ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
28.09.19, 06:27

ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 2015 թվականի հունիսի 10-ի թիվ 55-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 
 
 
 
 
Հրամանը՝

 

ք.Երևան, 28.09.2019թ., 154-Լ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում եմ՝


 

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 55-Լ հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 10-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետին է ներկայացնում Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ նշանակումներ կատարելու նպատակով, ինչպես նաև առաջարկություններ՝ Կոմիտեի ծառայողներին բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ:»: 

2)  37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37.Կոմիտեի կենտրոնական մարմնի քրեական գործերի քննության աջակցության վարչությունն իր իրավասության սահմաններում՝

1) իրականացնում է քրեագիտական տեխնիկայի, գիտատեխնիկական միջոցների և գիտության տարբեր բնագավառների նորամուծությունների ուսումնասիրություն՝ դրանց գործնական ներդնումը և կիրառման արդյունավետությունն ապահովելու համար.
2) նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծերի մշակման նպատակով վերլուծում, ամփոփում և ուսումնասիրում է տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները.
3) աշխատանքներ է տանում քննիչների մասնագիտական գիտելիքների, հմտությունների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ.
4) կազմակերպում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի լիազորությունների իրականացումը.
5) մշակում և հրատարակում է գիտամեթոդական ձեռնարկներ, կազմակերպում է իրավունքի տարբեր ճյուղերի իրավաբանական գրականության ձեռքբերումը, գրադարանի կազմավորումը.
6) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումները, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ դրանց մասին իրազեկելով Կոմիտեի մարմիններին և ստորաբաժանումներին.
7) Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների հարցումների հիման վրա կոնկրետ քրեական գործերով տալիս է իրավունքի վերաբերյալ գիտական (խորհրդատվական) եզրակացություններ.
8) փորձաքննությունների նշանակման և ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման  համատեքստում ուսումնասիրում է առանձնակի բարդություն ունեցող կամ նախկինում չբացահայտված քրեական գործերը, դրանց առնչությամբ տալիս խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում միջոցներ է ձեռնարկում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ.
9) համակարգում է Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների և փորձագիտական հիմնարկների միջև փոխգործակցությունը.
10) ըստ անհրաժեշտության համակարգչային համակարգերի առգրավման, համակարգչային տվյալների ստացման և դրանց զննության հետ կապված հարցերով տրամադրում է տեխնիկական աջակցություն.
11) ըստ անհրաժեշտության կատարում է Կոմիտեի հեռավոր մարզային քննչական մարմինների և ստորաբաժանումների` Երևան քաղաքի վարչական տարածքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ քննչական հանձնարարությունները.
12) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նկատառումով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ մարմինների, ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, միջազգային և ներպետական այլ կառույցների հետ.
13) Կոմիտեի նախագահի կամ տեղակալի հանձնարարությամբ առանձին հանձնարարականների կատարման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպում է ծառայողական գործուղումներ.
14) Կոմիտեի նախագահի որոշմամբ քննչական խմբերում ընդգրկվելով՝ կատարում է անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ.
15) մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
16) Կոմիտեի նախագահի կամ տեղակալի հանձնարարությամբ սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:»:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

 

                                                                                           

                                                                                                    Հ. Գրիգորյան