ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարականը՝ առանձնապես ծանր, հասարակական հնչեղություն ունեցող և այլ հանցագործությունների դեպքերը զեկուցելու վերաբերյալ (ինկորպորացված տարբերակ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հանձնարարականը՝
01.06.2016. N30-Լ
Ինկորպորացիա առ 01.04.2020. N 49-Լ
(շարադրվել է նոր խմբագրությամբ 01.04.2020.N 49-Լ)
Առանձնապես ծանր և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահին և Կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին զեկուցելու միասնական ընթացակարգ սահմանելու, անհրաժեշտ կազմակերպական, վերահսկողական և այլ գործառույթներ իրականացնելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1. Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին՝
Կոմիտեի նախագահին, այնուհետև նրա՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին «վոթսապ» (WhatsApp) համացանցային կապի միջոցով անձամբ անհապաղ գրավոր զեկուցել (այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին).
1) առանձնապես ծանր հանցագործությունների, հասարակական հնչեղություն ունեցող և զանգվածային լրատվամիջոցների կողմից քննարկվող հանցագործությունների դեպքերի վերաբերյալ.
2) սպանության, սպանության փորձի, ավազակության դեպքերի վերաբերյալ.
3) այն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ, որոնք կատարվել են.
ա. հրազենի կամ պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի գործադրմամբ,
բ.Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների (Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներ, պատգամավորներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, դատարանների դատավորներ, նախարարներ և նրանց տեղակալներ, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ, նրանց տեղակալներ, մարզպետներ, նրանց տեղակալներ, Երևանի քաղաքապետ և նրա տեղակալներ, Հաշվեքննիչ պալատի նախագահ և անդամներ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալներ, խորհրդի անդամներ, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական, Հանրային ծառայությունները կարգավորող, Կոռուպցիայի կանխարգելման, Կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահներ, անդամներ, Վիճակագրական կոմիտեի ղեկավար և վիճակագրության պետական խորհրդի անդամներ) կամ նրանց մերձավոր ազգականների կողմից կամ նրանց նկատմամբ,
գ. պետական ծառայություն իրականացնող անձանց (դատախազներ, Կոմիտեի ծառայողներ, ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային մարմինների, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական և փրկարար ծառայությունների բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներ) կամ նրանց մերձավոր ազգականների կողմից կամ նրանց նկատմամբ,
դ. Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների կամ նրանց մերձավոր ազգականների կողմից կամ նրանց նկատմամբ,
ե. Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությամբ գտնվող անձանց կողմից կամ նրանց նկատմամբ,
զ. Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից կամ նրանց նկատմամբ,
է. զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից կամ նրանց նկատմամբ:
2. Սույն հանձնարարականի 1-ին կետով նախատեսված կարգով զեկուցումից հետո 24 ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդում ներկայացնել Կոմիտեի նախագահին և նրա՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին։
Գրավոր հաղորդման մեջ մանրամասն նկարագրել հանցագործության դեպքի հանգամանքները, քրեական գործ հարուցված լինելու դեպքում նշել քրեական գործ հարուցելու օրը, ամիսը, տարեթիվը, քրեական գործի համարը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածը, պատճառված վնասի չափը, տվյալներ տուժողների, հանցանք կատարած անձանց և կայացված որոշումների վերաբերյալ։
3. 12 ժամվա ընթացքում լրացուցիչ հաղորդում ներկայացնել Կոմիտեի նախագահին և նրա՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին, եթե հանցանք կատարած անձի ինքնությունը պարզվել է սույն հանձնարարականի 2-րդ կետով նախատեսված հաղորդումը ներկայացնելուց հետո՝ նշելով ձերբակալման կամ կիրառված խափանման միջոցի մասին:
4. Կոմիտեի նախագահի տեղակալներին՝
1) վերահսկել սույն հանձնարարականի պահանջների կատարումը.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագրով հայտնել այդ մասին Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:
5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
Ա. Գ. Հովսեփյան