Լրահոս
16.09.24, 18:02

ՀՀ ՔԿ քննիչները շարունակում են կատարելագործել հմտությունները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ, լուսանկարներ)

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության թեմայով նոր դասընթաց։

Վերապատրաստման երկօրյա դասընթացին, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համագործակցության արդյունքում, մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների մի խումբ քննիչներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ։

Դասընթացի նպատակն էր միջազգային լավագույն փորձի, եվրոպական իրավունքի և բարեփոխված ներպետական օրենսդրության հիման վրա հարստացնել քննիչների և ոստիկանների գիտելիքներն ու հմտությունները` կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարում, բարձրացնել քրեական արդարադատության մեխանիզմների, օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մասնակիցների իմացության մակարդակը, նպաստել ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ուժեղացմանը։

Մասնակիցներին բացման և ողջույնի խոսք են հղել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԱՀ և ԸԲԿ վարչության պետ էդգար Պետրոսյանը և Երևանում ԵԽ գրասենյակի՝ վերոնշյալ ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է նման դասընթացների շարունակականության կարևորությունը բռնության նշված տեսակների դեմ պայքարի առաջնագծում գտնվող իրավապահների՝ ոստիկանների և քննիչների կողմից  իրենց ամենօրյա պարտականությունների կատարման ժամանակ միջազգային և եվրոպական չափանիշների կիրառության, զոհակենտրոն մոտեցում ցուցաբերելու և բռնություններից տուժած անձանց կրկնակի զոհականացման ռիսկերը հաղթահարելու առումով։ Արսեն Այվազյանը արդյունավետ է գնահատել ԵԽ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերը։

Եվրոպայի խորհրդի և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են, ըստ միջազգային և եվրոպական չափանիշների, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարում պետության պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը, ՄԻԵԴ թիրախային գործերը։ Անդրադարձ է կատարվել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործերով հետապնդման ուժեղացման քննչական հիմնական մեխանիզմներին, տուժողների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկություններին և զոհակենտրոն մոտեցումներին։ Մասնակիցները ծանոթացել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված՝ ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխություններին։

Դասընթացի մասնակիցները կիսվել են իրենց փորձով, քննարկվել են պրակտիկ խնդիրներ։