ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը՝ ՀՀ քննչական կոմիտեում և քննչական կոմիտեի դեպարտամենտում պրակտիկա անցնելու կարգը հաստատելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրաման՝
12.02.2018. ք. Երևան Թիվ N 9-Լ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12 արձանագրային որոշմամբ հաստատված «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների» ծրագրի 3.5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում «Իրավագիտություն» մասնագիտությամբ ուսանողների համար պրակտիկայի կազմակերպման արդյունավետության նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պրակտիկա անցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանին:
3. Հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
Ա. Գ. Հովսեփյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի
« 12. 02. 2018 թ. N 9- Լ հրամանի
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ
ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում «Իրավագիտություն» մասնագիտությամբ ուսանողների (այսուհետ՝ Պրակտիկանտ) համար անհատույց հիմունքներով պրակտիկա անցնելու կարգը:
2. Կոմիտեում և Կոմիտեի դեպարտամենտում պրակտիկայի կազմակերպումը նպաստում է Պրակտիկանտների նոր գործնական գիտելիքների ձեռքբերմանը, որի ընթացքում Պրակտիկանտն օժանդակում է քննիչին կազմակերպական-տեխնիկական խնդիրների իրականացման հարցում՝ գործնականում օգտագործելով իր տեսական գիտելիքները:
3. Պրակտիկանտը Կոմիտեում և Կոմիտեի դեպարտամենտում պրակտիկա անցնելիս ծանոթանում է քննչական աշխատանքի կազմակերպմանը, քրեաիրավական և քրեադատավարական օրենսդրության նորմերի կիրառմանը, զարգացնում գործնական հմտությունները:
4. Պրակտիկանտ կարող է լինել 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատության «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով սովորողը, ով տիրապետում է հայերենին:
5. Կոմիտեում պրակտիկայի տեսակներն են՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ պրակտիկան անցկացվում է Կոմիտեի դեպարտամենտի արխիվում, իսկ երկարաժամկետ պրակտիկան՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմնում կամ ստորաբաժանումում:
6. Կարճաժամկետ պրակտիկայի տևողությունն է մինչև երկու շաբաթ, իսկ երկարաժամկետ պրակտիկայինը՝ առնվազն չորս շաբաթ:
II. ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Համապատասխան ուսումնական հաստատություններից ներկայացվում է Կոմիտեում և Կոմիտեի դեպարտամենտում պրակտիկա անցնելուն հավակնող ուսանողների անունը, ազգանունը, թվաքանակը, ժամկետները, երկարաժամկետ պրակտիկայի դեպքում՝ նախընտրելի տարածքային մարմինը կամ ստորաբաժանումը, որտեղ պետք է անցնի պրակտիկան և պրակտիկա անցնելու ակադեմիական ժամերը (կրեդիտները):
8. Պրակտիկայի անցկացումը կազմակերպում է Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը:
9. Պրակտիկան դադարում է եթե.
1) լրացել է պրակտիկայի ժամկետը,
2) առկա է տվյալ ուսումնական հաստատության համապատասխան գրությունը պրակտիկան դադարեցնելու մասին,
3) առկա է Պրակտիկանտի դիմումը պրակտիկան դադարեցնելու մասին:
10. Պրակտիկան կասեցվում է տվյալ ուսումնական հաստատության համապատասխան գրության կամ Պրակտիկանտի դիմումի առկայության դեպքում:
11. Պրակտիկանտը չի կարող ոչ նպատակային օգտագործել Կոմիտեի նյութատեխնիկական, տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը, տարածել պրակտիկայի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկություն:
12. Եթե Պրակտիկանտն ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է պրակտիկայի ղեկավարի վարույթում գտնվող քրեական գործով, այդ մասին անհապաղ տեղեկացնում է պրակտիկայի ղեկավարին:
III. ՊՐԱԿՏԻԿԱՆՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
13. Կոմիտեի դեպարտամենտի արխիվում կարճաժամկետ պրակտիկայի ընթացքում Պրակտիկանտը.
1) իր հանձնարարությունների կատարման համար ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, ծանոթանում իրավական ակտերին,
2) խորհրդակցում է պրակտիկայի ղեկավարի հետ, ստանում պարզաբանումներ,
3) մասնակցում է սահմանված կարգով Կոմիտեի դեպարտամենտի արխիվ հանձնվող փաստաթղթերի ընդունմանը,
4) մասնակցում է ընդունված փաստաթղթերի ուսումնասիրության, դասակարգման, պահպանության, կարգավորման և հանձնման գործընթացներին,
5) մասնակցում է Կոմիտեի դեպարտամենտի արխիվ հանձնված գործերի և այլ փաստաթղթերի հաշվառման, պահպանության ապահովման, համալրման ու օգտագործման աշխատանքներին,
6) մասնակցում է Կոմիտեի դեպարտամենտի արխիվում պահվող փաստաթղթերի տեղեկատու-որոնողական համակարգով աշխատելու գործընթացին,
7) մասնակցում է վարույթը կարճված կամ դատարան ուղարկված քրեական գործերի թվայնացված նյութերի էլեկտրոնային կրկնօրինակների տրամադրման գործընթացին,
8) պրակտիկայի ղեկավարին ցուցաբերում է տեխնիկական և կազմակերպական աջակցություն,
9) վարում է օրագիր (իր ուսումնական հաստատության կողմից սահմանված լինելու դեպքում):
14. Երկարաժամկետ պրակտիկայի ընթացքում Պրակտիկանտը.
1) իր հանձնարարությունների կատարման համար ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, ծանոթանում իրավական ակտերին,
2) պրակտիկայի ղեկավարի հանձնարարությամբ ներկա է գտնվում քննչական և դատավարական գործողություններին,
3) խորհրդակցում է պրակտիկայի ղեկավարի հետ, ստանում պարզաբանումներ,
4) պրակտիկայի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է դատավարական փաստաթղթերի նախագծեր,
5) ուսումնասիրում է քրեաիրավական և քրեադատավարական իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները,
6) պրակտիկայի ղեկավարին ցուցաբերում է տեխնիկական և կազմակերպական աջակցություն,
7) վարում է օրագիր (իր ուսումնական հաստատության կողմից սահմանված լինելու դեպքում):
IV. ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
15. Պրակտիկայի անցկացումը համակարգում է պրակտիկայի անցկացման վայրի Կոմիտեի համապատասխան մարմնի կամ ստորաբաժանման պետը:
16. Պրակտիկանտի նկատմամբ տվյալ մարմնի կամ ստորաբաժանման պետի կողմից նշանակվում է պրակտիկայի ղեկավար: Երկարաժամկետ պրակտիկայի ղեկավար կարող է նշանակվել քննիչի պաշտոնում առնվազն երեք տարվա ծառայության ստաժ ունեցող ծառայողը:
Մեկ պրակտիկայի ղեկավարի մոտ կարող է պրակտիկա անցնել առավելագույնը երկու Պրակտիկանտ:
17. Պրակտիկայի ղեկավարը.
1) ապահովում է պրակտիկայի անցկացման համար անհրաժեշտ պայմանները,
2) պրակտիկայի անցկացման նկատմամբ իրականացնում է անմիջական հսկողություն,
3) օժանդակում է Պրակտիկանտի մասնագիտական գիտելիքների խորացմանը, գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը, ըստ անհրաժեշտության՝ ապահովում է քննչական և այլ դատավարական գործողություններին Պրակտիկանտի ներկայությունը,
4) հետևում է Պրակտիկանտի հանձնարարությունների պատշաճ կատարմանը,
5) միջոցներ է ձեռնարկում օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող նյութերին և փաստաթղթերին Պրակտիկանտի հասանելիությունը բացառելու ուղղությամբ,
6) Պրակտիկանտի կողմից թերացումներ նկատելու դեպքում բանավոր նախազգուշացնում է նրան, իսկ էական թերացումներ նկատելու դեպքում՝ այդ մասին զեկուցագրով տեղեկացնում է տվյալ մարմնի կամ ստորաբաժանման պետին:
18. Պրակտիկայի ղեկավարի կողմից գործուղման, արձակուրդի կամ այլ իրավական հիմքերով մեկ շաբաթից ավել տևող բացակայության դեպքում սույն կարգով պրակտիկայի ղեկավարումը հանձնարարվում է մեկ այլ ծառայողի:
19. Պրակտիկայի արդյունքներն ամփոփվում են պրակտիկայի ղեկավարի կողմից տրվող բնութագրում, որի ճշտության համար պատասխանատու է պրակտիկայի ղեկավարը:
Բնութագիրը ներկայացվում է պրակտիկան ավարտելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
20. Բնութագրում նշվում է այն ստորաբաժանման կամ մարմնի անվանումը, որտեղ անցկացվել է պրակտիկան, Պրակտիկանտի կողմից ձեռք բերած գիտելիքների, գործնական հմտությունների, կատարած աշխատանքների, պրակտիկայի ղեկավարի հանձնարարությունների կատարման որակի, ցուցաբերած նախաձեռնողականության, կարգապահության և պարտաճանաչության վերաբերյալ տեղեկատվություն:
21. Պրակտիկան գնահատվում է սույն կարգով սահմանված բնութագրի հիման վրա՝ անբավարար, բավարար, լավ, գերազանց:
22. Կոմիտեի համապատասխան հանձնաժողովը երկարաժամկետ պրակտիկայի գերազանց գնահատված Պրակտիկանտին կարող է տրամադրել հավաստագիր: Հանձնաժողովի կազմը հաստատում է Կոմիտեի նախագահը:
23. Հանձնաժողովի նիստին պրակտիկայի ղեկավարը ներկայացնում է Պրակտիկանտի բնութագիրը:
24. Հանձնաժողովը Պրակտիկանտին հավաստագիր տրամադրելու հարցը քննարկելիս հաշվի է առնում.
1) դատավարական փաստաթղթերի նախագծեր կազմելու ունակությունը,
2) իրավական հարցերի շուրջ կարծիքներ, դիրքորոշումներ հայտնելու ունակությունը,
3) պրակտիկայի ընթացքում ցուցաբերած նախաձեռնողականությունը, կարգապահությունը և պարտաճանաչությունը:
25. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հարցեր ուղղել Պրակտիկանտին: