Հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի` 2017 թվականի գործունեության մասին
Հաղորդում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2017 թվականի գործունեության մասին
(«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներպետական և միջազգային համապատասխան իրավական ակտերով, 2017թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իրավական ապահովման ոլորտներում:
2017թ. ընթացքում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են էական ծանրաբեռնվածությամբ: Հանցագործությունների մինչդատական քննության բնագավառում Կոմիտեի ծանրակշիռ դերի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2017թ. ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթում քննված քրեական գործերից 20.057-ը կամ շուրջ 90.6 %-ը քննվել է Կոմիտեի վարույթում[1]:
Քննարկվող ժամանակամիջոցում Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1.210-ով կամ 5.6%-ով (նախորդ տարի` 21.267 գործ)[2], Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների վարույթում հարուցվել է 5.622 քրեական գործ (2016թ՝ 11.660), այլ մարմնից ստացվել է 1.132 (2016թ՝ 1.301) քրեական գործ: Վարույթում քննված քրեական գործերի քանակի նվազումը պայմանավորված է մի քանի գործոններով, մասնավորապես՝ երկամսյա ժամկետում նախաքննությունն ավարտված քրեական գործերի քանակական աճով, որով պայմանավորված էլ կտրուկ նվազել են 2017թ. փոխանցված քրեական գործերը՝ 2.566 քրեական գործ[3]՝ նախորդ տարվա 3268-ի դիմաց, ՀՀ ոստիկանության կողմից քրեական գործի հարուցումը մերժված նյութերի քանակի կտրուկ աճով՝ 5.918 նյութ[4]՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.628-ի դիմաց, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների կողմից միմյանց փոխանցվող քրեական գործերի քանակի նվազմամբ, ինչի արդյունքում քրեական գործերը կրկնակի չեն հաշվառվել:
Ինչպես ցույց են տալիս ներկայացված թվային տվյալները՝ նախորդ տարվա համեմատությամբ 6.038-ով կամ 48,2%-ով նվազել է Կոմիտեի վարույթում հարուցված քրեական գործերի քանակը, ինչն անմիջականորեն պայմանավորված է հետաքննության մարմինների կողմից հարուցված քրեական գործերի քանակի կտրուկ աճով: Քննարկվող ժամանակամիջոցում Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է հետաքննության մարմինների կողմից հարուցված 6.567 քրեական գործ, ինչը գերազանցում է նախորդ տարվա թվային ցուցանիշը 4.965-ով:[5]
Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը միայն քրեական գործերով կազմել է 45 քրեական գործ: Միջին ծանրաբեռնվածության վերաբերյալ նշված թիվը գործնականում ամբողջական չի ներկայացնում 2017թ. ընթացքում Կոմիտեի կատարված աշխատանքները՝ նկատի ունենալով նախապատրաստված և մերժված նյութերի զգալի քանակը՝ 5.831 նյութ, որոնցով ևս, ինչպես և քրեական գործերով, կատարվում են դատավարական գործողություններ: Նման պայմաններում վարույթում եղած քրեական գործերի և մերժված նյութերի միասնական հաշվարկով Կոմիտեի մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 58 գործ և նյութ:
Դատավարական ավարտ ունեցող և վարույթը կասեցված քրեական գործերը, դրանց հարաբերակցությունը.
Կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ կատարվել է հիմնարար նշանակության փոփոխություն։ Ի տարբերություն նախկին պրակտիկայի՝ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու ցուցանիշների մեջ կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում։ Բանն այն է, որ քրեական գործերի վարույթը կասեցնել նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելն ինքնին դրական երևույթ չէ, քանի որ իրավապահ մարմիններին չի հաջողվել ամբողջ ծավալով կատարել իրենց գործառույթները, ուստի քրեական գործերով վարույթի կասեցումը չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։
Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ 2017թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.206 քրեական գործ՝ 3.951 անձի նկատմամբ, 5.136 քրեական գործի վարույթ կարճվել է, այսինքն՝ ավարտվել է 8.342 քրեական գործի ընթացք՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 8.695 գործի դիմաց: Ավարտված քրեական գործերով արտադրողականությունն աճել է 0.7%-ով՝ կազմելով 41.6%՝ նախորդ տարվա 40.9%-ի դիմաց:
Քննարկվող ժամանակամիջոցում 823-ով նվազել է վարույթը կասեցված գործերի քանակը՝ 6.697 քրեական գործ՝ նախորդ տարվա 7.520-ի դիմաց: Նշված 6.697 գործից 4.717-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու, իսկ 1.820-ը՝ քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ:
Դատավարական ավարտ ունեցող քրեական գործերը կազմել են Կոմիտեի վարույթում քննված գործերի 41.5%-ը, իսկ վարույթը կասեցված քրեական գործերը՝ 33.3%-ը:
[1] Տես հավելված 1
[2] Տես հավելված 2
[3] Տես հավելված 3
[4] Տես հավելված 4
[5] Տես հավելված 5
Կոմիտեն հետևողական աշխատանքներ է տանում հետախուզվող անձանց հայտնաբերելու աշխատանքներին աջակցելու և վիճակը բարելավելու նպատակով: Այդ մասին են վկայում Կոմիտեի նախագահի «Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վերցնելու և անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու վերաբերյալ» 01.10.2015թ. թիվ 91-Լ, ինչպես նաև «Նախաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու, դատախազի սանկցիայով ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ վերահաստատելու, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների արարքները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու գործընթացը կանոնակարգելու մասին» 10.01.2018թ թիվ 1-Լ հանձնարարականները:
Նախաքննության ժամկետների վիճակը.
Ավարտված գործերով նախաքննության ժամկետները երկարացվել են 3.788 գործով՝ նախորդ տարվա 4.362-ի դիմաց, նվազումը կազմել է 574 գործ: Սրան զուգահեռ, որպես դրական ցուցանիշ պետք է նշել Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և դրա տարածքային ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննված գործերով մինչև երկու ամիս ժամկետում նախաքննությունն ավարտված քրեական գործերի աճը՝ 4.233 գործ՝ նախորդ տարվա 3.986-ի դիմաց: Աճը կազմել է 247 քրեական գործ կամ 6.2%:
Ընդհանուր առմամբ երկամսյա ժամկետում քննվել են ավարտված գործերի 50.8%-ը՝ նախորդ տարվա 46.1%-ի դիմաց: Ընդ որում, մի շարք քրեական գործերով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ գործը դատախազություն է ուղարկվել 1-ից 7-օրյա ժամկետում, ինչն իրավակիրառ պրակտիկայում բացառիկ դեպքեր են: Նախաքննության ժամկետների պահպանման հարցում դրական ցուցանիշի արձանագրումը, ի թիվս նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած մի շարք գործոնների, մեծապես պայմանավորված է նաև ՀՀ-ում բջջային, ֆիքսված, ինտերնետ կապի ծառայություններ մատուցող օպերատորներին դատավարական և այլ փաստաթղթերն ուղարկելու, վերծանումները ստանալու ընթացակարգը էլեկտրոնային դարձնելու, նախաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվական բազաներից քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկատվությունն առցանց ստանալու, դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակն Էապես բարելավելու հանգամանքով:
2017թ. ընթացքում լրացուցիչ նախաքննության է վերադարձվել 79 քրեական գործ, որը կազմում է ավարտված 8.342 քրեական գործերի 0.9%-ը՝ նախորդ տարվա 61-ի կամ 0.7%-ի դիմաց: Քրեական գործի վարույթը կարճելու մասին կայացված որոշումներից հսկող դատախազների կողմից վերացվել է 313-ը՝ նախորդ տարվա 266-ի դիմաց, այսինքն՝ աճը կազմել է 47 քրեական գործ կամ 17.6%:
2018թ. փոխանցվել է 2.563 քրեական գործ՝ նախորդ տարվա 2.566-ի դիմաց:
Ձերբակալվել է 812 կասկածյալ, 2.052 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է հարուցվել խափանման միջոց կալանք ընտրելու մասին: Դատարանների կողմից մերժվել է 98 միջնորդություն, մերժելուց հետո դատախազների կողմից բողոքարկվել է 43 որոշում, որից բավարարվել է 14-ը: 117 մեղադրյալի նկատմամբ կալանքը փոխարինվել է գրավով:
Նախապատրաստվել է 9.639 նյութ, որից 3.575-ով հարուցվել է քրեական գործ, 5.831-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, վերացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին 54 որոշում:
Քննարկվող ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 366.838.691 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 193.318.973 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 503.886.058 ՀՀ դրամ վնասից՝ 120.150.943 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.005.672.846 ՀՀ դրամ վնասից՝ 195.816.083 ՀՀ դրամը:
Դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների և դրանց դեմ ներկայացվող առարկությունների վիճակը
2017թ. ընթացքում նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից քննիչներին տրվել է 1.446 ցուցում: Ցուցումների վերաբերյալ քննիչների կողմից վերադաս դատախազներին ներկայացվել է 60 գրավոր առարկություն, սակայն միայն 2 դեպքում են վերադաս դատախազների կողմից առարկությունները ճանաչվել հիմնավորված և վերացվել հսկող դատախազների ցուցումները:
Հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի կողմից վերադաս դատախազին գրավոր առարկություններ ներկայացնելու ընթացակարգը վիճելի է, քանի որ չի բավարարում իրավական վեճերի լուծման անաչառության սկզբունքին: Հսկող դատախազի կողմից կայացվող որոշումները, քննիչին տրվող ցուցումներն առհասարակ գործնականում նախապես համաձայնեցվում են անմիջական վերադաս դատախազի հետ, և երբ քննիչը հսկող դատախազի ակտերի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում, ապա, որպես կանոն, անմիջական վերադաս դատախազը մերժում է քննիչի առարկությունը՝ հսկող դատախազի ցուցումը թողնելով ուժի մեջ: Այդ մասին են փաստում ներկայացված թվերը: Կարծում ենք, որ դատախազության և նախաքննության մարմինների՝ որպես ինքնուրույն սահմանադրական մարմինների միջև հատկապես իրավասության վերաբերյալ վեճերը պետք է լուծվեն անաչառության սկզբունքի վրա կառուցված իրավական ընթացակարգերով, որի պայմաններում կպահպանվի իրավունքի վերաբերյալ այն աքսիոման՝ ըստ որի վեճը լուծող մարմինը միաժամանակ չի կարող լինել վեճի կողմ:
2017թ. ընթացքում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն) վարույթում քննվել է 313 քրեական գործ։ Նախորդ տարվանից փոխանցվել է 52 քրեական գործ, վարույթ է ընդունվել 261 գործ, հարուցվել է 35 գործ, անջատվել է 19 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ է ընդունվել 164 քրեական գործ։ Նախկինում կասեցված գործերից վերսկսվել է 39-ը, վարույթ է ընդունվել դատախազի կողմից հարուցված 4 քրեական գործ։
Քննարկվող ժամանակամիջոցում ավարտվել է 79 քրեական գործ, որից 47-ը՝ 68 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազին, 32 քրեական գործի վարույթ կարճվել է, 115 քրեական գործով վարույթը կասեցվել է, որից 107-ը՝ հանցանք կատարած անձի անհայտ լինելու պատճառով (գերակշիռ մասը կիբեռհանցագործությունների վերաբերյալ գործեր են), 7-ը՝ մեղադրյալի՝ քննությունից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն անհայտ լինելու, 1-ն՝ այլ հիմքով։ Վարույթում քննված գործերից 8-ն ուղարկվել է այլ մարմին, 2018թ. փոխանցվել է 55 քրեական գործ։
2017թ. ընթացքում քրեական գործի վարույթը կարճելու և (կամ) քրեական հետապնդումը դադարեցնելու (հետապնդում չիրականացնելու) մասին որոշումներ, ինչպես նաև գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ դատախազի կողմից չեն վերացվել, դատախազի կողմից լրացուցիչ քննության գործեր չեն վերադարձվել, դատարան ուղարկված գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել:
2017թ. ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել է 13 նյութ, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ, 9-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1 նյութ ուղարկվել է այլ մարմին:
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննարկվող ժամանակամիջոցում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 31.963.200 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 31.963.200 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված 139.438.720 ՀՀ դրամ վնասից՝ 35.918.310 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված 8.112.800 ՀՀ դրամ վնասից՝ 5.837.800 ՀՀ դրամ:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով 3 միջնորդագիր է ներկայացվել պատկան մարմիններին:
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մշտապես քննվել և քննվում են բազմադրվագ, առանձին բարդություն ներկայացնող, հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործեր, մասնավորապես՝ 2017թ. հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, 2017թ. օգոստոսի 1-ին Թելման Քալաշյանի կողմից հրազենով զինված, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց սպանելու դիտավորությամբ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում հավաքված բազմության ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն ունեցող նյութական պատասխանատու անձ, ՀՀ փաստաբանների պալատի գլխավոր հաշվապահի կողմից հաշվապահական հաշվառման վարման կանոնները չպահպանելու և հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2012թ հունվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով ՀՀ փաստաբանների պալատին պատկանող առանձնապես խոշոր չափերի 134.821.915 ՀՀ դրամը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես նաև այլ բարդ և բազմադրվագ քրեական գործեր:
Նշված քրեական գործերով կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննվել են շուրջ 200 վկաներ, կատարվել են խուզարկություններ և զննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Երեք դեպքում էլ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
2017թ. ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի բացահայտման ուղղությամբ: Բացահայտվել է նշված բնույթի 17 հանցագործության դեպք՝ 2016թ 6 դեպքի համեմատ: Քննարկվող ժամանակամիջոցում բացահայտված քրեական գործերից 7 գործ՝ 7 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1 քրեական գործով 1 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 4 քրեական գործի վարույթ կարճվել է. 3-ը՝ մեղադրյալի կամ կասկածյալի հետ տուժողի հաշտվելու, 1-ը՝ գործուն զղջալու հիմքով: 2017թ. ընթացքում բացահայտված 5 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները մասնագիտական գիտելիքների խորացման նպատակով մասնակցել են բազմաթիվ սեմինարների և քննարկումների, շարունակվում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և դրանց մարմինների հետ:
Քրեական գործերի քննության ընթացքում առանձին հանցատեսակներով մշակվել են քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մեխանիզմներ, պարբերաբար կազմակերպվել են քննարկումներ՝ ՀՀ օրենքների նախագծերի և այլ իրավական ակտերի վերաբերյալ, հաշվի առնելով վարչության իրավակիրառ պրակտիկան՝ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:
Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) վարույթում քննվել է 4.312 քրեական գործ, որից 630-ը փոխանցվել է 2016թ-ից: Նախորդ տարվա համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակը նվազել է 494-ով կամ 10,2 %-ով: Վարույթում քննված 4.312 քրեական գործից 2.464-ը հարուցել են ԶՔԳՎ քննիչները, 142-ը ստացվել է այլ մարմնից, 791 քրեական գործով վարույթը վերսկսվել է: Քննարկվող ժամանակամիջոցում քննված 4.312 քրեական գործից ավարտվել է 2.042-ի կամ 47,3%-ի նախաքննությունը:
Ավարտված 2.042 քրեական գործից 660-ը` 959 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազներին, անմեղսունակ ճանաչված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշմամբ 2 քրեական գործ ուղարկվել է դատարան, կարճվել է 1.380 քրեական գործի վարույթ, 1.328 քրեական գործի վարույթ կասեցվել է:
2017թ. նախապատրաստվել է 2.956 նյութ, որից 2.349-ով հարուցվել է քրեական գործ, մերժվել է քրեական գործի հարուցումը 578 նյութով:
ԶՔԳՎ-ում քննարկվող ժամանակամիջոցում քննված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով մերժված նյութերով պետությանը պատճառված 196.588.000 ՀՀ դրամ գույքային վնասից վերականգնվել է 117.831.000 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 21.835.000 ՀՀ դրամ վնասից՝ 1.187.000 ՀՀ դրամը: Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով, գործի մասերով և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով իրավաբանական անձանց վնաս չի պատճառվել:
Կոմիտեի ԶՔԳՎ վերահսկողության վարչությունը 2017թ. ընթացքում, իրականացնելով իրավական ակտերով և Կոմիտեի կանոնադրությամբ սահմանված գործառույթները, կատարել է որոշակի աշխատանքներ ԶՔԳՎ ստորաբաժանումների միատեսակ, օրենքով սահմանված նախաքննական գործառույթն արդյունավետ իրականացնելու և այդ գործունեության ընթացքում ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ, բացի այդ, ԶՔԳՎ վերահսկողության վարչությունն ապահովել է Կոմիտեի կենտրոնական մարմնի, ՀՀ ՊՆ ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը և 6 տարբեր աշխատանքային խմբերում ներկայացուցչությունը:
Քննության որակը բարձրացնելու և աշխատանքային կարգապահությունն ապահովելու նպատակով նախապատրաստվել է Կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի 7 հանձնարարականի և հրամանի նախագիծ, քննարկվել և կարծիք է ներկայացվել 39 իրավական ակտի նախագծի վերաբերյալ, դատախազական, հետաքննական և նախաքննական տարբեր մարմիններից ստացվել, ուսումնասիրվել և ըստ ենթակայության է ուղարկվել 91 քրեական գործ, 41 նյութ և 12 հաղորդում:
Քննարկվել և պատասխանվել է 319 դիմումի ու միջնորդության, տարբեր մարմիններից, կազմակերպություններից ստացված 106 գրության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից ստացված 4 հարցման, պատրաստվել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ ներկայացված 7 գանգատի պատասխան: Կոմիտեի դեպարտամենտի արխիվ ուղարկելու նպատակով վերահսկողության վարչությունում ստացվել և ուսումնասիրվել է կայազորային քննչական բաժիններում վարույթը կարճված 1001 քրեական գործ:
Ապահովելով իրավական ակտերով նախատեսված համագործակցությունը ՀՀ ՊՆ ԶՍՊ, ԱՀՏԱ, կադրերի և ռազմական կրթության, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի, կազմզորահավաքային վարչությունների հետ, նշված ստորաբաժանումներից ստացվել է 121 հարցում, որոնց կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ վարչության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կադրերի վարչությանը տրամադրվել է 1600-ից ավելի ծառայողի վերաբերյալ տեղեկատվություն, բացի այդ, յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն է ներկայացվել` տվյալ ամսվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված սպաների վերաբերյալ:
Կոմիտեի ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով վերահսկողության վարչության միջնորդությամբ և ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանման ծառայողների ուժերով իրականացվել են մասնագիտական ստուգումներ:
2017թ ԶՔԳՎ վերահսկողության վարչության միջնորդությամբ ապահովվել է պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին 3 որոշումների պահանջների կատարումը, ինչպես նաև իրականացվել է պաշտպանվող 5 անձի զորացրումը: Բացի այդ, ԶՔԳՎ միջնորդությամբ ևս 3 ծառայող տեղափոխվել և ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ ՌՈ և այլ զորամասերում:
Նշված ժամանակահատվածում 4 միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` վարույթը կարճված գործերով մեղադրյալներին պահեստազորում հաշվառելու համար:
Վերահսկողության վարչությունում իրականացվել են նախաքննության վիճակի, հանցավորության առանձին բնագավառների վերլուծություններ (նախաքննության ժամկետներ, ինքնասպանություններ, սպաների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործություններ, անդամախեղումներ, մահվան ելքով, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքեր), որոնց արդյունքներով համապատասխան առաջարկություններ են ներկայացվել շահագրգիռ կազմակերպություններին: Ուսումնասիրվել և հսկողության տակ են պահվել այն նյութերը, որոնցով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները վերացվել են դատախազների կողմից, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով դատախազների կողմից որոշումներ են կայացվել վարույթը կարճելու կամ կասեցնելու որոշումները վերացնելու մասին կամ դատարաններն արդարացման դատավճիռներ են կայացրել: Վերահսկողության տակ են պահվել չորս ամսից ավելի ժամկետում քննվող քրեական գործերը, միջոցներ են ձեռնարկվել նախաքննության ժամկետների հնարավոր ձգձգումները կանխելու, կայազորային քննչական բաժինների ծանրաբեռնվածությունը կարգավորելու ուղղությամբ:
Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների վարույթում քննվել է 15.427 քրեական գործ, հարուցվել է 3.123 գործ, այլ մարմնից ստացվել և վարույթ են ընդունվել 827 քրեական գործեր: Այլ պետությունների քրեական հետապնդում իրականացնող մարմիններից ստացվել է 13 քրեական գործ: Վերսկսվել է 2.322 քրեական գործի վարույթ:
Քննարկվող ժամանակամիջոցում ավարտվել է 6.220 քրեական գործ, որից 2436-ը՝ 2860 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատախազություն։ 3.724 քրեական գործի վարույթ կարճվել է, 5.254 քրեական գործի վարույթ կասեցվել է։
2017թ նախապատրաստվել է 6.670 նյութ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 1.724, մարզերում` 4.946), որից 1.223-ով հարուցվել է քրեական գործ, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 436, մարզերում` 787), մերժվել է քրեական գործի հարուցումը 5.244 նյութերով, (այդ թվում՝ Երևան քաղաքում` 1.218, մարզերում` 4.026):
2017թ. ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և վարչական շրջանների քննչական բաժինների, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների վարույթում ավարտված քրեական գործերով և ոչ արդարացնող հիմքերով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով պետությանը, ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառվել է 1.475.621.875 ՀՀ դրամի վնաս, որից 138.287.491 ՀՀ դրամը` պետությանը, 974.445.046 ՀՀ դրամը` ֆիզիկական անձանց, իսկ 362.889.338 ՀՀ դրամը` իրավաբանական անձանց: Պատճառված վնասից վերականգնվել է 312.164.689 ՀՀ դրամը, որը կազմում է պատճառված վնասի 21,1%-ը, որից՝ պետությանը պատճառված 43.524.773 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 185.965.283 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 82.674.633 ՀՀ դրամը:
Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Վերահսկողության գլխավոր վարչություն) 2017թ. ընթացքում համակարգել է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների գործունեությունը, ապահովել է դատավարական վերահսկողությունը, ուսումնասիրել է տարածքային մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական գործերով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը, քննության առանձին բնագավառները, վերլուծել և ամփոփել դրանք, միջոցառումներ է ձեռնարկել այդ բնագավառներում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ուսումնասիրել է առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը և միջոցառումներ է ձեռնարկել նախաքննության կազմակերպման ընթացքում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:
Քննարկվող ժամանակամիջոցում Վերահսկողության գլխավոր վարչությունում ուսումնասիրվել է Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների ու դրանց ստորաբաժանումների վարույթում գտնվող ծանր և առանձնապես ծանր, բազմադրվագ, բարդ և հասարակական հնչեղություն ունեցող 230 քրեական գործ, որոնցով տրվել են կոնկրետ հանձնարարություններ, ցուցաբերվել է մասնագիտական օգնություն:
Նախապես ուսումնասիրվել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 1.526 որոշման նախագիծ: Յուրաքանչյուր շաբաթ ուսումնասիրվել և քննարկվել է 1 տարուց ավել ժամկետով վարույթում քննվող քրեական գործերը: Արդյունքում նման գործերի թիվը զգալի նվազել է՝ կազմելով 23 քրեական գործ:
Ուսումնասիրվել է քննչական ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով անձին որպես մեղադրյալ ներգրավելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին 3.087 որոշում, 1.571 մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին 7 որոշում, որոնց ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված բացթողումների և թերությունների վերաբերյալ 20 գրություն է ուղարկվել ստորաբաժանումների ղեկավարներին:
Վերահսկողության գլխավոր վարչությունը գործնական օգնություն է ցուցաբերել տարածքային ստորաբաժանումների քննիչներին, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության դեպքերով նախաքննության կազմակերպման և իրականացման հարցերում:
Կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ ամենօրյա վերահսկողություն է իրականացվել 2017թ ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ և 2017թ. նոյեմբերի 5-ին ՀՀ մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացված ընտրությունների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի ընթացքի նկատմամբ:
Քննարկվող ժամանակամիջոցում գլխավոր վարչությունում քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանից ստացված 19 գրություն, որոնցով օրենքով սահմանված կարգով և ժամկետում տրվել է սպառիչ տեղեկատվություն և պարզաբանում, ուսումնասիրվել է քրեական գործերով ու նյութերով ստացված 809 դիմում, որից 187-ը կրկնակի, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ կամ ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին՝ դիմումում արծարծված հարցերի շուրջ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելու հանձնարարությամբ:
Վարույթն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված և հայտնաբերված խախտումների, բացթողումների կապակցությամբ Կոմիտեի նախագահին ներկայացվել է նախնական ուսումնասիրություն իրականացնելու 9 միջնորդություն:
Վերահսկողության գլխավոր վարչության ծառայողներն ընդգրկված են եղել ինն աշխատանքային խմբերում, Կոմիտեի նախագահի և ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ կատարել են 23 ուսումնասիրություններ: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացվել է երկու քրեական գործի նախաքննություն, որից մեկն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, մյուսով նախաքննությունը շարունակվում է:
Հաշվետու ժամանակամիջոցում Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն իրականացրել է նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և ուղեցույցների նախագծերի մշակման նպատակով տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունների, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրություն և ամփոփում: Մասնավորապես՝ քրեական գործերի քննության աջակցության վարչության կողմից ուսումնասիրվել են գողության գործերով դեպքի վայրի զննության կատարման քրեագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև կատարվել է քրեական գործերով ժամանակին փորձաքննություններ նշանակելու, դրանց հիմնավորվածության ու նպատակահարմարության, փորձաքննությունների եզրակացությունները փորձագիտական հիմնարկների կողմից ժամանակին չտրամադրելու հետ կապված հարցերի, նշանակված փորձաքննությունների վիճակի ուսումնասիրություն և ամփոփում:
Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ համապատասխան հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել են ծառայողական գործուղումներ, մշակվել և հրատարակվել են գիտամեթոդական ձեռնարկներ, որոնցից հատկանշական են «Բնակարանային գողությունների քննության մեթոդիկա» գիտագործնական և «Դեպքի վայրի զննություն» վերտառությամբ ուսումնագործնական ձեռնարկները, քրեագիտական պրակտիկ գրականություն ստեղծելու նպատակով մշակվել է 3 ուսումնական ֆիլմ:
Կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչությունը քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացման շրջանակներում համակարգել է Կոմիտեի նախագահի 01.06.2017թ թիվ 88-Լ հրամանով նախատեսված՝ քննիչների անհատական ուսումնառության գործընթացը: Մշակվել է Կոմիտեի նախագահի հրամանների և այլ իրավական ակտերի 6 նախագիծ, տարբեր իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացվել է շուրջ 25 կարծիք:
2017թ ընթացքում Կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ստացվել է 138 միջնորդություն, իրականացվել է 121 նախնական ուսումնասիրություն, 62 ստուգում, ընթացք է տրվել 100 դիմումի:
Նախնական ուսումնասիրությունների թիվը 2016թ. համեմատ աճել է 31-ով կամ 34.4-ով: Նախորդ տարվա քննարկվող ժամանակամիջոցի համեմատ 11-ով ավելացել է ստուգումների քանակը, իսկ դիմումների թիվը նվազել է 58-ով:
Կատարված նախնական ուսումնասիրությունների համար առիթ է հանդիսացել Կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված 113 միջնորդություն (2016թ՝ 50), այսինքն` ՀՀ դատախազությունից ստացված միջնորդությունների քանակը 2016թ. համեմատ աճել է 126-ով: Ստացված 113 միջնորդությունների առթիվ կատարվել է 91 նախնական ուսումնասիրություն: Նախնական ուսումնասիրության արդյունքներով Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից 16 դեպքում հարուցվել են կարգապահական վարույթներ, 16 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի:
Կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից ստացված 25 միջնորդությունների առթիվ իրականացված նախնական ուսումնասիրություններից 11-ի արդյունքներով՝ Կոմիտեի նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել են կարգապահական վարույթներ, 8 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, 14-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել:
Վարչությունում իրականացված 121 նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար Կոմիտեի 24 ծառայողների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որից 19-ի նկատմամբ՝ «զգուշացում», 3-ի նկատմամբ՝ «նկատողություն», 1-ի նկատմամբ՝ «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով», 1-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»:
Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2017թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 198 հարցում, որոնցից 138-ը կատարվել է ամբողջ ծավալով, 13-ը կատարվել է մասնակի, որից 11-ը՝ անձանց՝ ՀՀ տարածքից բացակայության հիմքով, 1-ը՝ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով հարցմամբ ներկայացված անհատական տվյալներով անձ ՀՀ-ում հաշվառված չլինելու հիմքով, 1-ի հետագա կատարումն ապահովելու համար նախաձեռնողից հայցվել է անհրաժեշտ դատավարական որոշում, որը դեռևս չի ստացվել: 5 հարցման կատարում մերժվել է, որոնցից 1-ն՝ արարքը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի չլինելու հիմքով, 2-ը` ՀՀ օրենսդրությանը հակասելու պատճառաբանությամբ (փաստացի քրեական հետապնդման վիճակում գտնվող անձին հարցաքննել վկայի դատավարական կարգավիճակով), իսկ 2-ը՝ «Քաղաքացիական, ընտանեկան ու քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի՝ հաղորդակցության կարգը սահմանող դրույթների խախտմամբ ուղարկված լինելու հիմքով, 4 հարցման պահանջ կատարել հնարավոր չի եղել՝ անձանց՝ ՀՀ տարածքից բացակայելու հիմքով, 1 հարցում վերադարձվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով համապատասխան իրավասու նախաքննության մարմնին կատարման ներկայացնելու պահանջով (առերևույթ հանցագործությունը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կատարված լինելու հիմքով), իսկ 37 հարցում փոխանցվել է կատարման 2018թ:
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին քննարկման է ներկայացվել իրավական օգնություն ցույց տալու մասին 636 հարցում, որոնցից 333-ը՝ լրամշակվելուց հետո ուղարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, 6-ը՝ լրամշակման վերադարձվելուց հետո այլևս չի ստացվել, իսկ 297-ն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին են ուղարկված եղել դեռևս 2014-2016 թվականներին:
2017թ. ընթացքում 242 հարցման պահանջների կատարումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովվել է ամբողջ ծավալով, 4 հարցմամբ ստացվել են հայցվող դատավարական գործողությունների որոշակի մասի կատարմամբ նյութեր, մնացած մասերով հարցումները 2017թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ գտնվել են կատարման փուլում, 12 հարցման կատարում մերժվել է. 8-ը՝ նվազ կարևորության հիմքով (ԱՄՆ), 2-ը՝ հայցվող պայմանավորվող պետության օրենսդրությանը հակասելու հիմքով (ՌԴ), 1 հարցում վերադարձվել է՝ հայցվող պայմանավորվող պետության այն պատճառաբանությամբ, որ հնարավոր չէ որոշել՝ ներպետական որ մարմինն է իրավասու կատարել հարցմամբ հայցվող անհրաժեշտ դատավարական գործողությունները (Իտալիայի Հանրապետություն), 1-ը՝ հանցավոր արարքը հայցվող պայմանավորվող պետության օրենսդրությամբ հանցագործություն չհանդիսանալու հիմքով (ԱՄՆ): 6 հարցման պահանջները չեն կատարվել հայցվող անձանց՝ հայցվող պայմանավորվող պետությունների տարածքներում չհայտնաբերելու հիմքով, 3 հարցում կատարվել է մասնակի՝ չեն կատարվել հայցվող պայմանավորվող պետությունների օրենսդրությանը հակասող ճանաչված դատավարական գործողությունները, 7 հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է նախաձեռնողի պահանջով, 1 հարցման հիմք հանդիսացած քրեական գործը փոխանցվել է այլ քննչական մարմին, որի կապակցությամբ դրա կատարման ընթացքի մասին տեղեկատվություն այլևս չի ստացվել, 309 հարցում 2017թ. դեկտեմբերի 29-ի դրությամբ գտնվել է կատարման, իսկ 46-ը՝ թարգմանության փուլում:
2016թ ընթացքում օտարերկրյա պետություններ ուղարկելու նպատակով հարցումների ներկայացման պրակտիկայի ամփոփման արդյունքում վեր հանված բացթողումները բացառելու և վերացնելու նպատակով Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից մշակվել և շրջանառության է դրվել «Իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների ձևակերպման միասնական կարգի վերաբերյալ» ուղեցույցի նախագիծ:
Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված գործառույթների շրջանակներում 2017թ. ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ լուծելու իրավական և մի շարք կազմակերպչական բնույթի խնդիրներ:
Իրականացված աշխատանքի շնորհիվ քննարկվող ժամանակամիջոցում մշակվել, շրջանառվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. սեպտեմբերի 4-ի N 919-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ: Մշակվել, շրջանառվել և ստորագրման է ներկայացվել Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի 132 գերատեսչական իրավական ակտ, որոնցից հատկանշական են՝ «Դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կիրառական հոգեբանության և հոգեբանության ամբիոններին հանձնարարելու վերաբերյալ», «Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների կատարումը «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը և «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարելու վերաբերյալ», «Քրեական գործերով համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ դատահաշվապահական, դատատնտեսագիտական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական փորձաքննությունները Հույս և օրենք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (փորձագետին նշանակելու վերաբերյալ) հանձնարարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերը «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու և առցանց հաշվառելու մասին» Կոմիտեի նախագահի հանձնարարականները: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կոմիտեի նախագահի 10 հրամաններում:
Քննարկվող ժամանակամիջոցում Կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժնի կողմից կազմակերպական աշխատանքների իրականացման և իրավական կառուցակարգերի մշակման արդյունքում հնարավոր դարձավ ՀՀ հյուսիսում և հարավում գործող «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ և «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերություններում ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների կատարումը: Ներկայումս աշխատանքներ են տարվում Կոմիտեում ներդրված «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի հնարավորությունների կատարելագործման և Կոմիտեի ծառայողներին առցանց հասանելի քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների ցանկն ընդլայնելու ուղղությամբ:
Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նոր կազմը (բացառությամբ՝ Օրենքով նախատեսված կարգով Հանձնաժողովի անդամ նշանակվելու 3 տարին լրացած չլինելու դեպքերի) ձևավորվել է Կոմիտեի նախագահի 2017թ. նոյեմբերի 16-ի թիվ 156-Ա հրամանով: Կոմիտեի նախագահի և Հանձնաժողովի անդամների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է 42 ծառայողի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու 38 միջնորդություն, որոնք բավարարվել են և հարուցվել է կարգապահական վարույթ: Հանձնաժողովը Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ստացել և ուսումնասիրել է նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված 31 եզրակացություն:
Հարուցված կարգապահական վարույթների արդյունքում Հանձնաժողովը հաստատել է Կոմիտեի 30 ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը[6], իսկ 12 ծառայողի արարքում՝ իրավախախտման փաստի բացակայությունը:
Հանձնաժողովի երկու որոշումների հիման վրա Կոմիտեի նախագահի կողմից միջնորդություններ են ներկայացվել «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ կիրառելու նպատակահարմարության մասին, որոնցից մեկը բավարարվել է, մյուսի դեպքում առաջարկվել է կիրառել «կոչումի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժը:
[6] Հանձնաժողովի որոշումներում կոնկրետ ծառայողի արարքում իրավախախտման փաստերի առկայության վերաբերյալ դրվագների հետ միաժամանակ կան դրվագներ, որտեղ նույն ծառայողի արարքում բացակայել է իրավախախտման փաստը:
Հանձնաժողովը վերսկսել է 1[7] ծառայողի նկատմամբ 2016թ.՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու պատճառով երկարաձգված վարույթը, 1[8] ծառայողի նկատմամբ հարուցված վարույթը կասեցվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցված լինելու պատճառով:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորի կողմից Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնող 3 անձանց ցուցակից հանելու 3 միջնորդություն, որոնցից 2-ը բավարարվել է, 1-ը համապատասխան որոշմամբ մերժվել է:
Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունը օրենքով սահմանված կարգով մշակել, շրջանառել, ՀՀ Կառավարության և ՀՀ Նախագահի աշխատակազմերի քննարկմանն է ներկայացրել ՀՀ օրենքների 29 նախագիծ, որոնց մեծ մասը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ օրենքների նախագծերից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով էական փոփոխություններ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի համակարգում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընտանիքի և երեխաների շահերի դեմ ուղղված հանցագործությունների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը՝ ընթերակաների ինստիտուտի վերանայման վերաբերյալ, նախագծերի փաթեթ՝ դեպքի վայրի պահպանության պարտականությունը հետաքննության մարմինների վերապահելու վերաբերյալ, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձանմուշները հարկադրաբար վերցնելու իրավական ընթացակարգն ապահովող համապատասխան օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Մշակվել և շրջանառվել են նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (անտառահատումների համար պատիժը խստացնող) և այլ օրենքների նախագծեր: 2017թ. ընթացքում մշակվել և շրջանառվել են ՀՀ կառավարության որոշումների 16 նախագծեր, որոնցից 12-ն ընդունվել են: Վարչության կողմից ՀՀ կառավարության աշխատակազմ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 303-Ն որոշմամբ նախատեսված 2014-2016թթ. միջոցառումների ծրագրի 36-րդ և 70-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ Կոմիտեին վերաբերելի ծրագրի 9-րդ կետի վերաբերյալ:
Մշակվել, շրջանառվել և Կոմիտեի նախագահի, Կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ստորագրմանն է ներկայացվել շուրջ 30 հրամանի նախագիծ: Կոմիտեի կողմից նախաձեռնված՝ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի շրջանակներում կատարվել են աշխատանքներ՝ կապված վիճակագրական տվյալների ստացման և հավաքագրման հետ: Զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ՝ ներդրվել են անչափահաս տուժողների մասնակցությամբ, ընտանեկան բռնության, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետվության ձևեր:
Կադրային քաղաքականության, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրման ոլորտում ծավալուն աշխատանքներ են իրականացվել: 2017 թվականի ընթացքում Կոմիտեում ծառայության է նշանակվել 74 թեկնածու, որից 70-ը՝ 2017թ. թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված քննություններին դրական եզրակացություն ստացածներից:
Քննարկվող ժամանակաշրջանում զբաղեցրած պաշտոնից ազատվել է 60 ծառայող:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ թափուր է 21 հաստիք, որից 4-ը պատկանում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
2017 թվականի ընթացքում Կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված մեկ հիմնական և երեք լրացուցիչ քննություններին մասնակցել է 174 դիմորդ, որից 80-ի վերաբերյալ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի որոշմամբ կայացվել է դրական եզրակացություն: Նշված թեկնածուներից 23-ը նշանակվել է տարբեր պաշտոնների, 53 թեկնածու ուղարկվել է Արդարադատության ակադեմիա` ուսումնառության դասընթացին մասնակցելու: Թեկնածուներից 1-ը հրաժարվել է ուսումնառությունից, 1-ն՝ Արդարադատության ակադեմիայում ավարտական քննությանը դրական գնահատական չստանալու կապակցությամբ հանվել է թեկնածությունների ցուցակից, 47-ը նշանակվել է տարբեր պաշտոնների:
Կոմիտեի դեպարտամենտի քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժինը քննարկվող ժամանակամիջոցում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» Կոմիտեի նախագահի 2015թ. մայիսի 4-ի թիվ 40-Լ հրամանի համաձայն կազմակերպել է 284 քաղաքացու ընդունելություն:
Կոմիտեի վարչական շենքերի համալրման նպատակովիրականացվել են ակտիվ միջոցառումներ, մասնավորապես` քննարկվող ժամանակամիջոցում հիմնանորոգվել են Կոմիտեի Շիրակի, Տավուշի, Արարատի մարզային քննչական վարչությունների, ինչպես նաև Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի,
[7] Կասեցված կարգապահական վարույթը վերսկսվել է Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի գրության հիման վրա, որի արդյունքում Հանձնաժողովը հաստատել է Կոմիտեի ծառայողի արարքում իրավախախտման փաստի բացակայությունը:
8] Կասեցված վարույթը, որպես ցուցանիշ ներառված է Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդությունների մեջ:
Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժինների շենքերը: Մասնակի վերանորոգվել են Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի և Կոմիտեի ԶՔԳՎ վարչական շենքերը:
Վարչական շենքերի համալրմանը զուգահեռ հետևողական աշխատանքներ են տարվում քննչական մարմիններում, ստորաբաժանումներում անչափահասների հարցաքննության համար հատուկ սենյակներ առանձնացնելու և կահավորելու ուղղությամբ: Ի թիվս Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժինների, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի և ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի վարչական շենքերի, անչափահասների հարցաքննության սենյակներով են կահավորվել նաև 2017թ. ընթացքում հիմնանորոգված և վերանորոգված՝ վերը թվարկված բոլոր վարչական շենքերը:
Ինչպես նշվեց, Կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու, ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով քննարկվող ժամանակամիջոցում շարունակվել են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի ներդրման ու կատարելագործման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերը «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով կազմելու և առցանց հաշվառելու մասին» Կոմիտեի նախագահի 2017թ. դեկտեմբերի 14-ի թիվ 178-Լ հանձնարարականի համաձայն Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում 2018թ. հունվարի 1-ից հետո հարուցված քրեական գործերով առանցքային նշանակություն ունեցող դատավարական փաստաթղթերը կազմվում են «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս վարելու ավտոմատացված էլեկտրոնային վիճակագրություն: Քննիչների մասնագիտական հմտությունները զարգացնելու և մարդու իրավունքների ոլորտի միջազգային փաստաթղթերի կիրառությունն ապահովելու նպատակով նախատեսվում է «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի մեջ ներդնել նաև «Էլեկտրոնային գրադարան» բաժինը:
Էապես բարելավվել է դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակը: Երևանի պետական բժշկական համալսարանում վերապատրաստում անցած «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ընկերությունների հոգեբույժ մասնագետները նշված մարզերում իրականացնում են դատահոգեբուժական փորձաքննություններ: Արդյունքում՝ մարզային քննչական վարչությունների, կայազորային քննչական բաժինների քննիչները խնայում են և՛ ժամանակ, և՛ միջոցներ՝ դատահոգեբուժական փորձաքննությունները վերոնշյալ հիմնարկներում նշանակելով: Աշխատանքներ են տարվում նաև դատահաշվապահական փորձաքննությունների կատարման ժամկետները կրճատելու մասով, ինչն իր արդյունավետությունը կապահովի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման պարագայում:
Էապես ընդլայնվել է նաև քննչական աշխատանքում անհրաժեշտ տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների ցանկը, որոնք առցանց հասանելի են Կոմիտեի ծառայողների համար: Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում ներկայումս առցանց հասանելի են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը, անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգը, ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքային իրավունքների և սահմանափակումների գրանցման էլեկտրոնային համակարգը, ՀՀ կենտրոնական բանկի «Միասնական տեղեկատվական տիրույթ» համակարգը:
Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է քննության որակի, քննիչների և ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Կոմիտեն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կանի հնարավորինս՝ հանրապետությունում հանցագործությունների դեմ տարվող պայքարին, սահմանադրական և հասարակական կարգի ամրապնդմանն օժանդակելու, մարդու, հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ: Միաժամանակ, բացահայտելով Կոմիտեի լիազորությունների իրականացման և գործունեության կազմակերպման աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները, կարվեն դրանցից բխող համապատասխան հետևություններ՝ առավելագույնս ապահովելու հետագա աշխատանքների արդյունավետությունը:
Հավելված 1 Հավելված 2
Հավելված 3 Հավելված 4
Հավելված 5