Քննությամբ պարզվել է, որ այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք. ընտրողները հավաստել են, որ անձամբ մասնակցել են հանրաքվեին
Վանաձորի թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները. հաղորդման հեղինակը հավաստել է, որ իր ընտանիքի անդամների փոխարեն այլ անձի կողմից քվեարկելու ահազանգը եղել է թյուրընկալման հետևանք։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով այցելել է Վանաձոր քաղաքի Նիզամի 49 հասցեում գտնվող թիվ 30/21 ընտրատեղամաս՝ ընտրություն կատարելու, սակայն պարզել է, որ ինքնությունը չպարզված անձը քվեարկել է իր ծնողների և եղբոր փոխարեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։
Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապոհվելու ուղղությամբ, հարցաքննվել հաղորդում ներկայացրած անձը՝ Սյուզաննա Սողոմոնյանը, նրա ծնողները, եղբայրը հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահը, որի արդյունքում հանցագործության դեպքը չի հիմնավորվել։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ս.Սողոմոնյանի ծնողները և եղբայրն իրականում մասնակցել են հանրաքվեին և նրանց փոխարեն որևւէ մեկը չի քվեարկվել, իսկ հակառակի վերաբերյալ Ս.Սողոմոնյանը գրավոր հաղորդում է ներկայացրել թյուրընկալման հետևանքով։
Ս.Սողոմոնյանը մասնագիտությամբ իրավաբան է և հանրաքվեի օրն իրականացրել է դիտորդական առաքելություն։ Հանրաքվեին որպես ընտրող մասնակցելու համար գնացել է թիվ 30/21 ընտրատեղամաս, որտեղ նկատել է, որ ծնողների՝ Աշոտ և Լալա Սողոմոնյանների, ինչպես նաև եղբոր՝ Մանուկ Սողոմոնյանի անունների դիմաց լրացված են անձնագրային տվյալներ, առկա է ստորագրություն, կնիք, որից հետո զանգահարել է մորը՝ պարզելու՝ ընտանիքի անդամները մասնակցե՞լ են քվեարկությանը, թե՝ ոչ: Հեռախոսազրույցի ժամանակ մայրն ասել է «ոչ», ինչից ենթադրել է, որ նրանք հանրաքվեին չեն մասնակցել, և նրանց փոխարեն մեկ ուրիշն է քվեարկել, ինչի վերաբերյալ գրավոր հաղորդում է ներկայացրել։ Սակայն ավելի ուշ պարզել է, որ իրականում նրանք անձամբ մասնակցել են հանրաքվեին, իսկ «ոչ» ասելով՝ մայրը նկատի է ունեցել, որ փոփոխությունների նախագծին են «ոչ» քվեարկել։ Նույնաբովանդակ ցուցմունք են տվել նաև Ս.Սողոմոնյանի ծնողները, եղբայրը։
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 30/21 ընտրատեղամասում Աշոտ Սողոմոնյանը, Լալա Սողոմոնյանը և Մանուկ Սողոմոնյանը մասնակցել են հանրաքվեին, և նրանց փոխարեն այլ անձ չի քվեարկել:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում Սողոմոնյանների փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետով՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։