ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի ապրիլի 22-ի N24-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
ք. Երևան, 22 ապրիլի 2015թ. 24-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության առանձնահատուկ բնույթը, քննիչի կողմից դեպքի վայր մեկնելու, անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու օրենսդրական պահանջի ապահովման անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու մասին կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում հերթապահության ժամանակացույցի ձևը՝ համաձայն N2 հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին:
3. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. Հովսեփյան
հավելված 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
2015թ. մարտի «»-ի թիվ Լ հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության) հերթապահություն սահմանելու հետ կապված հարաբերությունները:
2. Հերթապահության ժամանակացույցը կազմվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար և հաստատվում է կոմիտեի վարչության (բաժնի) պետի կողմից մինչև ընթացիկ ամսվա 25-ը:
3. Հերթապահության ժամանակացույցը փակցվում է կոմիտեի վարչության (բաժնի) վարչական շենքում՝ քննիչների համար մատչելի ու տեսանելի տեղում: ժամանակացույցի մեկ օրինակն ուղարկվում է կոմիտեի ներքին անվտանգության վարչություն, մյուսը՝ համապատասխան հետաքննության մարմնի ստորաբաժանման պետին:
4. Հերթապահությունը սկսվում է աշխատանքային ժամի ավարտից հետո և տևում է մինչև հաջորդ օրվա առավոտյան ժամը 09.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին սահմանվում է շուրջօրյա հերթապահություն՝ ժամը 09.00-ից սկսած:
5. Հերթապահության ժամանակացույցում, բացի հերթապահ քննիչից, նախատեսվում է օրվա հերթապահին փոխարինող առնվազն մեկ հերթապահ քննիչ:
6. Հերթապահության ժամանակացույցով նախատեսված հերթապահության օրը կարող է փոխվել բացառիկ դեպքերում կոմիտեի վարչության (բաժնի) պետի թույլտվությամբ՝ հերթապահ քննիչի գրավոր զեկուցագրի հիման վրա:
7. Հերթապահության ժամանակացույցով նախատեսված հերթապահության օրը փոխելու դեպքում, այդ մասին կոմիտեի վարչության (բաժնի) պետի կողմից համապատասխան նշում է կատարվում հերթապահության ժամանակացույցի «փոփոխություն» սյունակում:
8. Քննիչը հերթապահության ողջ ընթացքում պարտավոր է գտնվել ծառայության վայրում բացառությամբ կոմիտեի վարչության (բաժնի) պետի թույլտվությամբ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:
9. Բացառիկ դեպքերում կոմիտեի վարչության (բաժնի) պետի թույլտվությամբ հերթապահ քննիչը աշխատանքային ժամի ավարտից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին կարող է հերթապահությունն անցկացնել տանը:
10. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում ծառայության վայրից բացակայել թույլատրվում է հերթապահ քննիչի կողմից հերթապահ ծառայության համար հասանելի լինելու և անհրաժեշտության դեպքում սեղմ ժամանակամիջոցում ծառայության վայր հասնելու հնարավորության պայմանով:
11. Առանձնապես ծանր կամ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերի վերաբերյալ հերթապահ քննիչն անհապաղ հեռախոսակապի կամ այլ միջոցներով իրազեկում է կոմիտեի տվյալ մարմնի կամ ստորաբաժանման պետին:
12. Կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների պետերը պարտավոր են վերահսկել քննիչների կողմից հերթապահության անցկացման գործընթացը:
13. Հերթապահության անցկացման կարգի խախտումը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն:
14. Սույն կարգով չկարգավորված հերթապահության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: