ՀՀ ՔԿ նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը հաստատելու մասին (ինկորպորացված տարբերակ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում իրավական ակտերի նախագծերի մշակման, քննարկման և շրջանառման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին: (կետը փոփ. 13.06.2019.N 82-Լ)
- Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա.Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
20.02.2018թ.
N 21- Լ հրամանի
(Հավելվածը խմբ. 13.06.2019. N 82-L)
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՄՇԱԿՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ քննչական կոմիտե) և քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ դեպարտամենտ) իրավական ակտի նախագծի մշակման, քննարկման և շրջանառման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով չեն կարգավորվում անհատական իրավական ակտի նախագծի մշակման, քննարկման և շրջանառման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ կարգապահական տույժ կիրառելու մասին քննչական կոմիտեի նախագահի հրամանների նախագծերի:
3. Իրավական ակտի նախագիծը մշակվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին համապատասխան:
4. Իրավական ակտի նախագիծը մշակվում է քննչական կոմիտեի նախագահի կամ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կամ քննչական կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների, դեպարտամենտի ստորաբաժանումների նախաձեռնությամբ (այսուհետ` նախագիծ մշակող):
5. Իրավական ակտի նախագծի մշակման նպատակով՝ քննչական կոմիտեի նախագահի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի հրամանով կարող է ստեղծվել աշխատանքային խումբ:
6. Իրավական ակտի նախագիծը մշակելուց հետո, նախագիծ մշակողի կողմից այն ուղարկվում է կարծիքի քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, քննչական կոմիտեի նախագահի խորհրդականներին, գլխավոր քարտուղարին՝ դեպարտամենտի շահագրգիռ ստորաբաժանումներ ուղարկելու նպատակով, ինչպես նաև քննչական կոմիտեի շահագրգիռ մարմիններ կամ ստորաբաժանումներ (այսուհետ՝ ստորաբաժանում), բացառությամբ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված իրավական ակտերի նախագծերի:
7. Նախագծի վերաբերյալ կարծիքը մշակողին ներկայացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ծավալուն իրավական ակտի նախագծի կամ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 աշխատանքային օրով՝ համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնելով նախագիծ մշակողին:
8. Դիտողությունների և առաջարկությունների առկայության դեպքում ներկայացվում է հնարավորինս հիմնավորված կարծիք՝ կից գրությամբ: Իրավական ակտի նախագծի տեքստի վրա նշումներ կատարելու եղանակով դիտողություններ և առաջարկություններ չեն ներկայացվում:
9. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ դիտողություններ կամ առաջարկություններ չլինելու դեպքում, ներկայացնում է գրություն դիտողությունների և առաջարկությունների բացակայության մասին:
10. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետներում դիտողություններ և առաջարկություններ չներկայացնելը, համարվում է որպես դրանց բացակայություն:
11. Դիտողությունների և առաջարկությունների հիման վրա, նախագիծ մշակողի կողմից իրավական ակտի նախագծում ըստ անհրաժեշտության, կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև իրավական ակտի նախագծի վերաբերյալ տարբեր դիրքորոշումների դեպքում կարող է կազմակերպվել քննարկում շահագրգիռ ստորաբաժանումների հետ:
12. Քննարկման ավարտից հետո նախագիծ մշակողը ողջամիտ ժամկետում ամփոփում է քննարկման ընթացքում ստացված առաջարկությունները և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարում նախագծում:
13. Իրավական ակտի նախագծի շրջանառության վերաբերյալ ստացված դիտողություններն ու առաջարկությունները կցվում են այդ իրավական ակտի նախագծին և պահվում նախագիծ մշակողի մոտ:
14. Իրավական ակտի նախագծի վերաբերյալ ստացված կարծիքներն ամփոփելուց հետո, նախագիծ մշակողը լրամշակված իրավական ակտի նախագիծը կից գրությամբ գլխավոր քարտուղարի միջոցով ուղարկում է դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչություն՝ իրավական փորձաքննություն անցկացնելու և իրավական փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:
Իրավական ակտի նախագիծն ուղարկվում է դեպարտամենտի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն՝ ֆինանսական տեղեկանք ստանալու նպատակով, եթե իրավական ակտի ընդունմամբ կարող են առաջանալ ֆինանսական ծախսեր:
15. Իրավական փորձաքննությունն անցկացվում է իրավական ակտի նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև իրավական ակտի նախագծի՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով:
16. Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության ու ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչությունները 5 աշխատանքային օրվա ընթացքում ներքին իրավական ակտի նախագծի վերաբերյալ տրամադրում են իրավական փորձագիտական եզրակացություն, ֆինանսական տեղեկանք:
Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված իրավական ակտի նախագծի վերաբերյալ Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչությունը իրավական փորձագիտական եզրակացություն է տրամադրում 1 աշխատանքային օրվա ընթացքում:
17. Նախագիծ մշակողը իրավական փորձագիտական եզրակացության, ֆինանսական տեղեկանքի հիման վրա իրավական ակտի նախագծում ըստ անհրաժեշտության կատարում է փոփոխություններ և լրացումներ, իսկ դրանց հետ համաձայն չլինելու դեպքում, իրավական ակտի նախագծին կցում է տեղեկանք` ներկայացնելով իր առարկություններն անհրաժեշտ հիմնավորմամբ:
18. Եթե իրավական ակտի նախագիծն էականորեն ենթարկվել է լրամշակման, ապա այն սույն հրամանով սահմանված կարգով կարող է կրկին ուղարկվել շահագրգիռ ստորաբաժանումներ՝ կարծիք, ինչպես նաև իրավական փորձագիտական եզրակացություն, ֆինանսական տեղեկանք ստանալու նպատակով:
19. Իրավական ակտի նախագիծը հանվում է շրջանառությունից, եթե կարծիքի ուղարկված շահագրգիռ ստորաբաժանումների բացարձակ մեծամասնությունն իրավական ակտի ընդունումը համարում է անընդունելի: Այդ մասին նախագիծ մշակողի կողմից ներկայացվում է զեկուցագիր իրավական ակտի նախագիծը մշակելու հանձնարարություն տված պաշտոնատար անձին կամ ոլորտը համակարգող քննչական կոմիտեի նախագահի տեղակալին:
20. Քննչական կոմիտեին վերաբերող իրավական ակտի նախագիծը քննչական կոմիտեի նախագահի ստորագրմանն է ներկայացվում այն տեղակալի կողմից, ում համակարգման ոլորտում է գտնվում նախագիծ մշակող ստորաբաժանումը, իսկ դեպարտամենտին վերաբերող իրավական ակտը՝ գլխավոր քարտուղարի կողմից:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի կողմից ընդունվող իրավական ակտի նախագիծը ստորագրման է ներկայացվում նախագիծ մշակող ստորաբաժանման պետի կողմից:
Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված իրավական ակտի նախագիծը ստորագրման է ներկայացվում դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետի կողմից:
21. Իրավական ակտն ընդունող պաշտոնատար անձն իրավական ակտի նախագիծը կարող է վերադարձնել լրամշակման` իր դիտողություններով և առաջարկություններով, որը կրկին չի շրջանառվում:
22. Ստորագրվելուց հետո իրավական ակտը հաշվառվում, պահվում և առաքվում է քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատված գործավարության կարգին համապատասխան:
23. Քննչական կոմիտեի կողմից մշակված այլ պետական մարմիններ, վարչապետի աշխատակազմ ուղարկվող իրավական ակտի նախագծի մշակումը և քննարկումն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: