ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 15-ի N123-Լ հրամանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԸ
15.08.20222թ. N123-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նոր նշանակված քննիչի մասնագիտական պատրաստվածության ապահովման, գործառութային պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ գործնական հմտությունների ձեռքբերման, ծառայողական կարգապահության ձևավորման նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարներ նշանակելու կարգը` համաձայն հավելվածի:
2.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Այվազյանին:
3. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարին:
Ա.ՔՅԱՐԱՄՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« --- » ----- 2022 թ. N123-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ.
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարներ նշանակելու կարգը:
2. Կոմիտեում մասնագիտացման ղեկավարների նշանակումը նպաստում է նոր նշանակված քննիչի (այսուհետ՝ Ծառայող) մասնագիտական պատրաստվածության ապահովման, գործառույթային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գործնական հմտությունների ձեռքբերմանը, ծառայողական կարգապահության ձևավորմանը, որի ընթացքում Ծառայողը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ առերևույթ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում տեսական գիտելիքներին զուգահեռ՝ կտիրապետի կազմակերպական-տեխնիկական հմտություններին, զարգացնելով իր մասնագիտական ու գործնական ունակությունները:
3. Կոմիտեում մասնագիտացման ղեկավարներ կարող են նշանակվել՝ տվյալ ստորաբաժանումներում ոչ պակաս քան 5 տարվա քննիչի մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, առավել պատրաստված և փորձառու, ծառայության մեջ դրականորեն բնութագրվող ու կազմակերպական ունակություններ ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ և ՀԿԳ ավագ քննիչ):
Տվյալ ստորաբաժանումներում նշված մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող անձինք չլինելու դեպքում, ստորաբաժանման ղեկավարի կողմից մասնագիտացման ղեկավարներ կարող են նշանակվել առավել պատրաստված և փորձառու ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննիչ, ստորաբաժանման պետի տեղակալ, ստորաբաժանման պետ):
II. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ.
4. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում Ծառայողների նկատմամբ մասնագիտացման ղեկավարումն իրականացվում է 6 ամիս ժամկետով:
5. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների պետերն ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոններում նոր նշանակումների դեպքում, յուրաքանչյուր անգամ համապատասխան հրամանը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին գրությամբ (կցելով հրամանի պատճենը) իրազեկում են Կոմիտեի իրավաբանական վարչության պետին՝ նշելով մասնագիտացման ղեկավարի տվյալները:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա՝ Կոմիտեի իրավաբանական վարչությունը նախապատրաստում է մասնագիտացման ղեկավարի նշանակման մասին հրամանի նախագիծ, որը ներկայացվում է Կոմիտեի նախագահի տեղակալի ստորագրմանը:
7. Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից ստորագրված հրամանը ստանալուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան ստորաբաժանման պետը ծառայողի, մասնագիտացման ղեկավարի և ստորաբաժանման պետի համապատասխան տեղակալի մասնակցությամբ ծառայողի հետ իրականացնում է անհատական զրույց՝ ծանոթացնելով սույն կարգի դրույթներին:
8.Սահմանված ժամկետի ավարտին մասնագիտացման ղեկավարը համապատասխան ստորաբաժանման պետին է ներկայացնում ծառայողի վերաբերյալ եզրակացություն, որը ստորագրվում է մասնագիտացման ղեկավարի և ստորաբաժանման պետի համապատասխան տեղակալ կողմից ու հաստատվում ստորաբաժանման պետի կողմից:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված եզրակացությունը ստորաբաժանման պետը ներկայացնում է Կոմիտեի նախագահի տեղակալին:
10. Բացասական եզրակացությունը Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից ուղարկվում է Կոմիտեի ներքին անվտանգության վարչություն՝ ծառայողական քննություն անցկացնելու նպատակով նախնական ուսումնասիրություն կատարելու համար:
11. Մասնագիտացման ղեկավարի և Ծառայողի կողմից սույն կարգով նախատեսված պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
III. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ.
12. Համապատասխան ստորաբաժանումում նշանակված մասնագիտացման ղեկավարը՝
1) կրում է պատասխանատվություն Ծառայողի հետ տարվող աշխատանքների ընթացքի և արդյունքների համար.
2) Ծառայողին ծանոթացնում է Կոմիտեի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերին.
3) մեթոդական օգնությամբ և գործնական խորհրդատվությամբ նպաստում է Ծառայողի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների խորացմանն ու ամրապնդմանը.
4) միջոցներ է ձեռնարկում Ծառայողի կողմից Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները պահպանելու, քաղաքացիների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունք դրսևորելու որակների ձևավորման ու արմատավորման ուղղությամբ.
5) անձամբ ներկա է գտնվում առավել բարդ և պատասխանատու ծառայողական խնդիրների լուծմանն ու հանձնարարությունների կատարմանը.
6) ցուցաբերում է հետևողականություն, Ծառայողի տեսական գիտելիքների խորացման ու մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.
7) սահմանում է մշտական հսկողություն ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ ժամանակին վեր հանելով թերությունները և միջոցներ ձեռնարկելով դրանց վերացման ուղղությամբ:
IV. ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
13. Ծառայողը պարտավոր է.
1) հաստատակամորեն աշխատել ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ տեսական գիտելիքների, մասնագիտական ու գործնական հմտությունների ձեռք բերման ուղղությամբ.
2) մշտապես աշխատել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կազմակերպվածության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ.
3) սահմանված ժամկետներում որակով և պատշաճ կատարել մասնագիտացման ղեկավարի կողմից տրված առաջադրանքներն ու հանձնարարությունները:
V. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
14. Մասնագիտացման ղեկավարման կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, որն իրավասու է՝
1) անհատական զրույց անցկացնել ծառայողի հետ, հայտարարել մասնագիտացման ղեկավարման կազմակերպման և ղեկավար նշանակելու մասին հրամանը.
2) մասնագիտացման ղեկավարին և Ծառայողի անմիջական ղեկավարին (ստորաբաժանման պետի համապատասխան տեղակալին) պետին (համակարգման ոլորտ) հրահանգավորել ծառայողի հետ անհատական աշխատանքների մեթոդիկայի վերաբերյալ, նրանց հետ քննարկել և հաստատել ծառայողի մասնագիտացման միջոցառումների վերաբերյալ հարցեր, անձամբ հսկողություն իրականացնել նախատեսված աշխատանքների ընթացքի նկատմամբ կամ հսկողությունը հանձնարարել ոլորտը համակարգող իր տեղակալին, որը մասնագիտացման ղեկավարի հետ համատեղ պատասխանատվություն է կրում ծառայողի մասնագիտացման միջոցառումների իրականացման և դրանց արդյունավետության համար.
3) ստեղծել անհրաժեշտ պայմաններ մասնագիտացման ղեկավարի ծառայողական պարտականությունների արդյունավետ իրականացման համար.
4) մասնագիտացման ղեկավարի, ստորաբաժանման պետի համապատասխան տեղակալի մասնակցությամբ քննարկել մասնագիտացման ղեկավարումն անցած Ծառայողի մասնագիտական և գործնական պատրաստվածության վիճակը, հաստատել եզրակացությունը և այն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալին.
5) մինչև ժամկետի ավարտը՝ եռամսյակի ավարտին ուսումնասիրել, վերլուծել և ամփոփել իր ղեկավարած ստորաբաժանումում Ծառայողների նկատմամբ իրականացված մասնագիտացման ղեկավարման գործընթացը և միջոցներ ձեռնարկել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար:
15. Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարման կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է՝
1) Երևան քաղաքի քննչական վարչության և ստորաբաժանումների դեպքում՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետը.
2) մարզային քննչական վարչությունների դեպքում՝ Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը.
3)զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային ստորաբաժանումների դեպքում՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետը:
16. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտացման ղեկավարման կազմակերպման նկատմամբ ընդհանուր վերահսկողությունն իրականացվում է Կոմիտեի նախագահի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալների կողմից: