ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)
04. 05. 2015թ. թիվ 40-Լ
(Ինկորպորացիա առ 10.02.2020թ. N 27-Լ)
Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիրների իրականացման և ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում դիմումների, բողոքների ընդունման և քննարկման, քաղաքացիների ընդունելության կարգը` համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քաղաքացիների ընդունելության գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված N 2-ի:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
4. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. Հովսեփյան
Հավելված N 1
Հաստատված է Հայաստանի
Հանրապետության քննչական
կոմիտեի նախագահի
«04»_05_ 2015թ. թիվ 40-Լ հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ` կոմիտե) դիմումների, բողոքների (այսուհետ` դիմում) ընդունման, քննարկման, պատասխանների տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Կոմիտեում քրեական վարույթին առնչվող դիմումները (հաղորդումները) և միջնորդությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
II.ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
4. Կոմիտեում դիմումներն ընդունվում են առձեռն, փոստով, նամակների արկղով, էլեկտրոնային (պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքով) կամ ֆաքսիմիլային եղանակներով:
5. Առձեռն, նամակների արկղով, փոստով, ֆաքսիմիլային կամ էլեկտրոնային եղանակով ստացված դիմումները մուտքագրվում են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» կոմիտեի նախագահի հրամանով սահմանված կարգով, եթե դիմումատուի ներկայացված տվյալները բավարար են նրա նույնականացման համար:
6. Էլեկտրոնային եղանակով ստացված դիմումներն անցկացվում են թղթային կրիչի վրա և համարվում են գրավոր ներկայացված, եթե պահպանվել են էլեկտրոնային համակարգով դիմումն ուղարկելու համար ներկայացվող պահանջները և դիմումատուի ներկայացրած տվյալները բավարար են նրա նույնականացման համար:
7. Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը,
2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
3) մարմնի, ստորաբաժանման անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
4) դիմումով ներկայացվող պահանջը և/կամ դիմումի առարկան,
5) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
6) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,
7) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:
8. Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի միջոցով, ապա վերջինս պարտավոր է դիմումին կցել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
9. Եթե դիմումով ներկայացվել է կոմիտեի իրավասության շրջանակներից դուրս հարց, ապա դիմումը եռօրյա ժամկետում վերահասցեագրվում է իրավասու մարմին` ծանուցելով դիմողին:
10. Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսն են ենթակա այլ պետական մարմնի իրավասությանը, ապա դիմումը միայն այդ մասով է վերահասցեագրվում (ուղարկվում է դիմումի պատճեն) իրավասու պետական մարմին` ծանուցելով դիմողին:
Դիմումը կոմիտեին վերաբերող մասով քննարկվում է սույն կարգով սահմանված կարգով:
11. Եթե դիմումով բարձրացված հարցը չի մտնում ինչպես կոմիտեի, այնպես էլ որևէ այլ պետական մարմնի իրավասության մեջ, ապա դիմումը, իսկ առկայության դեպքում՝ դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձվում են դիմողին` պատասխան գրության մեջ նշելով պատճառների մասին:
12. Վերահասցեագրված կամ հետ վերադարձված դիմումի պատճենները պահվում են կոմիտեում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև դրանց կից փաստաթղթերի կամ դրանց մի մասի պատճենները կամ դրանց ցանկը:
13. Եթե դիմումի քննարկումը վերապահված է կոմիտեի մի քանի մարմինների կամ ստորաբաժանումների իրավասությանը, ապա եռօրյա ժամկետում դիմումի պատճենն ուղարկվում է համապատասխան մարմիններ կամ ստորաբաժանումներ` ուղեկցական գրության մեջ նշելով կատարման, արդյունքների ամփոփման և հարցի վերջնական լուծման համար պատասխանատու պաշտոնատար անձին:
14.Դիմումով բարձրացված հարցի փաստական հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, դիմումը կարող է ուղարկվել կոմիտեի այլ մարմին կամ ստորաբաժանում՝ եռօրյա ժամկետում այդ մասին ծանուցելով դիմողին:
Դիմումը չի ուղարկվում կոմիտեի այն մարմին կամ ստորաբաժանում, որի գործողությունները դիմումատուն բողոքարկում է կամ դրանում դժգոհություն է հայտնում տվյալ մարմնին կամ ստորաբաժանմանը հասցեագրված նախորդ դիմումի քննարկման արդյունքներից:
15. Դիմումի քննարկման ընթացքում առանձին հարցերի վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կարող է կոմիտեի այլ մարմիններից կամ ստորաբաժանումներից հարցման միջոցով ստանալ տեղեկատվություն՝ այդ թվում նաև նյութեր (փաստաթղթեր, քրեական գործեր, նյութեր):
16. Դիմումը քննարկման ենթակա չէ, եթե՝
1 այն ներկայացվել է առանց ստորագրության և որի կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել դիմողին բացահայտելու ուղղությամբ, սակայն նրա ինքնությունը չի պարզվել.
2 դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից.
3)դրանում բարձրացված հարցերի կապակցությամբ նախկինում նույնաբովանդակ դիմումի քննարկման արդյունքում տրվել է գրավոր պատասխան, բացառությամբ, երբ նույն հարցի վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացվում է կոմիտեի վերադաս մարմին:
17. Սույն կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում դիմումը չքննարկելու վերաբերյալ եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմումատուին՝ նշելով պատճառների մասին:
18.Նախապատրաստվող կամ կատարված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող առանց ստորագրության դիմումները, եթե դիմումատուի նույնականացումը հնարավոր չէ, ուղարկվում են իրավասու մարմին՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու համար:
19. Այն դիմումները, որոնց տեքստն անընթեռնելի է կամ անհասկանալի, մուտքագրվում են սույն կարգով սահմանված կարգով և եռօրյա ժամկետում դիմողին պատասխան գրությամբ տեղեկացվում է դիմումի տեքստի հստակեցման անհրաժեշտության մասին:
Դիմողի կողմից հստակեցված դիմումի ներկայացման դեպքում՝ այն քննարկվում է որպես նոր դիմում:
20. Դիմումները քննարկվում և դրանց պատասխանվում են կոմիտեում մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված դեպքերի:
21. Դիմումների քննարկումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում, չսպասելով սույն կարգի 20-րդ կետով նախատեսված ժամկետների լրանալուն, եթե դիմումով բարձրացված հարցի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների պարզաբանման համար առկա են անհրաժեշտ նյութեր, բավարար չափով ճշգրտված են գործի հանգամանքները և անհրաժեշտություն չկա կատարել լրացուցիչ գործողություններ:
22. Եթե դիմումի լուծման համար սահմանված ժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18.00-ին:
23. Դիմումի քննարկման նպատակով ուսումնասիրություններ անցկացնելու մասին հանձնարարականները տրվում են կոմիտեի մարմինների կամ ստորաբաժանումների պետերի կողմից՝ այդ մասին համապատասխան մակագրություն կատարելով:
Անհրաժեշտության դեպքում մակագրությամբ կարող են սահմանվել դիմումների քննարկման համար սույն կարգով նախատեսված ժամկետներից առավել սեղմ ժամկետներ:
24. Դիմումին պատասխանելու ժամկետը, իրավասու պաշտոնատար անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետներով կարող է երկարաձգվել, որի վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկացվում է դիմումատուին՝ նշելով դրա պատճառների և պատասխան տրամադրելու առավելագույն ժամկետի մասին:
25. Դիմումների քննարկման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան անձանցից կարող են վերցվել փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ:
Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
26. Դիմումի քննարկման ընթացքում դիմողն իրավունք ունի ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր:
27. Դիմումի քննարկման ընթացքում առանց դիմողի համաձայնության չի թույլատրվում հրապարակել դիմումի բովանդակությունը, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող տվյալները:
Տվյալների հրապարակում չի համարվում դիմումի ուղարկումն այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի իրավասության մեջ է մտնում դիմումում բարձրացված հարցերի լուծումը:
28. Դիմումների ուսումնասիրության համար նշանակություն ունեցող փաստերը, որոնք հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով, դատավճռով կամ որոշմամբ, ինչպես նաև մինչդատական վարույթ իրականացնող մարմնի չվերացված որոշումներով, կրկնակի ապացուցման ենթակա չեն, եթե նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ չեն բացահայտվել:
29. Մեկից ավելի անձանց ստորագրությամբ դիմումների ստացման դեպքում, քննարկման արդյունքների վերաբերյալ պատասխանն ուղարկվում բոլոր հասցեատերերին:
30. Օրենքով սահմանված կարգով դիմումատուն իրավունք ունի ծանոթանալու դիմումի քննարկման արդյունքում ստացված նյութերին, փաստաթղթերին, որոնցից կարող է կատարել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկատվության:
31. Դիմումի քննարկման արդյունքում դիմողին ուղարկվում է սպառիչ, պատճառաբանված պատասխան: Անհրաժեշտության դեպքում պատասխանում կարող են մեկնաբանվել դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ իրավական ակտերի դրույթները:
32.Դիմումի ուսումնասիրությունը և դրանում բարձրացված հարցի լուծումն ավարտված է համարվում դիմողին պատասխան գրություն ուղարկելու օրը:
III. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
33.Քաղաքացիների ընդունելության կազմակերպումը կոմիտեի կենտրոնական մարմնում իրականացվում է կոմիտեի դեպարտամենտի քաղաքացների ընդունելության կազմակերպման բաժնի, իսկ կոմիտեի այլ մարմիններում կամ ստորաբաժանումներում` դրա համար պատասխանատու անձի կողմից:
34.Կոմիտեի կենտրոնական մարմնում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է հերթագրման միջոցով: Ընդունելության համար քաղաքացիները հերթագրվում են գրավոր, էլեկտրոնային (պաշտոնական էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական ինտերնետային կայքով) կամ ֆաքսիմիլային եղանակներով ներկայացված դիմումի հիման վրա կամ բանավոր, այդ թվում՝ նաև հեռախոսակապով:
35.Քաղաքացուն հերթագրելու հետ միաժամանակ նրան հայտնվում է ընդունելության օրը, ժամը, իսկ անհրաժեշտության դեպքում այն պաշտոնատար անձի պաշտոնը, կոչումը, անունը և ազգանունը, ում մոտ քաղաքացին հերթագրված է ընդունելության: Ընդունելությունը կազմակերպվում է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որի վերաբերյալ նախապես տեղեկացվում է քաղաքացին:
36. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմում ներկայացրած քաղաքացիների ընդունելություն կարող է կազմակերպվել ըստ անհրաժեշտության՝ իրավասու պաշտոնատար անձի կամ դիմումատուի նախաձեռնությամբ:
37. Կապված հարցի լուծման հրատապությունից, անձի ընդունելությունը կարող է կազմակերպվել առանց հերթագրման, անհապաղ՝ ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձի համաձայնությամբ:
38.Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև անչափահասների և հղի կանանց, բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընդունելությունը կազմակերպվում է արտահերթ:
39. Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:
40. Կոմիտեում քաղաքացիների ընդունելությունը կարող է կազմակերպվել օրենքով սահմանված կարգով ներկայացուցիչների (փաստաբանների, օրինական ներկայացուցիչների) մասնակցությամբ: Ներկայացուցիչների ընդունելությունը կատարվում է սույն կարգով նախատեսված կարգով:
41. Չի կազմակերպվում ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց ընդունելություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտնվում է նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության մասին:
42. Սույն կարգի համաձայն՝ ընդունելության ընթացքում, քաղաքացու խնդրանքին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար իրավասու պաշտոնատար անձը կարող է նրանից վերցնել դիմում:
43. Կոմիտեում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի, մարմինների կամ տարածքային ստորաբաժանումների պետերի կողմից:
44. Կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը քաղաքացիներին ընդունում են Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում:
45. Սույն կարգի 44-րդ կետում նշված անձանց կողմից ընդունելության անհնարինության դեպքում այն, ըստ սահմանված ժամանակացույցի, անցկացնում են նրանց կողմից լիազորված անձինք:
46. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և կայազորային քննչական բաժինների պետերը շաբաթն առնվազն մեկ անգամ կատարում են քաղաքացիների ընդունելություն՝ իրենց կողմից հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում:
47. Սույն կարգի 44-րդ և 46-րդ կետերով նախատեսված ժամանակացույցերը փակցվում են համապատասխան վարչական շենքերում` քաղաքացիների համար մատչելի ու տեսանելի տեղում, ինչպես նաև տեղադրվում են կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:
48. Ընդունելությունը հետաձգվելու դեպքում հերթագրված քաղաքացիները իրավասու պաշտոնատար անձի կողմից կապի հնարավոր միջոցներով նախապես տեղեկացվում են:
49. Ընդունելության կազմակերպման համար կարող են նախատեսվել համապատասխան սենյակներ, իսկ դրա անհնարինության դեպքում, ընդունելությունը կարող է իրականացվել տվյալ պաշտոնատար անձի աշխատասենյակում:
50. Ընդունելությունը կարող է մերժվել, եթե ներկայացվող հարցը կամ պահանջը ակնհայտորեն դուրս է կոմիտեի իրավասության շրջանակներից: Նման դեպքերում քաղաքացուն գրավոր կամ բանավոր պարզաբանվում է բարձրացված հարցի լուծման համար իրավասու այլ մարմիններին դիմելու հնարավորության մասին:
51.Կոմիտեի մարմինները, ստորաբաժանումները կամ կոմիտեի դեպարտամենտի համապատասխան ծառայողները, ընդունելության կազմակերպման համար, իրենց իրավասության շրջանակում իրավասու պաշտոնատար անձի հարցման հիման վրա, ընդունելություն իրականացնող պաշտոնատար անձին տրամադրում են բարձրացված հարցի վերաբերյալ տեղեկություններ, նյութեր:
52. Ընդունելության ընթացքում ներկայացված դիմումների վրա մակագրվում է «ընդունելությունից» բառերը:
53. Ընդունելության ժամանակ ներկայացված բոլոր գրավոր դիմումները մուտքագրվում են սույն կարգով նախատեսված կարգով և ուղարկվում ըստ ենթակայության:
54. Իրավասու պաշտոնատար անձի կողմից քաղաքացու ընդունելության վերաբերյալ քաղաքացիների ընդունելության գրանցամատյանում կատարվում է հաշվառում:
Հավելված N 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
«04»_05_ 2020թ. թիվ 40-Լ հրամանով
(Հավելվածը խմբ. 10.02.2020թ. N 27-Լ)