է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից։ Միացյալ Նահանգները գործակցում է Քննչական կոմիտեի հետ՝ աջակցելու Հայաստանի արդարադատության համակարգի արդիականացմանը և առավել թափանցիկ ու արդյունավետ գործունեությանը»։

ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ ցանկանում են օգնել Հայաստանին՝ կառուցելու ամենալավ իրավապահ համակարգը. «Այս առումով է, որ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը համագործակցում է Քննչական կոմիտեի հետ վերջին հինգ տարիների ընթացքում: Մենք հովանավորել ենք այն տեխնոլոգիական փոփոխությունները, որոնց շնորհիվ Քննչական կոմիտեի կողմից կատարված քննությունները կատարելագործվել են՝ ապահովելով սարքավորումներով, այդ թվում՝ սկաներներով, սերվերներով և համացանցային ծրագրերի ներդրումներով: Եվ, անշուշտ, մենք օժանդակել ենք էլեկտրոնային գրադարանի մշակման հարցում, որն արդեն ծառայում է որպես էլեկտրոնային նախաքննության համակարգի բաղադրիչ մաս: Բացի այս տեխնոլոգիական բարելավումներից, մենք նաև ողջունում ենք Քննչական կոմիտեի նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգներում և արևմտյան երկրներում մարդու իրավունքներին վերաբերող կարևոր խնդիրներին լուծում տալու մոտեցումներին ծանոթանալու հարցում»,- ընդգծեց ԱՄՆ դեսպանը:

Նա շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ ջերմ ընդունելության և համագործակցությունում նոր ուղենիշ սահմանելու համար: